HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արմեն Գրիգորյանն ասում է, որ ճգնաժամը հնարավոր է լուծել առաջին հերթին ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի միջոցով

Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և փորձել իրադրությունը սրել սահմանի ամբողջ երկայնքով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի նշեց, որ Հայաստանը կդիմի Ռուսաստանին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրմաբանության շրջանակներում։

«ՀՀ սահմանը հանդիսանում է կարմիր գիծ Ռուսաստանի համար, և մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խախտել են այդ կարմիր գիծը։ Այս առումով դիմում ենք մեր դաշնակցին, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակում վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»,- նշել է Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով Ռուսաստանից ակնկալվող օգնությանը՝ ԱԽ քարտուղարը հայտնել է, որ եթե հնարավոր լինի ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա կլուծվի այդպես, եթե հնարավոր չլինի, ապա պետք է տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել։

Ըստ Գրիգորյանի՝ նախապատրաստական աշխատանքներ են կատարվում նաև ՀԱՊԿ-ին դիմելու համար․

«Իհարկե, մենք մայիսին ստեղծված իրավիճակով դիմել էինք ՀԱՊԿ-ին, որպեսզի ճգնաժամը լուծվեր, բավարար ջանքեր չեն գործադրվել խնդիրը լուծելու համար, բայց մենք շարունակելու ենք աշխատել։ Քանի որ այժմ ՀՀ-ն ՀԱՊԿ նախագահողն է, ապա մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք, որպեսզի ակտիվացնենք նաև ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում նախատեսված այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս որևէ անդամ երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ ոտնձգության դեպքում քայլեր ձեռնարկել»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Լրագրողի հարցին, թե Հայաստանը դիտարկո՞ւմ է այլ միջազգային կառույցների դիմելու հարցը, նա հայտնեց, որ Հայաստանը կարծում է՝ առաջնահերթ ՌԴ և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել․

«Եթե մենք չկարողանանք ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի դիմել, այսինքն՝ միջազգային այլ գործընկերների։ Բայց մենք առաջնային ենք համարում առաջնային գործարկել պայմանագրային պարտավորություններով օժտված մեխանիզմները»։

ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն փորձում է հետաձգել դեմարկացիայի, դելիմիտացիայի գործընթացը, այլև խափանել ողջ գործընթացը, որովհետև ապաշրջափակման ու սահմանագծման, սահմանազատման գործընթացին Հայաստանը ամբողջովին պատրաստ էր․

«Վերջին շրջանում Ադրբեջանը՝ չստանալով իր ցանկությունը՝ միջանցքը, սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը, նույնիսկ՝ ապաշրջափակման ուղղությամբ․․․ մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք սկսել այդ գործընթացը Խորհրդային Միության ժամանակաշրջանից գոյություն ունեցող իրավական փաստաթղթերի հիման վրա։ Այս առումով բազմիցս և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են անցնել այս գործընթացը, բայց Ադրբեջանը պարբերաբար տորպեդահարել է և այսօր էլ գտնվելով ՀՀ սուվերեն տարածքում՝ խախտում է այն միջավայրը ստեղծելու հնարավորությունը, որով հնարավոր է սահմանազատում և սահմանագծում իրականացնել»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter