HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին

Նոյեմբերի 11-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։

ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Օդրի Ազուլեին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ ՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը գոհունակություն են հայտնել տարիների ընթացքում Հայաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության կապակցությամբ։

Նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մշտապես գործադրել է առավելագույն ջանքերը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ին կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում ընդհանուր արժեքների վրա հիմվնած իր կարևոր առաքելությունն իրականացնելու գործում։ Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում 2021-2025 թվականների համար Հայաստանի անդամակցության թեկնածությունը բխում է նաև այդ ջանքերի արդյունավետության բարձրացման նկատառումներից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդրին։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ համամարդկային մշակութային ժառանգության մասը կազմող Արցախի հայկական պատմամշակութային կոթողների՝ Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման և ինքնության խեղաթյուրման պայմաններում միջազգային հանրության կողմից կանխարգելիչ քայլերի իրականացումը ուղղակի հրամայական է։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածության, մասնավորապես՝ «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում տարածաշրջան անկախ գնահատման առաքելություն ուղարկելու Գլխավոր տնօրենի առաջարկի իրականացման կարևորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter