HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճակատեն. մինչեւ ճանապարհի փակումը

Նոյեմբերի 14-ն է, ՏԻՄ ընտրությունները լուսաբանելու համար եկել ենք Կապան, որոշում  ենք Ճակատեն էլ այցելել, քանի որ վերջին օրերին տեղեկություններ էին շրջանառվում, որ ադրբեջանական զինուժը փակել է գյուղի ճանապարհը։

Կապանի խանութներից մեկում մարդիկ Ճակատենի ճանապարհից են խոսում, հարցնում եմ՝ ի՞նչ իրավիճակ է։ Վաճառողներից մեկն ասում է, որ իր բարեկամն ապրում է Շիկահողում, որտեղ հասնելու համար պետք է անցնել Ճակատենի միջով, կարող է զանգել ու ճշտել։

Խնդրում եմ զանգահարել, մյուս վաճառողուհին մեզ առաջարկում է ռիսկի չդիմել ու չգնալ։ «Բա որ մի բան լինի, պետք չի»,- ասում է նա։

Շիկահողցի բարեկամուհին զանգերին չի պատասխանում, մեր մեքենան արդեն սպասում է մեզ խանութի առջև, ոչինչ չկարողացանք պարզել, բայց որոշում ենք գնալ։

Տաքսու վարորդն ասում է, որ վերջին անգամ Ճակատենում մեկ ամիս առաջ է եղել։ «Վտանգավոր չի՞, մանավանդ չգիտենք՝ ճանապարհը ոնց է»,-հարցնում եմ ես։ «Ամեն տեղ էլ վտանգավոր ա, էլի, Կապանում էլ ա վտանգավոր, ամեն տեղ էլ վտանգավոր ա, հիմա տեղներիցս չշարժվե՞նք»- վարորդը փորձում է հանգստացնել ինձ, բայց ստացվում է ճիշտ հակառակը։

Կապանում մնացած մեր գործընկերները զանգահարում են ու մեզ զգուշացնում ճանապարհին ադրբեջանական հենակետերը չլուսանկարել՝ անախորժություններից խուսափելու համար։ 

Կապան-Ճակատեն ճանապարհի 3 տարբեր հատվածներում հանդիպում ենք ադրբեջանական հենակետերի: Ճամփեզրին գտնվող հենակետերից մեկում ինժեներական աշխատանքներ են անում: Հետո պարզեցինք, որ այդտեղ անցակետն է: 

Տաքսին մեզ հասցնում է գյուղի կենտրոն, վարորդին խնդրում ենք հեռախոսահամար թողնել, որպեսզի Կապան վերադառնալու համար պայմանավորվենք։ Առաջարկում է ապահովության համար մինչև մութն ընկնելը վերադառնալ։

Մոտավորապես ժամը 15։00-ն է։ Գյուղի կենտրոնում, որտեղ վարչակազմի շենքն ու մշակույթի տունն է, հավաքված են տղամարդիկ, եկել են ընտրությանը մասնակցելու։ Հարցնում ենք իրավիճակի մասին, ճանապարհի անվտանգությունից: Ոմանք ասում են, որ անհանգստացած են, կրակոցներ չեն եղել, բայց չգիտեն՝ հաջորդ պահին ինչ կլինի, ոմանք վստահ ասում են, որ ամեն ինչ լավ է լինելու, գյուղի  ճանապարհը չի փակվելու։

Մտնում ենք ընտրատեղամաս, հանձնաժողովի անդամներից մեկը հարցնում է՝ «Ճանապարհին ադրբեջանցիները ձեզ սուրճ չհյուրասիրեցի՞ն, ծիծաղում ենք, է, լացելու բան ա»։ Ժամը 15։20-ի դրությամբ Ճակատենի 35/52 ընտրատեղամասում ընտրությանը 124 ընտրողից մասնակցել էր 99-ը։ Գյուղում 26 ընտանիք է ապրում։ Մեծ մասը վաղուց բնակվում է Կապանում, բայց գրանցված է Ճակատենում։ Կապանից գալիս քվերակում, գնում են։ Ընտրատեղամասում առանձնակի ակտիվություն չկա։ 

Ընտրատեղամասից դուրս ենք գալիս, շրջում գյուղում։ Կենտրոնում հավաքված տղամարդիկ արդեն այնտեղ չեն։ 

Մեզ հանդիպած բնակիչներից մեկն ասում է, թե խոսակցություններ կան, որ կեսգիշերին ճանապարհը փակվելու է։

Մոտ մեկ ժամ քայլում ենք գյուղում, մի քանի տան ծխնելույզից է ծուխ դուրս գալիս, ենթադրում ենք, որ դրանք բնակեցված տներն են։

Տներից մեկի պատշգամբից  մեզ է նայում մի կին` Անահիտ Սաղաթելյանը, բարևում ենք։ Ներս է հրավիրում։ Գյուղում բավականին ցուրտ է, մեր ձեռքերն ու դեմքը ցրտից սառել են, նա մեզ թեյ է հյուրասիրում։

Ձեռքով ցույց է տալիս պատշգամբից մառախուղի մեջ հազիվ երեւացող բարձունքն ու ասում, որ այդտեղ արդեն ադրբեջանական հենակետերն են։

Անահիտ Սաղաթելյանին շատ է անհանգստացնում զինվորների վիճակը, որոնց մեծ մասը չկահավորված դիրքերում վրանների մեջ են։ «Չգիտես, թե հաջորդ պահին ինչ կլինի, ասում են՝ ճանապարհը փակվելու ա, ո՞նց կլինի, որ տենց լինի»,-ասում է նա։ Հիշում է, որ մինչև 44-օրյա պատերազմը երբեք վախի մթնոլորտ չի եղել։ 60-ամյա կինը ծնվել, ամբողջ կյանքն անցկացրել է Ճակատենում, վստահ է՝ այլ տեղում ապրել չի կարողանա։  

Նորից գնում ենք գյուղի կենտրոն։ Վարչակազմի ղեկավար Արա Հարությունյանն այնտեղ է։ Ասում է՝ չգիտի ինչ ասի համագյուղացիներին։ Հարցնում են՝ իրո՞ք փակվելու է ճանապարհը, բայց նա պատասխան չունի։ Նոյեմբերի 13-ին Կապան-Ճակատեն ճանապարհին Հարությունյանը ադրբեջանցի  մի քանի զինծառայող է տեսել, ըստ նրա՝ բարձրաստիճան սպաներ էին ու ինժեներական աշխատանքներ կատարող մարդիկ։ Հասկացել է, որ նրանք հիմքային աշխատանքներ են կատարում։ Ժամեր անց համագյուղացիներից մեկը նույն ճանապարհով անցնելիս տեսել է նաև ադրբեջանցիների բերած տնակը։ 

Նրանց ոչ ոք ոչինչ չի ասել։ ԱԱԾ սահմանապահ զորքերը գյուղի ճանապարհին հենակետեր ունեն, բայց նրանք էլ ադրբեջանցիների գործողություններից տեղյակ չեն։ «Այլընտրանքային ճանապարհ դեռ չկա, 140 կմ պետք է անցնենք, որ Մեղրիով ու Քաջարանով Կապա՞ն գնանք, մենք ո՞նց տենց բանը հանդուրժենք»,-ասում է Արա Հարությունյանը։

Աստիճանաբար մթնում է։ Հետ ենք գնում Կապան։ Հետդարձի ճանապարհին ավելի ուշադիր ենք նայում ադրբեջանական դիրքերի կողմը։

Ժամեր անց տեղեկանում ենք, որ ԱԱԾ-ն հայտնել է, որ նոյեմբերի 15-ին ժամը 00։00-ից Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական կողմը անցակետ է տեղակայելու, իսկ տվյալ հատվածում այլընտրանքային ճանապարհ կկառուցվի մինչև տարեվերջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter