HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ն. Փաշինյան. «Չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն»

«Նախարարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, սրանով շատ բան ասված է»:

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ինչով էր պայմանավորված պաշտպանության նախարարի փոփոխությունը:

«Չեմ կարծում, թե պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն, առավել ևս պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները: Մի բան կարող եմ ասել` հայեցողական բառը շատ ամբողջական պատկերացում է տալիս, նախարարը նշանակվում է վարչապետի հայեցողությամբ և ազատվում վարչապետի հայեցողությամբ»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ սահմանային լարվածությունից հետո Արշակ Կարապետյանը պաշտոնանկ էր արվել, նրան այդ պաշտոնում փոխարինել էր Սուրեն Պապիկյանը:

Ըստ Փաշինյանի` փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունը և քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր է:

«Ես կարևոր եմ համարում, որ և՛ արտգործնախարարի, և՛ պաշտպանության նախարարի կարգավիճակներում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են: Երբ հայտնի իրադարձություններից հետո ես ԱԳՆ-ում խորհրդակցություններ էի անում, վարչության պետերի մեծ մասի հետ շփվել եմ, նրանք բոլորը միակարծիք ասում էին` խնդրում ենք քաղաքական թիմից ներկայացուցիչ նշանակեք, ով քաղաքական բովանդակությունը ամբողջությամբ կկիսի Ձեզ հետ: ՊՆ-ի պարագայում էլ դա կարևոր էր»,- ասաց նա:

Աբրահամյանը նաև հետաքրքրվել էր, թե սահմանային լարվածության ժամանակ եղե՞լ է արդյոք չկրակելու հրաման: Փաշինյանն արձագանքեց` հնարավոր չէ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու հրաման, դա կլինի պետական դավաճանություն: Ինչ վերաբերում է գերիների հարցին, Փաշինյանն ասաց, որ ժամանակն է այդ դեպքերը պատշաճ հետաքննել:

«ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ, և պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի` ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում: Զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, յուրաքանչյուր դեպքը պետք է քննենք»,- ասաց Փաշինյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter