HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջան-Իրան հարաբերություններում խնդիրների ողջ բույլը մնացել է՝ սկսած քաղաքական հարցերից, վերջացրած մշակութային խնդիրներով»

3 հարց իրանագետ Վարդան Ոսկանյանին

-Պարոն Ոսկանյան, 44-օրյա պատերազմից մեկ տարի անց Իրանի արտգործնախարարության խոսնակը շնորհավորել է Ադրբեջանին պատերազմում տարած հաղթանակի առթիվ։ Նշել է, որ անցած 30 տարիներին Թեհրանը մշտապես պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, որ երկու երկրների ղեկավարների կամքն է խորացնել հարաբերությունները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ Թեհրան-Բաքու բազմաշերտ խնդիրներն ու լարվածությունն այլեւս անցյալու՞մ են, թե՞ սա միայն առերեւույթ դրվատանքի խոսքեր են։

-Իրականում Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակը ոչ թե շնորհավորել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմում գրանցած արդյունքների կապակցությամբ այս տարի, այլ հիշեցրել է, որ ժամանակին Իրանը շնորհավորել է Ադրբեջանին այս կապակցությամբ։ Իհարկե, սա հայկական կողմի համար անընդունելի հանգամանք է, եւ ըստ էության, նման շնորհավորանքներն ինչ-որ տեղ խրախուսում են Բաքվի բռնապետի ագրեսիվ քաղաքականությունը, բայց կարծում եմ՝ խնդիրը նաեւ Հայաստանի արտգործնախարարության աշխատանքի մեջ է, որովհետեւ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնել Իրանի հետ՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստան-Իրան հարաբերությունները ջերմ են եւ բարեկամական՝ անկախ տվյալ պահին երկու երկրներում գործող կառավարություններից կամ իշխանություններից։

Հետեւաբար, որքանով որ Իրանի արտգործնախարարութան խոսնակի հայտարարություններն անընկալելի լինեն մեզ համար՝ հայ ժողվորդի զգացմունքները հաշվի առնելով, գրեթե նույնքան պետք է անդրադառնալ այն հանգամանքին, որ մեր արտգործնախարարությունը ցավալիորեն չի աշխատում իր գործընկերների հետ, որպեսզի ունենանք ընդունելի եւ ընկալելի հայտարարություններ Հայաստանի համար տարբեր պետությունների կողմից։

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ապա դրանց խորապատկերը որեւէ պարագայում չի փոխվել։ Իրականության մեջ, այո, այժմ մի փուլ է, երբ երկու պետությունների արտգործնախարարները, նաեւ նրանց տեղակալները միմյանց հետ կապի մեջ են։ Եվ այս առումով պետք է նշել, որ ադրբեջանցիներն աշխատում են Իրանի հետ, որպեսզի կարողանան մեղմել իրանական դիրքորոշումները։ Բայց այն բոլոր խնդիրները, որոնք առկա են այս երկու երկրների հարաբերություններում, չեն լուծվել, չի լուծվել առանց բացառության որեւէ խնդիր։

Իրականում այժմ մենք գործ ունենք դիվանագիտական մեղմասածությունների փուլի հետ, ինչը նշանակում է, որ ցանկացած պահի կարող է կրկին լարվել իրավիճակը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվի բռնապետի դիրքորոշումներն Իրանի նկատմամբ որեւէ փոփոխություն չեն կրել։ Իսկ այդ դիրքորոշումներն, ըստ էության, միտված են ոչ միայն Իրանի ներսում լոբբիստական խմբեր ստեղծելուն, որոնք կսպասարկեն ադրբեջանական շահերը, այլ նաեւ Իրանի տարածքային ամբողջականությունը խաթարելուն, մասնավորապես՝ պանթյուրքական լուսանցքային խմբավորումներին Իրանի ներսում աջակցելուն, թեեւ այդ աջակցությունը բաց է։ Այդ կերպով պաշտոնական Բաքուն վախենում է անել, բայց նման օժանդակություն, իհարկե, կա։

Մյուս կողմից՝ Ադրբեջանի ներսում շարունակում են բռնաճնշումները շիա հավատացյալների նկատմամբ, իսկ շիա հավատցյալների խմբերը Բաքվի բռնապետի նաեւ քաղաքական իմաստով ընդդիմությունն են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում, ըստ էության, աշխարհիկ ընդդիմությունը ճնշված է, եւ այս պետության ներսում պարբերաբար տեղի են ունենում շիայական գործիչների ձերբակալություններ․ այն գործիչների, որոնք, ըստ էության, ունեն իրանամետ հայացքներ։ Ուստի, Ադրբեջան-Իրան հարաբերություններում խնդիրների ողջ բույլը մնացել է՝ սկսած աշխարհաքական հարցերից, վերջացրած մշակութային խնդիրներով։

-Թեհրանը հայտարարել էր, որ Իրանի համար կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եւ որ Իրանը չի ընդունի սահմանների որեւէ փոփոխություն եւ այլ ուժերի տեղակայում իր սահմաններին։ Այս մտահոգությունն ուժի մե՞ջ է, ինչպիսի՞ն է Իրանի ոչ հրապարակային դիրքորոշումը տարածաշրջանում ընթացող պրոցեսների վերաբերյալ։

-Իրանի ոչ պաշտոնական կամ այսպես ասած՝ չհայտարարվող դիրքորոշումները չափազանց հետաքրքիր են։ Դրանք միտված են այժմ ստեղծված մթնոլորտում հայ-իրանական բարեկամական հարաբերություններին տալ ինստիտուցիոնալ բնույթ, եւ այս ուղղությամբ Հայաստանը եւս պետք է աշխատանքներ իրականացնի՝ Իրանի ներսում ձգտելով ուժեղացնել այն սոցիալական, հասարակական եւ քաղաքական թեւերի դիրքերը, որոնք աշխատում են Հայաստան-Իրան բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ, իսկ դա բխում է, բնականաբար, Իրանի պետական շահից։ Ուստի, այս ուղղությամբ տարվող աշխատանքները կարող են շատ արդյունավետ լինել, եթե տարվեն նման աշխատանքներ։

-Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաեւ Իրան-Թուրքիա հարաբերություններին՝ նշելով, որ Անկարայի հետ շարունակում են խորացնել հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում։ Ի՞նչ է թաքնված այս խոսքերի տակ, եթե հաշվի առնենք, որ այս երկու երկրների հարաբերություններն իրականում տարածաշրջանում սառը մրցակցություն են հիշեցնում։

-Իրան-Թուրքիա հարաբերությունները տիպաբանության առումով բավականին նման են Իրան-Ադրբեջան հարաբերություններին։ Այսինքն՝ ըստ էության, առկա են խոշոր խնդիրներ հատկապես մերձավորարեւելյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների համատեքստում, որտեղ Թուրքիան հանդես է գալիս ոչ միայն որպես մրցակից պետություն, այլեւ ներկայիս էրդողանական վարչախմբի վարած քաղաքականությունը միտված է իրանական ազդեցությունը Մերձավոր Արեւելքում սահմանափակելուն եւ թուրքական ազդեցությունը մեծացնելուն։

Հետեւաբար, իրանա-թուրքական հարաբերությունների ամբողջ համատեքստն էլ ինչ-որ առումով այժմ չբարձրաձայնվող բազմաթիվ խնդիրների մի համաբույլ է, բայց կա մի կարեւոր հանգամանք․ Թուրքիայի հետ հարաբերությունների վրա չափազանց մեծ ազդեցություն է ունենում ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմը, որովհետեւ էրդողանական վարչախումբն այս տարիների ընթացքում հաջողել է Իրանի համար ստանալ կարեւորագույն դերակատարություն՝ շրջանցելու ԱՄՆ-ի կողմից կիրարկված պատժամիջոցները, եւ այս իմաստով Թուրքիան հատկապես տնտեսության ոլորտում խիստ անհրաժեշտ խողովակ է դարձել Իրանի համար, բնականաբար, առաջին հերթին հետապնդելով սեփական շահը։ Իսկ այդ շահը, եթե գումարային տեսքով ներկայացնելու լինենք, հսկայական է, որովհետեւ թուրքական կողմը պատժամիջոցները շրջանցելու ընթացքում իրանական կողմից ստանում է հսկայական շահույթ, հետեւաբար, Իրան-ԱՄՆ հարաբերությունների նորմալացման գործընթացի պայմաններում Թուրքիան որոշակիորեն կկորցնի իր դերակատարությունը, այսպիսով՝ թույլ տալով իրանական կողմին ավելի հստակ արտահայտել իր դիրքորոշումները։

Բայց ինչպես Ադրբեջանի պարագայում, թեեւ դրա մասին հաճախ չի խոսվում, իրանա-թուրքական հարաբերություններում խոչընդոտ հանդիսացող որեւէ խնդիր չի լուծվել, խոսքը վերաբերում է թե՛ Սիրիայում ընթացող գործընթացներին եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում, թե՛ Հարավային Կովկասում, որտեղ, ըստ էության, էրդողանական ծավալապաշտպանության հետեւանքով Թուրքիան դարձել է բավական լուրջ խաղացող՝ Իրանի համար ստեղծելով նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ։

Լուսանկարը՝ Վ. Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter