HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Գերմանիային

Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին՝ 10-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում 1։4 հաշվով պարտություն կրեց Գերմանիայի ընտրանուց։ Խաղը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Ինչպես և սպասվում էր հանդիպումը մեկնարկեց գերմանացիների ահռելի ճնշմամբ, որը և շարունակվեց ամբողջ խաղակեսի ընթացքում: Հյուրերը խաղի հաշիվը բացեցին 15-րդ րոպեին. աջ եզրից Յոնաս Հոֆմանի կատարած փոխանցումից հետո գնդակը Հայաստանի հավաքականի դարպասն ուղարկեց Կաի Հավերցը: Առաջին կեսի երկրորդ հատվածում մեր հավաքականի խաղացողները սկսեցին ակտիվանալ և մի քանի սուր հակագրոհներ անցկացրին: Դրանցից ամենավտանգավորը 27-րդ րոպեին էր, սակայն նպաստավոր դիրքում հայտնված Էդուրդ Սպերցյանը մի փոքր բարձր հարվածեց: Հետագայում մեր ֆուտբոլիստները կարողանում էին հաջողությամբ հետ մղել մրցակցի գրոհները, սակայն խաղակեսի վերջում երկրորդ գնդակն ընդունեցին: Տեսակրկնությունը դիտելուց հետո գլխավոր մրցավարը 11-մետրանոց նշանակեց, որը դիպուկ իրացրեց Իլկայ Գյունդողանը, և թիմերը գնացին ընդմիջման:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականն ավելի լավ տեսք ուներ, սակայն գերմանացիների գրոհները չէին դադարում, և 50-րդ րոպեին գրոհներից մեկը գոլով ավարտվեց. միջին տարածությունից Իլկայ Գյունդողանի կատարած թույլ հարվածից հետո անվստահ գործեց մեր ընտրանու դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը և հաշիվը դարձավ 0:3: 59-րդ րոպեին Խոակին Կապառոսի սաներին հաջողվեց թրջել հաշիվը: Այս անգամ 11-մետրանոց նշանակվեց Գերմանիայի դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Այնուամենայնիվ 5 րոպե անց հաշիվը կրկին խոշոր դարձավ: 64-րդ րոպեին Յոնաս Հոֆմամը հաշիվը դարձրեց 1:4: Հանդիպման մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրնացվեցին:

Մունդիալ 2022-ի եվրոպական գոտու որակավորման J խմբի մյուս հանդիպումներում Հյուսիսային Մակեդոնիան 3։1 հաշվով հաղթեց Իսլանդիային, իսկ Ռումինիան 2։0 հաշվով առավելության հասավ Լիխտենշտայնի նկատմամբ։ 

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը 12 միավորով զբաղեցրեց J խմբի 4-րդ հորիզոնականը։ 27 միավորով խմբի հաղթող դարձավ Գերմանիան և աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։ 18 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Հյուսիսային Մակեդոնիան, որը անցումային խաղերին մասնակցելու և աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու հնարավորություն կունենա։ Ռումինիան 17 միավորով 3-րդն է, Իսլանիդան 9 միավորով՝ 5-րդը, իսկ Լիխտենշտայնը 1 միավորով եզրափակեց J խմբի մրցաշարային աղյուսակը։

Լուսանկարները՝  Գերմանիայի հավաքականի Թվիթերի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter