HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անթասիբ ու անհավես. Հայաստանի հավաքականը խաղում է զուտ խաղալու համար

Չնայած մարտ ամսից անցել է ընդամենը 8 ամիս, Հայաստանի այսօրվա հավաքականը, որը գարնանը հիացնում էր իր խաղային ու կամային որակներով, բացարձակ համեմատելի չէ այն ժամանակվա թիմի հետ: Նույն մարզչական շտաբն է, նույն ֆուտբոլիստները, բայց ինչ-որ բան փոխվել է հավաքականի ներսում:

Մարտին, երբ մերոնք Երեւանում հաղթում էին իսլանդացիներին ու ռումիններին, ոչ մեկ չէր ենթադրի, որ ամիսներ անց սեփական դաշտում 0-5 հաշվով պարտվելու են մակեդոնացիներին: Մակեդոնացիներին, որոնց երեւանյան վերջին երկու խաղերում հաղթել էին 4-1 ու 4-0 հաշիվներով: Վերջին անգամ բալկանցիները Հայաստանի ընտրանուն Երեւանում հաղթել էին հեռավոր 2005-ին 2-1 հաշվով: Ընդհանրապես, ինչպես մերոնք էին Սկոպիեում միշտ խնդիրների բախվում, այնպես էլ մակեդոնացիները՝ Երեւանում: Ու թվում էր, թե ԱԱ-2022-ի այս շրջափուլում մրցակցի դաշտում 0-0 խաղալուց հետո (մերոնք այդ խաղում ավելի մոտ էին հաղթանակին) Կապառոսի թիմը տանը պիտի մեծ խնդիրներ չունենար հաղթանակի ճանապարհին:

Բայց առաջին խնդիրը, թերեւս, հենց Կապառոսի ընտրած կազմն էր: Պաշտպանության կենտրոնը Հարոյանի ու Ոսկանյանի բացակայության պայմաններում վստահվել էր Համբարձումյան-Չալըշըր զույգին, իսկ եզրերը՝ Տերտերյանին ու Հովհաննիսյանին. սա եղած տարբերակների մեջ թվում էր ամենաօպտիմալը: Բայց պաշտպանությունը տապալվեց ամբողջությամբ, միանշանակ զգացվեց Հարոյանի ու Ոսկանյանի բացակայությունը: Նույն վերաբերում է հենակետային գոտուն, որտեղ խաղում էին Ուդոն եւ Վարդանյանը: Վերջինիս ընտրությունը մարզիչների, թերեւս, ամենամեծ սխալներից էր այս խաղում: Դժվար է հիշել, թե երբ է նոմինալ եզրային կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը խաղացել քանդող հենակետայինի գոտում: Մեր ընտրանու հենակետային գոտին իսկական միջանցք էր դարձել մակեդոնացիների համար, որոնք անարգել անցնում էին կենտրոնով ու սուր գրոհներ կամ հակագրոհներ կազմակերպում: Այդ գոտում շատերը սպասում էին հավաքականի առանցքային խաղացողներից մեկին՝ Արտակ Գրիգորյանին, բայց նա միայն երկրորդ խաղակեսում փոխարինեց Վարդանյանին: Այստեղ էլ զգացվեց Սպերցյանի բացակայությունը: Ոչ մի բանով չզարմացրեց ու չուրախացրեց գրոհային քառյակը, որում Մխիթարյանն ու Բարսեղյանը եզրերից էին, Սելարայանը՝ կենտրոնում, իսկ Բալեկյանը՝ հարձակման թեւում:

Խաղի սկզբից արդեն ակնհայտ էր, որ մրցակիցը բարձր պրեսինգով փորձելու է ճնշել ու խանգարել մերոնց՝ կազմակերպված խիտ, երեքշերտանի թիմային պաշտպանությամբ արգելափակելով մերոնց գրոհները եւ փոխարենը սեփական գրոհների ժամանակ արագությամբ գերազանցելով մեր ընտրանուն: Այս պատճառով Կապառոսի սաները հիմնականում խաղարկում էին գնդակը՝ փորձելով ճեղքեր գտնել բալկանցիների պաշտպանությունում, որոնք գրեթե չկային: Հյուրերի կազմում շատ լավ էր աշխատում կիսապաշտպանության կենտրոնում գործող Բարդի-Էլմաս զույգը, որն այս թիմի գլխավոր զենքը կարելի է համարել Պանդեւի հեռանալուց հետո: Եվ դուետը երեկ շատ լավ խաղաց՝ անլուծելի խնդիրներ առաջադրելով մեր ֆուտբոլիստներին:

Եթե մրցակցի ամբողջ թիմը կոլեկտիվ պաշտպանվում ու գրոհում էր, մեր թիմում պարբերաբար բացեր էին առաջանում: Պատճառները մի քանիսն էին. նախ պաշտպանությունից հարձակում անցնելիս փոխանցումները պարբերաբար սխալ էին, անհաշվենկատ, եւ մրցակիցը տիրում էր գնդակին ու արագ հակագրոհի անցնում: Երկրորդ՝ աչք էր շոյում մակեդոնացիների մեկ հպումով արագ փոխանցումներով եւ խաբքերով խաղը: Երրորդ՝ 0-2 հաշվի պայմաններում մեր թիմը վա բանկ գնաց, բայց շահելու փոխարեն կորցրեց:

Նոր գլխավոր մարզչի՝ Բլագոյա Միլեւսկու օրոք այս թիմն ակնհայտ առաջընթաց է գրանցել, ինչը նկատելի է նույնիսկ սեպտեմբերին մերոնց հետ կայացած խաղի համեմատ: Արագությունն ու փոխանցումների ճշգրտությունը մրցակցի գլխավոր զենքերն էին երեկ:

Այլ իրավիճակ է մեր թիմում. առանցքային մի շարք խաղացողներ իրենց ակումբներում խաղաժամանակի խնդիր ունեն եւ խաղային տոնուսի մեջ չեն կամ էլ ուղղակի վատ մարզավիճակում են: Եվ պարզ է, որ դա պիտի ազդի հավաքականում նրանց ելույթների վրա: Այստեղ խոսքն առաջին հերթին Ղազախստանում հանդես եկող Տիգրան Բարսեղյանի ու Կամո Հովհաննիսյանի մասին է, որոնք ընտրական փուլի աշնանային հատվածում չեն արդարացնում սպասելիքները: Հատկապես մեծ են սպասելիքները Տիգրանից, բայց նրա մոտ խաղային անկումն ակնհայտ է: Այդուհանդերձ, Կապառոսը շարունակում է նրան դաշտ դուրս բերել:

Երեկվա խաղում առաջինը տապալվեց պաշտպանության ձախ թեւը, ինչը եւ բերեց գոլի: Հովհաննիսյանն ու Վարդանյանը չկարողացան փակել Աշկովսկու ճանապարհը, որը մտավ տուգանային հրապարակ ու հաջող փոխանցում կատարեց Տրայկովսկուն, եւ վերջինս 22-րդ րոպեին բացեց հաշիվը: Այստեղ ձախողվեցին նաեւ Համբարձումյանն ու Չալըշըրը: Մտահոգիչ էր հատկապես Վարդանյանի խաղը, որը ոչ վտանգավոր իրադրությունում գնդակի վրա գնալու եւ այն գլխով կամ մարմնով հեռացնելու կամ խլելու փոխարեն կարծես մի պահ երկմտեց, ինչից օգտվեց մրցակցի խաղացողը՝ փախցնելով այն: Այն, որ կարեւոր դրվագներում Էրիկը պարբերաբար երկմտում է, տեսանք նաեւ Սկոպիեում կայացած խաղում: Երկրորդ գոլի դրվագում էլ Էլմասի գրագետ փոխանցումից հետո մեր հենակետային գոտուց դիպուկ հարված կատարեց Բարդին՝ կրկնապատկելով հաշիվը: Ուդո-Վարդանյան զույգի ուսերին էր մեղքն այդ դրվագում:

Չնայած երկրորդ կեսում Հովհաննիսյանին ու Վարդանյանին փոխարինեցին Ժիրայր Մարգարյանն ու Արտակ Գրիգորյանը, եւ խաղակեսի սկզբում մերոնք որոշակի ակտիվություն դրսեւորեցին, դա չար կատակ խաղաց, քանի որ մերկացնելով թիկունքն ու նետվելով առաջ՝ Հայաստանի ընտրանին մեկը մյուսի հետեւից վտանգավոր հակագրոհներ սկսեց բաց թողնել: Այդպես ծնվեցին մակեդոնացիների մյուս երեք գոլերը, երբ նախ Համբարձումյանի խախտումից հետո 11-մ վաստակեց ու իրացրեց Բարդին (67-րդ րոպե), ապա Յուրչենկոյի դեմ մեն-մենակ դուրս եկավ Ռիստովսկին ու բաց չթողեց իր հնարավորությունը (79-րդ րոպե), իսկ խաղավարտին Տերտերյանի խախտումից հետո եւս մի 11-մ հարված իրացրեց Բարդին (90-րդ րոպե):

Հայաստանն ու Հս. Մակեդոնիան հանդիպել են 12 անգամ, 4 անգամ հաղթել է մեր ընտրանին, 3 անգամ գրանցվել է ոչ-ոքի, իսկ 5 անգամ հաջողության են հասել մակեդոնացիները: Նրանք խփել են 20 գոլ, որոնցից 7-ը՝ 11-մետրանոցից, իսկ մերոնք՝ 17 գոլ, որոնցից միայն մեկը 11-մետրանոցից: Պատահականություն չէ, որ բալկանցիներն այդքան շատ են 11-մ հարված կատարելու իրավունք ստացել: Դա խոսում է նրանց հետ հանդիպումներում մեր պաշտպանության անկարգապահ, բարձիթողի խաղի մասին, ինչը երեկ տեսանք հերթական անգամ:

Տպավորություն է, որ սեպտեմբերին Լիխտենշտայնի հետ Երեւանում 1-1 խաղալուց հետո, երբ երկրորդ տեղում մնալու մերոնց գործնական հնարավորությունները կտրուկ նվազեցին, թիմում հոգեբանական անկում եղավ: Երեկվա հանդիպմանն ակնհայտ էր, որ մակեդոնացիներն ավելի մոտիվացված էին ու հստակ գիտակցում էին, թե ինչի համար էին պայքարում: Եվ նրանց կամային ու խաղային առավելությունը Հայաստանի հանդեպ բերեց նրան, որ այս պահին Հս. Մակեդոնիան ԱԱ-2022-ի փլեյ-օֆ փուլ դուրս գալու հիանալի շանս է ստացել, որովհետեւ Ռումինիան տանը չկարողացավ հաղթել Իսլանդիային՝ 0-0 խաղալով: Եթե վերջին տուրում մակեդոնացիները կարողանան սեփական դաշտում առավելության հասնել իսլանդացիների նկատմամբ, ռումինները քանի գնդակ էլ խփեն Լիխտենշտայնին, կմնան երրորդ տեղում: Ամեն ինչ այս պահին մակեդոնացիների ձեռքում է, ինչպես որ նախավերջին տուրից առաջ ռումինների ձեռքում էր: Նույնն, իհարկե, չենք կարող ասել Հայաստանի մասին, որովհետեւ եթե նույնիսկ երեկ հաղթեինք ու այս պահին խմբում նորից երկրորդը լինեինք, այդ հորիզոնականը պահելու համար վերջին տուրում պիտի հաղթեինք նաեւ Գերմանիային, ինչը, ազնիվ լինենք, երազանքի շարքից է:

Երեւի հենց այն միտքը, որ առավելագույնը կարող էինք երրորդ տեղը զբաղեցնել եւ մակեդոնացիների հետ հանդիպումը գործնականում մեզ համար մարզական նշանակություն չուներ, Հայաստանի ընտրանուն կանգնեցրեց փաստի առաջ. վատ խաղով պարտվեցինք մի թիմի, որն, իհարկե, երեկ շատ ավելի լավն էր, բայց դա 0-5-ի խաղ չէր, մյուս կողմից՝ մակեդոնացիները Երեւանում երկար տարիներ անց կարողացան հաղթել մեր ընտրանուն, այն էլ՝ նման խայտառակ հաշվով, ինչպիսին երբեք չէր գրանցվել երկու թիմերի պայքարում: Հիշեցնենք, որ այդպիսի չոր հաշվով (0-5) Երեւանում կայացած պաշտոնական խաղերում մերոնք մեկ էլ Ռումինիային էին պարտվել 2016-ի հոկտեմբերին:

Հաշվի առնելով մեր հավաքականի հոգեբանական վիճակը, որը կարծես խաղում է այս ընտրական շրջափուլը րոպե առաջ ավարտելու տրամադրությամբ, եւ, բնականաբար, առաջիկա մրցակցի՝ Գերմանիայի կարգը, որը երեկ 9-0 հաղթեց Լիխտենշտայնին՝ ոչ մի լավ բան չենք կարող ակնկալել նոյեմբերի 14-ին Երեւանում կայանալիք հանդիպումից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter