HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նոր ձևավորվող Նաիրիում համայնքային իշխանության համար կպայքարի 6 կուսակցություն

2021թ․ դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Նաիրի խոշորացվող համայնքում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Այս համայնքը ձևավորվում է 2021թ․ ընթացքում՝ համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում։ Այստեղ խոշորացումը մեկնարկել էր դեռևս 2017 թվականին, երբ Եղվարդ քաղաքային համայնքին միավորվել էին Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան և Սարալանջ գյուղերը՝ կազմելով Եղվարդ խոշորացված համայնքը՝ համանուն կենտրոնով։ 2021թ․ Եղվարդ խոշորացված համայնքին միավորվելու են նաև Կոտայքի մարզի խոշոր գյուղական համայնքներից Պռոշյանն ու Քասախը։ Արդյունքում ձևավորվելու է Նաիրի համայնքը՝ Եղվարդ կենտրոնով։ 

Համայնքի անվանումը պատահական չի ընտրվել։ Խորհրդային տարիներին կար Նաիրիի շրջան։ Սակայն եթե Խորհրդային Հայաստանի վարչատարածքային բաժանմամբ՝ Նաիրիի շրջանում կար 16 բնակավայր, ապա Նաիրի խոշորացվող համայնքում ընդգրկված է 8 բնակավայր։

Ինչպես արդեն նշեցինք, նոր ձևավորվելիք Նաիրի համայնքում դեկտեմբերի 5-ին տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Այստեղ առաջին անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով․ ընտրվելու է ավագանի, որն էլ իր հերթին ընտրելու է համայնքապետ։ Ընտրություններին մասնակցում է 6 քաղաքական ուժ, որոնց էլ այս հրապարակման մեջ կներկայացնենք՝ ըստ քվեաթերթիկում իրենց համարների հերթականության։

«Ապրելու երկրի» թեկնածուն՝ սոցապում բաժնի պետ է

Նաիրի համայնքի ավագանու ընտրություններում քվեաթերթիկի առաջին համարը «Ապրելու երկիր» կուսակցությունն է, որը 2021թ․ ակտիվորեն մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Հիշեցնենք՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը նախկին «Առաքելություն» կուսակցությունն է, որի համահիմնադիրը աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն է։ Կուսակցության ներկայիս նախագահը աշխատանքի և սոցիալական հարցերի մեկ այլ նախկին նախարար Մանե Թանդիլյանն է։

Նաիրիում «Ապրելու երկրի» ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության անդամ Լավրենտի Գևորգյանը։ Նա Եղվարդից է, Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի տարածքային կենտրոնի Սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետը։

Կուսակցության ընտրական ցուցակում ընդհանուր առմամբ ընդգրկված է 14 թեկնածու։ Մեծ մասը եղվարդցի է, թեկնածուներ կան նաև Զովունուց, Զորավանից և Բուժականից։ Ընտրական ցուցակում կան ուսուցիչներ, անհատ ձեռներեցներ։ 14 թեկնածուից 6-ը չի աշխատում։

Քասախի բևեռը

Նաիրիի ավագանու ընտրություններին առաջադրվել է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որը քվեաթերթիկում երկրորդն է։ Այս կուսակցությունը հիմնադրվել է 2021թ․ մարտի 31-ին՝ «Իմ Հայաստան» անվանումով։ Հուլիսի 10-ից վերանվանվել է «Իմ հզոր համայնք»։ Կուսակցության նախագահը Արարատի մարզի Սիսավան համայնքի ղեկավար Սպարտակ Թարթիկյանն է։ Բացի նրանից, կուսակցության համահիմնադիրներն են Արարատի մարզի Ուրցաձոր, Լուսառատ, Եղեգնավան և Վեդի համայնքների ղեկավարները։

Կարելի է ասել՝ Նաիրիի ավագանու ընտրություններում «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ներկայացնում է Քասախը, քանի որ ընտրական ցուցակի 23 թեկնածուներից 16-ը Քասախից են, այդ թվում կուսակցության ցուցակի առաջին համար, համայնքապետի թեկնածու Արմեն Համբարձումյանը, որն անկուսակցական է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ընտրական ցուցակում նշված է, որ Արմեն Համբարձումյանը որևէ տեղ չի աշխատում։ Բացի նրանից, գործազուրկ է ևս 9 թեկնածու։ Ցուցակի մյուս անդամների թվում կան անհատ ձեռներեցներ, Քասախի համայնքապետարանի, մանկապարտեզի և մշակութային դպրոցի աշխատակիցներ։

ՀՅԴ թեկնածուն Պռոշյանի նախկին գյուղապետի որդին է

Հայ Յեղափոխական Դաշնակցության ընտրական ցուցակը Նաիրիի ավագանու ընտրություններում ամենից սակավամարդն է։ Ցուցակում ընդգրկված է 13 թեկնածու։ ՀՅԴ առաջին համարն ու համայնքի ղեկավարի թեկնածուն Պռոշյանի նախկին գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի որդին է՝ 22-ամյա Գևորգ Մուրադյանը։ 

Հիշեցնենք, որ Պռոշյաննի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը 2013թ․ ապրիլի 2-ին համայնքապետարանի շենքի դիմաց սպանվել է։ Նրա սպանությունը մինչև օրս չի բացահայտվել։

Նաիրիում ՀՅԴ 13 թեկնածուից 5-ը Պռոշյանից է։ Թեկնածուներ կան նաև Եղվարդից, Քասախից, Բուժականից, Զովունուց և Արագյուղից։ Ընտրական ցուցակի 13 անդամից 7-ը գործազուրկ է։

«Հանրապետության» թեկնածուն Եղվարդում հայտնի ատամնաբույժ է

Նաիրիի ավագանու ընտրություններին մասնակցում է նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության անդամ Արմեն Խաչատրյանը։ Վերջինս Եղվարդում հայտնի ատամնաբույժ է։ 

«Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 21 թեկնածու, որոնցից 9-ը չի աշխատում։ Կուսակցության ցուցակում կան ուսուցիչներ, անհատ ձեռներեցներ, ինչպես նաև բժիշկներ։

21 թեկնածուից 11-ը Եղվարդից է։ Թեկնածուներ կան նաև Զովունուց, Զորավանից, Արագյուղից, Բուժականից և Քասախից։

22 տարվա համայնքապետը կփորձի վերընտրվել ութերորդ անգամ

Նաիրիում համայնքային իշխանության համար կպայքարի նաև Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, որի ընտրական ցուցակը գլխավորում է Եղվարդ համայնքի գործող ղեկավար Նորայր Սարգսյանը, որն այժմ անկուսակցական է, սակայն նախկինում եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ։ Նորայր Սարգսյանը Եղվարդի անփոփոխ համայնքապետն է 1999 թվականից։

Կուսակցության երկրորդ համարը Եղվարդի համայնքապետի ղեկակալ Կարեն Հարությունյանն է, որը նույնպես անկուսակցական է։ 44-հոգանոց ընտրական ցուցակում ընդգրկված են նաև համայնքապետի օգնականները, համայնքապետարանի աշխատակիցներ, ուսուցիչներ, բժիշկներ և այլն։ 11 թեկնածու էլ գործազուրկ է։

Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության 44 թեկնածուից 31-ը Եղվարդ քաղաքից է։

ՔՊ-ի անխտիր բոլոր թեկնածուները կուսակցականներ են

Նաիրի համայնքի ավագանու ընտրություններում ամենամարդաշատ ընտրական ցուցակն ունի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը։ ՔՊ-ի ցուցակում ընդգրկված է 48 թեկնածու։ Ի տարբերություն ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի, որոնց ցուցակներում կան անկուսակցական թեկնածուներ, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում բոլոր 48 անձինք ՔՊ անդամներ են։

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Վաղարշակ Ամիրխանյանն է։ Նա 2021թ․ մայիսի 15-ից զբաղեցնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Կուսակցության երկրորդ համարը Զովունու վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանն է, ութերորդ համարը՝ Պռոշյանի գործող համայնքապետ Արթուր Մուրադյանը։ Ընտրական ցուցակում ընդգրկված են նաև Եղվարդի համայնքապետարանի աշխատակիցներ, անհատ ձեռներեցներ, ուսուցիչներ, բժիշկներ և այլն։ Գործազուրկ է 15 թեկնածու։

Ընտրական ցուցակի 48 ներկայացուցչից 22-ը Եղվարդից է, մյուս թեկնածուների մեծ մասը՝ Զովունուց, Քասախից և Պռոշյանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter