HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյան. «Միջազգային հանրությունն ասում է` սկսե՛ք դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ստորագրել սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ փաստաթուղթը, որը դրված է իր սեղանին: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց Փաշինյանը` արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր սահմանային վիճակից:

«Որքան էլ Հայաստանում ծանր քննադատության արժանացա, ես մայիսին հայտարարել եմ` փաստաթուղթը, որը դրված է սեղանին, պատրաստ եմ ստորագրել: Ներքաղաքական աղմուկի պատճառով պրոցեսը խափանվեց, բայց մենք համաձայնել ենք սկսել գործընթաց»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով Ադրբեջանի տիրապետության տակ անցած Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր տարածքի մասին՝ վարչապետն ասաց, որ այդ թիվը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների հետևանքով, վերջին օրերի գործողությունների հետևանքով այդ բալանսը, ըստ գործադիրի ղեկավարի, որևէ կերպ չի փոխվել:

«Մի շաբաթ առաջ էլ էր այդ թիվը նույնը, մայիսի 12-ից սկսած ժամանակահատվածում էլ, բայց այնպես չէ, որ այդ տարածքն ամբողջությամբ ու լիարժեք վերահսկվում է ադրբեջանցիների կողմից: Տարբեր հատվածներում դիրքերը շախմատաձև դասավորված են, մխրճված մեկը մյուսի մեջ անտրամաբանական ձևերով»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` առաջին պատերազմի արդյունքներով Սովետական Ադրբեջանի որոշ տարածքներ հայտնվել են Հայաստանի վերահսկողության ներքո և հակառակը:

«Այդ հանգամանքների բերումով է, որ շատ կարևորվում է դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը: Երբ ասվում է, որ Ադրբեջանը մեր որոշ տարածքներ օկուպացրել է, միջազգային հանրության ներկայացուցիչների միջին վիճակագրական ռեակցիան հետևյալն է` այնպես չէ, որ միանշանակ բալանս կա այդտեղ: Սա է պատճառը, որ միջազգային հանրությունն ասում է` սկսեք դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց և կողմնորոշվեք՝ ինչ մեթոդաբանությամբ»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ նույն տարածքում հայկական ու ադրբեջանական դիրքերի բաշխվածությունն անընդհատ փոխվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter