HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Կապանի Դավիթ Բեկ սահմանամերձ բնակավայրում ավագանու ընտրություններ են

Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրում ավագանու ընտրությունները անցկացվում են գյուղի հանդիսությունների սրահում։ Այստեղ սովորաբար տեղի են ունենում հարսանյաց, ծննդյան, նաև հոգեհացի արարողություններ։ Դավիթ Բեկի բնակիչ, «Շանթ դաշինքի» վստահված անձ Արտակ Վարդանյանի խոսքով՝ վերջին մեկ տարում այստեղ միայն հոգեհացի, յոթի և քառասունքի համար են հավաքվել։ 

Դավիթ Բեկը Կապան համայնքի ամենամեծ բնակավայրերից մեկն է, այստեղ հաշվառված է մոտ 800 մարդ, բայց փաստացի բնակվողների թիվը մոտ 450 է։ Բնակավայրի վարչակազմի աշխատակից Նարինե Օհանջանյանը, որը նաև հանձնաժողովի անդամ է, ասում է, որ պատերազմից հետո գյուղից չորս-հինգ ընտանիք է հեռացել։ Արոտավայրերի մեծ մասը, որտեղ բնակիչները իրենց կենդանիներին արոտի էին տանում, այլևս չկա։

«Առաջ գյուղում 855 գլուխ խոշոր եղջերավոր անասուն էր գրանցված, այսօր ընդամենը 310-ն է մնացել։ Հիմա գյուղում էլ ո’չ կաթ ենք կարողանում ճարել, ո’չ մածուն, ո’չ պանիր»,- ասում է Նարինե Օհանջանյանը։

Գյուղի բնակիչ Համլետ Հակոբյանը, որ մինչև անցյալ տարի վարձակալությամբ ութ հեկտար հող էր մշակում՝ գարի, ցորեն ցանում, այսօր արդեն չունի այդ հնարավորությունը։ Նա ձեռքով ցույց է տալիս սարի վրայի մեր և ադրբեջանցիների դիրքերը, բացատրում, թե որտեղ էին գտնվում մեր հողատարածքներն ու արոտավայրերը, որոնք արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են։

«Մարդիկ նույնիսկ չէին էլ հետևում իրենց անասուններին, տանում էին, թողնում արոտի ու գալիս, մեկ էլ բերելուց էին գնում»,- ասում է գյուղի բնակիչը։ Համլետ Հակոբյանը թոշակառու է, Դավիթ Բեկում ապրում է կնոջ հետ, երեխաներից ոչ մեկը գյուղում չի մնացել։ Կապան, Երևան, Սանկտ Պետերբուրգ․ այստեղ են հաստատվել Համլետի երեխաները։

Դավիթ Բեկ բնակավայրում հաշվառված մարդկանցից ընտրելու իրավունք ունի 605-ը, որոնցից ժամը 12:00-ի դրությամբ ընտրել է 116-ը։ Ընդհանուր առմամբ տեղամասում ակտիվությունը բարձր է, մուտքի մոտ հերթ է գոյացել։

Հիշեցնենք, որ Կապանի ավագանու ընտրություններին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիրն» ու գործող համայնքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter