HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընդերքօգտագործման ոլորտի նախկին պաշտոնյան դիմել է Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործման համար. 2-րդ հայտը մեկ շաբաթում

Սպանդարյանի բազալտի հանքավայրը շահագործելու ևս մեկ հայտ է ներկայացվել: Այս անգամ հանքավայրը շահագործելու ցանկություն ունի «Տրավ սթոուն գրուպ» ՍՊԸ-ն:

Ընկերությունը նոր է, հանքարդյունաբերության ոլորտում փորձառություն չունի: Գրանցվել է այս տարվա հուլիսի 28-ին: Համաձայն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ հիմնադիրն ու տնօրենը Անահիտ Խրիմյանն է: Սակայն տիկին Խրիմյանի մասնակցությունն այս ամենում ձևական է:

Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած այսօրվա հանրային քննարկմանն ընկերությունը ներկայացնում էր Անահիտ Խրիմյանի որդին` Գուրգեն Հակոբյանը: Վերջինս ասաց, որ չնայած ընկերությունը փորձառություն չունի, բայց ինքն այդ ոլորտում մեծ փորձառություն ունի. ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետը, երկար տարիներ աշխատել է Ընդերքօգտագործման վերահսկողության բաժնում` Կենտրոն և Արևելյան ստորաբաժանումների պետն է եղել: 4-րդ տարին է՝ պետական համակարգում չի աշխատում: Գ. Հակոբյանը 2019-ին դիմել էր նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ընդերքի վարչության պետի ժամանակավոր թափուր պաշտոնի համար, սակայն չէր ընտրվել:

Գուրգեն Հակոբյանը հակիրճ ներկայացրեց իրենց ծրագիրը, այն է` հանքավայրը նոր չէ, և ոչ բարեխիղճ ընդերքօգտագործողին արդեն տրամադրվել էր ընդերքօգտագործման իրավունքը, որը, սակայն, դադարեցվել է:

Պարզվեց, որ «Տրավ սթոուն գրուպ» ՍՊԸ-ն նույն տարածքում է ուզում ընդերքօգտագործում իրականացնել, որի համար դիմել էր նաև «ՄԼ մայնինգ» ՍՊԸ-ն, և մեկ շաբաթ առաջ նույն հարցով հանրային լսումներ տեղի ունեցան: Ընդ որում` տարածքում ընդերքօգտագործում իրականացնելու իրավունքը տրվել էր «Մեգերյան» ՍՊԸ-ին, ով այժմ դատարանում վիճարկում է ընդերքօգտագործման դադարեցման Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հրամանը:

Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետի տեղակալ Գևորգ Նավասարդյանը հիշեցրեց, որ տարածքը ծանրաբեռնված է, «Մեգերյան» ՍՊԸ-ն քաղաքապետարանի հետ կնքած հողօգտագործման պայմանագիր ունի, և համայնքը չի կարող նույն տարածքի մասին որոշում կայացնել, քանի դեռ չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում:

«Գտնում եմ, որ դեռևս շուտ է հարցը դիտարկելը: Համայնքը չի կարող նախնական համաձայնություն տալ մի ընկերության, երբ իրավունքը դեռևս պատկանում է մեկ այլ ընկերության»,- շեշտեց Գևորգ Նավասարդյանը:

Ընկերության ներկայացուցիչ Գ. Հակոբյանը փորձեց հակադարձել` նշելով, որ տարածքը ծանրաբեռնված չէ, և քաղաքապետարանը դատական նշված վարույթի հետ առնչություն չունի, քանի որ դատի են տվել ՏԿԵՆ-ին, և եթե ՏԿԵՆ-ն բացասական կարծիք տա իրենց, այդ դեպքում իրենք կդադարեցնեն հայտի ընթացքը, սակայն այս պարագայում խոսքը նախնական գնահատման հայտի մասին է, որն էլ իր հերթին տեխնիկական առաջադրանք ստանալու նպատակով է ներկայացվել:

Այստեղ էլ միջամտեց Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանը` ասելով, որ Երևանում բնապահպանական մեծ խնդիր կա, այդ թվում` օդի աղտոտվածությունը: Նա հիշեցրեց, որ ուսումնասիրություն է սկսվել` պարզելու համար, թե որոնք են Երևան քաղաքի օդի աղտոտվածության աղբյուրները, արդյոք ավտոմեքենաներից, հանքերից, շինարարությունից, թե այլ գործոններից է փոշու պարունակությունը մի քանի անգամ գերազանցում սահմանված թույլատրելի կոնցենտրացիան: Եվ միայն այդ ուսումնասիրության ավարտից հետո որոշում կկայացվի Երևան քաղաքում հանքարդյունահանում իրականացնելու ծավալների շուրջ:

Գ. Նավասարդյանն էլ նշեց, որ համաձայն ՏԿԵՆ-ի տրամադրված տեղեկությունների՝ Երևանում 14 լքված հանքավայր կա, որը ոչ ռեկուլտիվացված է, ոչ էլ կանաչապատված և փոշու հերթական աղբյուր է: Սպանդարյանի տարածքում չկա ոչ մի բուֆերային գոտի` որևէ մի ընդերքօգտագործողի կողմից ստեղծված: Հետևաբար, ուսումնասիրության արդյունքները կարևոր են Երևանում իրականացվելիք արդյունահանման վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Գուրգեն Հակոբյանի խոսքով, տարածքը, որն իրենք հայցում են, բնակելի հատվածից 1,5 կմ հեռավորության վրա է: Իսկ ճանապարհից 300 մետրի հատվածում 120 ծառ են նախատեսել տնկել: Պատրաստ են քաղաքին նվիրաբերել 2000 եղևնու տնկի և կատարել բնապահպանության ոլորտում առկա օրենքներով սահմանված իրենց պատրավորությունները: Նաև պատրաստ են մասնակցություն ունենալ համայնքի ծառատունկերին և այլ նմանատիպ միջոցառումների:

Ըստ Գուրգեն Հակոբյանի՝ բազալտի հանքավայրը կարևոր է, քանի որ շինարարության աճին զուգահեռ 40-50 տոկոս բազալտի գնի թանկացում է տեղի ունեցել: Ի վերջո, բազալտի պաշարները կսպառվեն, եթե արդյունահանում չիրականացվի:

Հանրային քննարկմանը նաև համայնքի 3 բնակիչ էր ներկա: Վերջիններս հետաքրքրվեցին, թե արդյոք այդ տարածքի ստորգետնյա ջրերի ուսումնասիրություն է արվել և գնահատվել վիճակը, արդյոք հստակեցված է, թե ինչ ծառեր են տնկվելու, արդյոք դրանք կաճեն այդ տարածքում, թե ոչ: Պարզվեց, ջրերի նոր ուսումնասիրություն չեն իրականցրել, հիմնվել են նախկին ուսումնասիրությունների վրա:

«Հերիք չի, որ դուք որպես կազմակերպություն փորձ չունեք, որ տեսնենք, թե դուք սոցիալապես պատասխանատու հանքարդյունաբերություն եք իրականացրել, ոչինչ չունեք»,- ասաց բնակիչներից մեկը:

«Իսկ էն փորձ ունեցողները, որ անում են, նորմալ է»,- փորձեց հակադարձել Գ. Հակոբյանը:

«Այսինքն` մենք պիտի վատի ու վատագույնի մեջ ընտրենք: Ուզում ենք հասկանալ` ձեր առանձնահատկությունն ինչի մեջ է: Դուք նույնիսկ կոնտեքստի առանձնահատկությունը չեք պատկերացնում` սկսած քամիներից, որ էս տարածքին շատ բնորոշ են, դրա հետ ոնց եք գործ ունենալու, ինչ ծառ եք տնկելու, ինչ ծառատեսակը որտեղ կաճի»,- նշեց բնակիչը:

«Էդ ամեն ինչը, որ Դուք ասում եք, մեր հետ ընդհանուր բանակցությունների արդյունքում կարվի: Մենք գումար կնախատեսենք էդ ամենի ինչի համար, թող ասեն` էս տեղանքի համար, օրինակ, սա տնկեք: Կամ մեզ էսքան ծառ նվիրեք, մենք կանենք: Թող ասեն, ես պատրաստ եմ էդ ամեն ինչին»,- ասաց Գուրգեն Հակոբյանը:

Վարչական շրջանի ղեկավարի տեղակալը նշեց, որ հենց փորձաքննությամբ էլ պարզ կդառնա, թե տվյալ տարածքում ինչ ծառի կարիք կա: Մինչդեռ ընկերությունը եկել և հում ծրագիր է ներկայացնում: Փորձաքննության ավարտին ընդերքօգտագործողներին հստակ պահանջներ կառաջադրվեն: Հանրային քննարկումներն այդպիսով ավարտվեցին: Սակայն պատասխանի մասին հնգօրյա ժամկետում կտեղեկացվի հանրությունը:

Բնակիչները վերահաստատեցին, որ իրենք արդեն նախորդ հանքավայրերի հայտերի ժամանակ իրենց բացասական դիրքորոշումը գրավոր ներկայացրել են, որը նաև այս հանքավայրին է վերաբերում: Նրանք խնդրեցին դա հաշվի առնել բոլոր հետագա հայտերի դեպքում նույնպես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter