HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի սահմանափակման նախագիծն ամբողջությամբ ընդունվեց

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց նոյեմբերի 16-ին զոհված նահատակների հիշատակը: Նման առաջարկով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում էին գործել սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել էր նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է:

Նշենք, որ նիստին ներկա են միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները: Ընդդիմությունը բոյկոտում է այս քառօրյայի աշխատանքները:

Այնուհետև խորհրդարանն իրականացրեց երեկ քննարկված հարցերի քվեարկությունը: ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ սահմանափակվելու է հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը: Առաջարկվում է հիփոթեքային վարկի տոկոսադրույքներին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Երևանում սահմանափակել, ապա աստիճանաբար հանել մինչև 2025 թվականը:

Համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, հիփոթեքային վարկը պետք է ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ` երկրորդ գոտու համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը, այնուհետև 1.5 տարի դադար է առաջարկվում: Երևանի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը:

Շինարարական նախագծերի շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկվում է կարգավորել նաև անցումային հարաբերությունները, ըստ որի` եթե շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակներում՝ առանց սահմանափակումների:

Նշենք, որ փոփոխությունները չեն կարող տարածվել այն շահառուների վրա, որոնք ծրագրից օգտվել են մինչ այս փոփոխությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter