HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պարտադրանք՝ առանց բավարար պայմաններ ստեղծելու.  անկանխիկ գործարքները պարտադրող նախագիծը ռիսկային է

Հնարավոր է՝ 2022 թվականից Հայաստանում առևտրի, ծառայությունների և բազմաթիվ այլ գործարքներ կատարվեն միայն անկանխիկ եղանակով, եթե դրանց արժեքը գերազանցում է 300 հազար դրամը: Որոշ ոլորտների պարագայում էլ բացառապես անկանխիկ են լինելու՝ անկախ գործարքի չափից։ Փորձագետները թեև ընդհանուր առմամբ կողմ են անկանխիկ շրջանառության ավելացման գաղափարին՝ նրանցից շատերը դեմ են, որ դա արվի պարտադրելով։ Կան ենթակառուցվածքային խնդիրներ, օրինակ՝ բանկերի սահմանած բարձր միջնորդավճարները քարտային գործարքների ժամանակ, որոնք լուծելուց հետո միայն կարող է արդյունավետ լինել անկանխիկին անցնելու պարտադրանքը։ 

Ազգային ժողովի հանձնաժողովներում ներկայում քննարկվում է «Անկանխիկ գործառնությունների մասին» Կենտրոնական բանկի ներկայացրած նախագիծը, որը Կառավարությունն արդեն իսկ հավանության է արժանացրել:

Նախագծի հիմքում ընկած տրամաբանությամբ, եթե օրինակ ձեր առևտուրը գերազանցում է 300 հազար դրամը, դուք չեք կարողանալու կանխիկ վճարել այդ գումարը, այլ միայն բանկային քարտով կամ օնլայն փոխանցմամբ:

Առաջարկվում են բացառություններ, որոնց դեպքում, անկախ գործարքի չափից, միայն անկանխիկ պետք է կատարվեն վճարումները։ Օրինակ՝ Հանրապետությունում բժշկական հաստատությունների ծառայություններից օգտվելու դիմաց վճարումները պետք է ընդունվեն միայն անկանխիկ։ Սկզբում դա կվերաբերի միայն Երևանին, հետո՝ մինչև 2024 թվականը, ամբողջ Հանրապետությանը։ 0 դրամի սահմանաչափ է որոշված նաև փաստաբանական, նոտարական ծառայությունների մատուցման վճարների ընդունման, ինչպես նաև բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման համար, որոնք պետք է կատարվեն բացառապես անկանխիկ։

Նախատեսվում է մինչև 2024 թվականն աստիճանաբար անցնել աշխատավարձերի միայն անկանխիկ վճարմանը:

Տնտեսվարողները, որոնք չեն պահպանի այս նախագծով սահմանված դրույթները, կտուգանվեն։

Աստիճանաբար անկանխիկ կստացվեն նաև կենսաթոշակներն ու նպաստները։

Ըստ նախագծի հեղինակների՝ նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը ու մեծացնել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթը, ուժեղացնել հարկային վարչարարությունն ու պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները:

«Գաղափարն այն է, որ տնտեսվարողն իրավունք չունի մերժելու հաճախորդի՝ անկանխիկ վճարում իրականացնելու պահանջը»,- նշում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

Մասնագետները գրեթե միաբերան կողմ են անկանխիկ վճարումների մշակույթի ամրապնդմանը, սակայն խնդրահարույց են համարում այն մեթոդները, որոնք առաջարկում է Կառավարությունը: 

Բազմաթիվ խութեր կարող են հանդիպել անկանխիկ դրամաշրջանառությունը պարտադիր դարձնելու ճանապարհին՝ սկսած բանկերի սահմանած բարձր միջնորդավճարներից, մարզերում ու շատ խանութներում վճարային տերմինալների բացակայությունից, թույլ ինտերնետ կապից մինչև քաղաքացիների՝ արգելափակված հաշիվների հետ խնդիրներ:

 

Անկանխիկ գործարքները առանց պարտադրանքի էլ աճում են. պարտադրանքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ, չկան բավարար ենթակառուցվածքներ

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Ռուբեն Օսիպյանը դրական է վերաբերում թվային տնտեսության՝ էլեկտրոնային վճարումների զարգացմանը, բայց մտավախություններ ունի, որ ունենալով լավ նպատակներ՝ հերթական անգամ պահանջող ու սահմանափակող դրույթների պատճառով այս նախաձեռնությունը տապալվելու է:

Վերջին տարիներին Հայաստանում զգալի աճ կա էլեկտրոնային, քարտային վճարումների ոլորտում։ Ըստ Կենտրոնական բանկի տվյալների՝ 2021 թվականի առաջին կիսամյակում մոտ 33 մլն գործարք է կատարվել Հայաստանում հայաստանյան քարտերով։ Համեմատության համար՝ 2018 թվականին ամբողջ տարվա ընթացքում է այդքան գործարք կատարվել։

«Այս տվյալները վկայում են, որ անկանխիկ գործարքները դառնում են առօրյա գործիք մեր կյանքում և եթե այդպես է, ապա տարակուսանք է առաջանում՝ ինչու՞ է Կառավարությունը լրացուցիչ գործիք ստեղծում, մարդկանց համար դա դարձնում պարտադիր։ Դա կարող է հակառակ ազդեցություն ունենալ։ Մարդիկ, լսելով պարտադիր բառը, կարող են հնարավորինս խուսափել անկանխիկ գործարքներից»,- նշում է Օսիպյանը։

Եթե բնակչությանը պարտադրվում է մի բան, ապա Կառավարությունը պետք է նախ և առաջ բավարար ենթակառուցվածքներ ստեղծի դրա համար, մանրամասն հաշվարկի դրա արդյունքում առաջացող ռիսկերը և նախապես դրանց համար լուծումներ ամրագրի։ Այս նախագծի պարագայում, սակայն, դա չի արվել կամ արվել է թերի։

«Նախագծով ասվում է, որ բացառապես անկանխիկ եղանակով վճարումներ են կատարվելու առողջապահության ոլորտում: Ենթադրենք ինչ-որ մեկի մոտ արգելափակված են հաշիվները, ի՞նչ է անելու այդ մարդը: Սա տեխնիկական հարց է: Արդյոք այդպիսի արտակարգ դեպքերը հաշվի առե՞լ են և արդյոք դրանց համար լուծումներ կա՞ն, թե՞ մենք հիմա այս օրենքը ընդունելու ենք, հետո նոր հապճեպ լուծումներ ենք փնտրելու, ինչպես  եղավ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի ժամանակ, երբ բազմաթիվ մարդիկ չկարողացան ծրագրից օգտվել»,- նկատում է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահը։

Նա այլ ռիսկեր ևս մատնանշում է, որոնք կարող են ի հայտ գալ, երբ անկանխիկով վճարելը դառնա պարտադիր։ Օրինակ՝ կան համայնքներ, հատկապես բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրեր, որտեղ ինտերնետ կապը թույլ է, քաղաքացիների մի մասը չունի բանկային քարտեր կամ չի կարողանում օգտվել այսօրվա տեխնոլոգիաներից։ Կա նաև տեղեկատվական անվտանգության հարց։

Չնայած նախագծով սահմանվում է, որ առևտրի և այլ ծառայությունների դեպքում, եթե դրանք բացառությունների մեջ չեն, անկանխիկի պարտադրանքը կտարածվի այն ժամանակ, եթե գործարքի արժեքը գերազանցի 300 հազար դրամը, և գուցե դա առօրյա մանր, կենցաղային գործարքների վրա չտարածվի, միևնույն է, ըստ Օսիպյանի, դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու բիզնեսի համար։ Դա կարող է վերաբերել կահույքի, տեխնիկայի խանութներին, մեծածախ առևտրով զբաղվողներին և այլն. «Մի կողմից նրանք դուրս կգան ստվերից, մյուս կողմից էլ մեծ մասը չի ցանկանում դուրս գալ շրջանառության հարկի դաշտից ու մտնել ընդհանուր հարկային դաշտ, որտեղ պետք է ավելի շատ հարկ վճարել։ Այստեղ ևս տնտեսվարողները կփորձեն տարբեր ելքեր գտնել»։ 

Ռուբեն Օսիպյանը նաև նախագծի դրական կողմերն է նշում՝ լավ առիթ է, որ զարգանան օնլայն վճարային համակարգերը, դրանց համար նոր և ավելի լայն շուկա ստեղծվի։

Այս նախագծով նախատեսվում է նաև աստիճանաբար՝ մինչև 2024 թվականը հասնել նրան, որ Հայաստանում բոլոր ոլորտներում աշխատավարձերը վճարվեն բացառապես անկանխիկ: Սկզբում դա պարտադիր կլինի Երևանում գործող կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի համար, հետո՝ մարզերի վարչական կենտրոններում և ավելի ուշ՝ ամբողջ Հանրապետությունում գործողների համար:

«Այստեղ էլ գլխավոր խնդիրն է ի հայտ գալու՝ կլինեն աշխատակիցներ, որոնց հաշիվները արգելանքի տակ կլինեն։ Առաջին հարվածը հենց նրանց է լինելու»,- նշում է Ռուբեն Օսիպյանը։ 

Բանկերը գանձում են միջնորդավճարներ, որոնք փոքր ու միջին բիզնեսի համար էական բեռ են. նույն միջնորդավճարները թողնելու պարագայում կշահեն բանկերը

«Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան ՀԿ փորձագետ Էդուարդ Բադալյանը ևս կողմ է անկանխիկ շրջանառության ավելացմանը, սակայն կարծում է, որ դրան պետք է գնալ ոչ թե պարտադրելով, այլ բնականոն՝ թողնելով, որ բնակչությունն ինքն աստիճանաբար, առանց պարտադրանքի, գործարքների մեծ մասը սկսի անկանխիկ եղանակով կատարել։

«Երբ անկանխիկ շրջանառության պայմանները հարմար լինեն, մարդիկ կսկսեն անցնել դրան։ Այդ մասին են վկայում նաև Կենտրոնական բանկի տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում բավականին լավ տեմպով աճում է անկանխիկի շրջանառությունը։ Հիմա շատ կազմակերպություններ, զարգացմանը զուգահեռ, անցնում են անկանխիկ փոխանցումների և դա անում են ոչ պարտադրանքով։ Այսինքն՝ երբ նրանց համար սկսում է դա հարմարավետ դառնալ, նրանք իրենց կամքով անցնում են անկանխիկին»,- ասում է Էդուարդ Բադալյանը։

Նրա խոսքով՝ բանկերը անկանխիկ գործառույթները իրականցնելու համար տնտեսվարողներից գանձում են 1.5-3 % միջնորդավճարներ, որը շատ բիզնեսների համար բավականին թանկ է։ Այդ միջնորդավճարները վճարում են ոչ թե քաղաքացիները, այլ տնտեսվարողները։ Դա, ըստ էության, ևս մեկ հարկ է դառնում բիզնեսի համար։ Ստացվում է, որ օրինակ առևտրով զբաղվող տնտեսվարողը կանխիկով վաճառելիս ավելի մեծ շահույթ է ստանում, քան անկանխիկ։ Բացի դա, գումարը ստանում է ավելի ուշ։ Այս դեպքում նույն տնտեսվարողը ոչ մի դրդապատճառ չունի անկանխիկ առևտուր անելու համար։

Եթե բանկերը միջնորդավճարները թողնում են նույնը, իսկ անկանխիկ վճարումների ծավալը պարտադրանքի հետևանքով աճում է, ապա տրամաբանական է, որ բանկերը էապես շահում են։ Այստեղ ևս մեկ ռիսկ կա՝ երբ տնտեսվարողների ֆինանսական բեռը մեծանում է, նրանք հաճախ այդ բեռը շղթայաբար փոխանցում են սպառողին՝ թանկացնելով ապրանքների ու ծառայությունների գները։ Այս առումով ևս նախագիծը վտանգներ է պարունակում։

Էդուարդ Բադալյանը արդարացված չի համարում աշխատավարձերը անկանխիկ վճարելուն անցնելու Կառավարության այն հիմնավորումը, թե դրա միջոցով պայքարում են ստվերի դեմ։ Ասում է՝ այսպես, թե այնպես օրենքի այդ դրույթը շրջանցելու եղանակներ գործարարները կգտնեն։

«Հիմա մենք օրենք ունենք, որ Երևանում գործող տնտեսվարողները, որոնք ունեն 10 և ավելի աշխատող, պետք է պարտադիր անկանխիկ վճարեն նրանց աշխատավարձերը։ Մենք պետք է վերլուծենք՝ այս օրենքը, որ գործում է մեկ տարուց ավելի, կատարե՞լ է իր առաքելությունը, դրանով պայքարե՞լ ենք ստվերի դեմ, թե՞ չէ։ Իմ կարծիքով՝ չէ, որովհետև ոչինչ չի խանգարում այսօր տնտեսվարողին աշխատողի աշխատավարձի մի մասը գրանցել և այն փոխանցել անկանխիկ, իսկ մյուս մասը թողնել ստվերում ու վճարել կանխիկով։ Դա լավ չի իհարկե, բայց չի կարելի տնտեսվարողներին թերագնահատել ու մտածել, որ նրանք այդպիսի ելքեր չեն գտնի»,- նշում է նա։

Կա ևս մեկ խնդիր, որը մատնանշում է մասնագետը՝ շատ դեպքերում POS տերմինալը և ՀԴՄ կտրոն տպող սարքը տարբեր են լինում, և անկանխիկ գործարքի պարագայում տնտեսվարողը ստիպված է լինում երկու կտրոն տպել, որը ենթադրում է լրացուցիչ ծախս։ Հետևաբար, ըստ Էդուարդ Բադալյանի՝ պետք է սահմանել, որ ՀԴՄ կիրառման պահանջը կիրառելի չի անկանխիկ վճարումով կատարվող գործարքների նկատմամբ:

Ինչ վերաբերում է կենսաթոշակների ստացմանը, ապա գաղտնքի չէ, որ հատկապես գյուղական բնակավայրերում ոչ միայն բացակայում են բանկոմատները, այլև տարեցների մեծ մասը չի կարողանում օգտվել դրանցից, հետևաբար՝ դա ևս լրացուցիչ անհարմարություն է լինելու այդ թոշակառուների համար։

Անկանխիկ գումար՝ գրավատնից. 20 հազար դրամից ավելի գործարքի դեպքում գրավատունը պետք է անկանխիկ վճարի հաճախորդին

Նախագծում տեղ գտած բացառությունների շարքում են նաև գրավատները: Նրանց պարագայում շեմը սահմանված է 20 հազար դրամը: Այսինքն՝ եթե գրավատանը գրավադրվում է որևէ իր և դրա դիմաց գրավատունը տալիս է ավելի քան 20 հազար դրամ, ապա այս օրենքն ընդունելուց հետո, գրավատունը պարտավոր կլինի գումարը հաճախորդին փոխանցել բացառապես անկանխիկ:

Նախագծի այս դրույթը ևս խնդրահարույց է համարվում: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը նկատում է, որ գրավատների հաճախորդների զգալի հատվածի հաշիվները կալանքի տակ են, ինչը նշանակում է, որ գրավադրված գույքի դիմաց ստացվող գումարը ևս «կսառեցվի»:

«Վարկը ստանալու դեպքում հաջորդ առավոտյան տեսնելու են, որ այդ գումարները իրենց հաշիվներից պակասել են: Դա ստեղծելու է սոցիալական, իրավական ու կրիմինալ բնույթի խնդիրներ»,- նշում է պատգամավորը:

1.5 ամիս՝ «հարմարվելու» համար

Գործարքները պարտադիր անկանխիկ դարձնելու նախագծի ու գաղափարի մասին Կառավարությունն ու Կենտրոնական բանկը բարձրաձայնում են մոտ երկու տարի։ Եվ միայն վերջերս է այն առավել առարկայական դարձել՝ իր բազմաթիվ թերություններով ու ռիսկերով հանդերձ։ ԱԺ հանձնաժողովներում քննարկվելուց ու առաջարկություններից հետո այն կարող է դեռևս փոփոխությունների ենթարկվել մինչև ԱԺ նիստերի օրակարգ անցնելը։

Բոլոր դեպքերում, ներկա նախագծով սպասվում է, որ փոփոխությունները կսկսեն գործել 2022 թվականի սկզբից, ինչը նշանակում է, որ այսօրվա դրությամբ երկու ամսից էլ քիչ ժամանակ է մնացել բավարար պայմաններ ստեղծելու և նախագիծն այնպես կյանքի կոչելու համար, որ բնակչությունը դրանից չտուժի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter