
Դավիթ Խուդաթյան. «Մեղավոր չեմ, որ ընտրություններին Արմավիրում այլ թեկնածուներ չեն առաջադրվել»
Դեկտեմբերի 5-ին Արմավիր համայնքում համամասնական ընտրակարգով ավագանի են ընտրելու: Համայնքը բաղկացած է 11 բնակավայրից: Խոշորացված համայնքի ղեկավարելու հայտ է ներկայացրել միայն մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Դավիթ Խուդաթյանը: Այս թեմայով «Հետք»-ը զրուցել է Դ. Խուդաթյանի հետ:
- Պարո'ն Խուդաթյան, ընտրություններին առաջադրվել է ընդամենը մեկ քաղաքական ուժ, որի ցուցակը Դուք եք գլխավորում: Ինչո՞ւ այս անգամ Արմավիրում ընտրությունները մրցակցային չեն:
- Այդ հարցի հասցեատերն, անկեղծ ասած, ես չեմ: Հարցը պետք է ուղղվի ընդդիմադիր շրջանակներին: Այո, ստեղծված իրավիճակը ոչ մրցակցային է, բայց նաև խիստ պարտավորեցնող: Մեր պլանները, մրցակցային քարոզարշավի ձևից չի տարբերվելու, ձեռքներս ծալած չենք նստելու: Երկուշաբթի օրվանից քաղաքի բակերով, խոշորացվող համայնքներով շրջելու ենք, ներկայացնելու ենք մեր ծրագիրը: Նախատեսում ենք ինչպես բակային, այնպես էլ դահլիճային հանդիպումներ: Անելու ենք այնպիսի քարոզարշավ, ոնց որ կանեինք խիստ մրցակցային ընտրությունների դեպքում:
- Ոչ մրցակցային ընտրության պատճառը գուցե ընտրական գործընթացների նկատմամբ անտարբերությո՞ւնն է կամ քաղաքական պայմանավորվածություննե՞րը:
- Քաղաքականությամբ զբաղվելու ամենասկզբից սկսած ոչ մեկի հետ քաղաքական պայմանավորվածություններ չեմ ունեցել և քաղաքական առուծախով չեմ զբաղվել: Թե 2018թ.-ին, թե դրանից առաջ, երբ պատգամավորության թեկնածու էի, թե շտաբի կոորդինացման ժամանակ և նույնը հիմա: Թե ինչն է պատճառը, որ միայնակ եմ մնացել, ունեմ իմ ենթադրությունները, բայց չեմ բարձրաձայնի:
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում ընդգրկված են նաև համայնքի՝ նախկին իշխանությունների ժամանակներից պաշտոնավարող ղեկավարներ: Ինչպե՞ս ստացվեց, որ այս անգամ ներկա-նախկին պաշտոնյաներ անջրպետը չգծվեց:
- Իմ աշխատելու ամբողջ ժամանակահատվածում նախկին ու ներկա պաշտոնյաների անջրպետ չի էլ եղել: Մենք ավելի շատ առաջնորդվել ենք մարդկային որակներով և արված աշխատանքով, ոչ թե աշխատանքի ժամանակագրությամբ, թե ով երբ է աշխատել: Այս ձեռագիրը հստակ երևում է նաև քաղաքապետարանի աշխատակազմում: Կտրուկ փոփոխությունների, ցնցումների չենք գնացել: Աշխատողներ ունենք, որ աշխատում են 2000-ականների սկզբից, և այդ մարդկանց նաև խոշորացված համայնքի աշխատակազմում եմ տեսնում: Սիրով պատրաստ եմ շարունակել նրանց հետ աշխատանքը:
Խոսքը վերաբերվում է նաև մի քանի համայնքի ղեկավարի և ավագանու գործող կազմից մի քանի անդամի, որոնք ընդգրկված են անցողիկ տեղերում: Արմավիրցիների ընտրությամբ նրանք հնարավորություն ունեն ավագանու մանդատ վերցնել:
Մեր ցուցակը ներկայացուցչական է, և թեկնածուներ ունենք խոշորացվող բոլոր համայնքներից: Չունենք որևէ համայնք, որտեղից թեկնածու չունենանք: Գուցե որոշ դեպքերում մարդիկ վերցնեն ավագանու մանդատը, որոշների դեպքում՝ տեղափոխվեն այլ աշխատանքի, բայց սա բոլոր դեպքերում խնդիր չի առաջացնի:
Նույն խնդիրը կարելի է դիտարկել նաև քաղաքային կառավարման ժամանակ: Եթե քաղաքապետը քաղաքի այս հատվածից է, ուրեմն չպիտի՞ ուշադրություն դարձնի քաղաքի մյուս հատվածներին:
- Մեկ քաղաքական ուժի կողմից, առանց ընդդիմախոսների, խոշորացված համայնք ղեկավարելը, որքանո՞վ արդյունավետ կլինի:
- Արդյունավետությունը ես չեմ կապում քաղաքական ուժերի ներկայացվածությամբ: Նախ, ես ինքս կուզեի, որ ընտրությունները շատ ավելի մրցակցային լինեին, որովհետև ընդհանրապես դեմ չեմ մրցակցության մեջ մտնել տարբեր քաղաքական ուժերի հետ: 2018թ-ի հեղափոխությունից հետո ընտրություններով, երբ եկա քաղաքապետ, գործող ավագանու հետ ընտրություններ չէի անցել, և կարող էր ենթադրվել, որ այդ ավագանին ինձ ընդդիմադիր պետք է լինի: Երեք տարվա մեր համատեղ աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքի զարգացման համանման տեսլական ունենք: Ավագանու մեր գործընկերները տրամադրված էին աշխատելու և ընդհանրապես չեն խոչընդոտել մեր աշխատանքը:
Ավագանու վերջին նիստի ժամանակ շնորհակալություն եմ հայտնել մեր գործընկերներին՝ ըմբռնման, իրավիճակի ճիշտ գնահատման և համատեղ, արդյունավետ աշխատանքի համար:
Կարծում եմ՝ 100%-անոց ՔՊ-ական ավագանու հետ (չնայած ոչ բոլորն են կուսակցական) նույնքան արդյունավետ կլինի: Շատ ավելի արդյունավետ կլինի, որովհետև նոր դեմքեր ենք ընդգրկել, հայտնի մարդկանց ենք ընդգրկել, որոնք քաջատեղյակ են իրենց համայնքի խնդիրներին:
- Բայց միակուսակցական կառավարումը չի՞ բերի չարաշահումների: Ավագանու նիստերի ժամանակ, հնարավոր է, թերացումների մասին բարձրաձայնող չլինի, ինչը կբերի նաև բնակչության իրազեկվածության ցածր ցուցանիշների, քանի որ որոշ հարցեր այդպես էլ չեն բարձրաձայնվի՝ ավագանու անդամների քաղաքական շահերի համընկնման պատճառով:
Իմ շահերը պետք է համընկնեն Արմավիր խոշորացված համայնքի բնակչության շահերի հետ: Էլի եմ ասում, քաղաքական գործարքների, պայմանավորվածությունների և թիմային նպատակահարմարությունն ավելի վեր չի դասում, քան քաղաքին, խոշորացված համայնքին ծառայելը, քաղաքացիների շահերը սպասարկելը: Բացի այդ, ես մեղավոր չեմ, որ ընտրություններին Արմավիրում այլ թեկնածուներ չեն առաջադրվել: Նորից եմ ասում, այդ հարցի հասցեատերն ընդդիմությունն է: Բոլոր դեպքերում, մտահոգություն չունեմ ստեղծված իրավիճակից, ավելին, սա պարտավորեցնող է:
Լուսանկարը՝ Դ. Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել