HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հայաստանյան 89 օնլայն ԶԼՄ-ի 24 տոկոսը նույնականացնող տվյալներ չի ներկայացնում

Հայաստանյան 89 օնլայն ԶԼՄ-ների 24 տոկոսը նույնականացնող տվյալներ չի ներկայացնում ընթերցողներին։ Հայտնի չէ, թե ովքեր են այդ ԶԼՄ-ների հիմնադիրները, որտեղ է գտնվում լրատվամիջոցի գրասենյակը, ինչ հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստով ընթերցողը կարող է կապ հաստատել խմբագրությունների հետ և այլն։

Այս տվյալներն այսօր ներկայացրեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը՝ հրապարակելով կազմակերպության զեկույցները։

2021 թ.-ին իրականացված հետազոտությամբ ուսումնասիրվել է 89 առցանց մեդիահարթակ և 41 հեռուստառադիոընկերության օնլայն հարթակ։

Հիմնադիրների մասին որեւէ տեղեկատվություն ոչ կայքերում, ոչ էլ սոցցանցային էջերում չի ներկայացնում դիտարկված ԶԼՄ-ների 58%-ը։ Լրատվամիջոցների 72%-ը չի հայտնում խմբագրի/որեւէ այլ պատասխանատու անձի անուն։ Խմբագրությունների հետ հեռախոսի միջոցով կապվելու հնարավորություն ունեն լրատվամիջոցների 83 %-ի լսարանները։

Ամենից փոքր խումբ են կազմում այն ԶԼՄ-ները, որոնք լսարաններին ներկայացնում են իրենց ներկորպորատիվ էթիկայի կանոնագրերը եւ տեղեկացնում են նման կանոններ ունենալու մասին։ Սա ընդամենը 5 լրատվամիջոցից բաղկացած խումբ է (Aravot.am, Hetq.am, Iravaban.net, Lragir.am, B24.am - 6%)։

Հատկանշական է, որ գործունեության տարիների, այսինքն՝ փորձառության մասին տվյալներ չներկայացնող ԶԼՄ-ների շարքում (34%) կան եւ երկարատեւ գործունեություն ծավալող ԶԼՄ-ներ, եւ այն լրատվամիջոցները, որոնք հիմնվել են մի քանի ամիս, կամ՝ մեկ-երկու տարի առաջ։

Այսպես, Freenews.am, Civic.am, Azatnewstv.am, Araratnews.am, Armpublic.com, Iravunk.com, Razm.info լրատվամիջոցներն իրենց պաշտոնական կայքերում բացարձակ ոչ մի թողարկային տվյալ չեն ներկայացնում, բայց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջերում հանրայնացնում են էլեկտրոնային հասցեները, հեռախոսի համարները, հիմնադիր մարմնի անունը։

Ilur.am-ն ու Zham.am-ն իրենց պաշտոնական կայքերում հրապարակում են խմբագրության միայն էլ. հասցեն, իսկ ֆեյսբուքյան էջերում՝ հեռախոսի համարները։ Evnreport.com-ի ֆիզիկական հասցեն ներկայացված է ոչ թե կայքում, այլ ֆեյսբուքյան էջում։ Para.tv եւ Bac.tv հարթակները գործում են միայն սոցցանցերում։

Հետազոտության շրջանակում պատրաստվել են առցանց ԶԼՄ-ների և հեռուստառադիոընկերությունների կայքերի թափանցիկության շտեմարաններ։ Դրանց միջոցով հնարավոր է տեսնել, թե որ կայքերն են թափանցիկ, մասամբ թափանցիկ և ոչ թափանցիկ։ Հետազոտություններին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել այս հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter