
Սամվել Ալեքսանյանը կարիքավոր է ձևացել, իսկ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ գործուղման գումարն է հայտարարագրել
Երբ նախընտրական քարոզարշավը նոր էր սկսվել, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի կողմից թիվ 7 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ նախընտրական ծախսերը հոգալու համար գումար չունի, այդ իսկ պատճառով հաշվեհամար է բացել, որպեսզի բարեգութ մարդիկ գումար փոխանցեն իր հաշվեհամարին: Իհարկե գումար փոխանցողներ եղան, այդ թվում իր մրցակիցներից մեկն ու այլ պատգամավորներ: Սակայն, ուսումնասիրելով Սամվել Ալեքսանյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը, կարող ենք եզրակացնել, որ նա, մեղմ ասած, ճիշտ չի ասել, թե գումարի կարիք ունի:
ՀՀԿ. Սամվել Ալեքսանյան պատգամավորը, որն իրեն գործարար չի համարում, թեեւ մի շարք ապրանքների ներկրման գծով մենաշնորհ ունի Հայաստանում, հայտարարագրել է 3 շենք եւ շինություն, մեկ շինություն Ծաղկաձոր քաղաքում, եւ 5 հողամաս, որոնցից մեկը տիրապետում է վարձակալության իրավունքով, մյուսը` համատեղ սեփականության:
Սամվել Ալեքսանյանը հայտարարագրել է նաեւ 4 ավտոմեքենա` «Մերսեդես Բենց», «Վազ21124», «Մերսեդես Բենց 600» եւ «Ռենջ Ռովեր սպորտ 4,2»:
Սամվել Ալեքսանյանի վերջին մեկ տարվա եկամուտը նրա 3 միլիոն 25 հազար 750 դրամ աշխատավարձն է, «Կարմիր Առագաստներ» ՍՊԸ-ից ստացած 11 միլիոն 250 հազար դրամ շահաբաժինը, «Ա. Վ. Ս.» ՍՊԸ-ից ստացած 3 միլիոն 300 հազար դրամ շահաբաժինը եւ 840 հազար դրամ վարձավճար` «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ից:
Թեեւ պատգամավորը մի քանի ընկերություններից շահաբաժին է ստացել, սակայն խուսափել է հայտարարագրել, թե այդ ընկերություններում ինչ ներդրումներ ունի եւ քանի տոկոս բաժնեմասն է նրան պատկանում:
Մարտի 1-ի դրությամբ պատգամավորության թեկնածուի հաշվեհամարին եղել է 380 միլիոն դրամ եւ 9 միլիոն 985 հազար դոլար:
ՀԱԿ. Նիկոլ Փաշինյան. «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի կողմից հրատարակվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, ըստ հայտարարագրի, ոչ սեփական բնակարան ունի, ոչ ավտոմեքենա, ոչ էլ որեւէ թանկարժեք գույք, որի արժեքը գերազանցեր 8 միլիոն դրամը կամ համարժեք արտարժույթը:
Նիկոլ Փաշինյանի եկամուտներն անհամեմատ զիջում են հանրապետական թեկնածուի ֆինանսական միջոցներին: Նրա եկամուտները գոյացել են «Դարեսկիզբ» ՍՊԸ-ից ստացած 3 միլիոն 62 հազար 258 դրամ աշխատավարձից, նույն ՍՊԸ-ից ստացած 759 հազար 695 դրամ այլ գումարից, 182 հազար 490 դրամ գործուղումներից ստացած գումարից եւ քաղաքացուց ստացած 200 դոլարից:
Մարտի 1-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանն ունեցել է 148 հազար 839 հարյուր 50 դրամ եւ 49 դոլար 75 ցենտ:
Ինքնառաջադրված Վարդան Վարդանյան. թեկնածուն աշխատում է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմում՝ որպես կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի տեղակալ: Ըստ հայտարարագրի՝ նա սեփական բնակարան չունի, փոխարենն ունի 2 հողամաս` մեկը սեփականության իրավունքով, մյուսը` Դալմայի այգիներում՝ վարձակալության իրավունքով:
Վարդան Վարդանյանին միանձնյա սեփականության իրավունքով պատկանում է 2008թ. արտադրության «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենա:
Եկամուտների բաժնում պատգամավորության թեկնածուն հայտարարագրել է միայն աշխատավարձը` 2 միլիոն 46 հազար 900 դրամ, սակայն մարտի 1-ի դրությամբ հայտարարագրում չնշված անհայտ աղբյուրներից նրա հաշվին եղել է 200 միլիոն դրամ եւ 200 հազար դոլար:
Ինքնառաջադրված Տիգրան Գրիգորյան. Այս թեկնածուն գործազուրկ է: Վանաձոր քաղաքում ունի 72.21քմ մակերեսով բնակարան, որն ընդհանուր սեփականություն է: Տիգրան Գրիգորյանը ոչ ավտոմեքենա ունի, ոչ էլ թանկարժեք իրեր:
Մեկ տարվա ընթացքում Դավիդյան հիմնադրամից ստացել է 2600 դոլար կրթաթոշակ, ինչպես նաեւ Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչությունից` 787 դոլար վարձատրություն:
Մարտի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարում եղել է 1 միլիոն 250 հազար դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել