HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Սիսիանի անտառապետի դեմ հարուցված քրգործը կարճվել է

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի  տնօրեն Արման Արշակյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է։

Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում 2021 թ.-ին քրեական գործ էր հարուցվել Հաշվեքննիչ պալատի՝ «Հայանտառ»-ում կատարած ուսումնասիրության հիման վրա։

Դրանից բացի, «Հետք»-ը 2019 թ.-ին հետաքննություն էր հրապարակել, որի համաձայն` Սիսիանի անտառտնտեսության ղեկավարն անտառային հողեր է վարձել չնչին վճարով։ 

Սիսիանի քննչականում ուսումնասիրել էին «Հետք»-ի նյութը և մերժել էին քրեական գործի հարուցումը։ Սյունիքի դատախազությունն ուսումնասիրել էր քննչականի որոշումը, վերացրել էր այն, քրեական գործ հարուցել և ուղարկել կրկին Սիսիանի քննչական բաժին։

Սիսիանի քննչականում 2021 թ.-ի մայիսին որոշել են երկու քրեական գործը միացնել և մեկ վարույթում քննել։ Քննության արդյունքում, որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել անտառտնտեսության ղեկավարի դեմ՝ համաներման ակտ ընդունվելու հիմքով։

Առաջին քրեական գործը վերաբերել է անտառտնտեսության ղեկավար Արման Արշակյանի կողմից աշխատանքի չհաճախած աշխատակիցների վարձատրությանը։ Նախաքննության ժամանակ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է։

Երկրորդ քրեական գործը վերաբերել է «Հետք»-ի հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքներին։ Այն է՝ անտառտնտեսության ղեկավարն ու իր հայրը (անտառտնտեսության նախկին տնօրենը) չնչին գներով են վարձակալել պետական սեփականություն համարվող անտառային հողերը։

Գործով զբաղվող քննիչը եզրահանգել է, որ վարձավճարների չափը համապատասխանել է վարձակալության ժամանակվա վարձավճարներին։ Նախաքննության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Սիսիանի անտառտնտեսության պահպանության գոտում գտնվող տարածքներից մեկին, որում Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվածի հարազատները քարե շինվածքով տաղավար էին կառուցել։

Դրանով, ըստ քննիչի, վնասվել է անտառային հողաշերտը։ Հարազատներին քրեական հետապնդման չեն ենթարկել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, իսկ անտառտնտեսության ղեկավարը՝ համաներման ակտի հիմքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter