HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քովիդ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում

2020թ․-ի ապրիլին «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի նախկին ծննդատան մասնաշենքը վերապրոֆիլավորվել է՝ դառնալով կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող կենտրոն: Այստեղ գտնվողների մեծ մասը հիվանդանոց են բերվել շտապօգնության մեքենայով։

Վերակենդանացման բաժանմունքի միջանցքներում միայն սպիտակ խալաթներով բժիշկներն են շրջում: Լսվում են արհեստական շնչառության ապարատներից հնչող խուլ եւ համաչափ ձայները։

Վերակենդանացման բաժանմունքի ավագ քույր Վիկտորյա Եղիազարյանը կենտրոնի բացման օրվանից աշխատում է այստեղ։ Վերջին ամիսներին օրվա մեջ 12 ժամ հիվանդանոցում է:  

«Քովիդը երբ նոր էր տարածվել, մենք բոլորս վախենում էինք, ահ ու սարսուռ կար, որովհետեւ անտեղյակ էինք՝ ինչ է: Այսօր իրավիճակը փոխվել է: Հանրությունն արդեն բավականին տեղեկացված է, սակայն կանխել կարծես չեն ուզում՝ դիմակներ չեն դնում, շարունակում են խնջույքները, քեֆերը, ինչպես նաեւ չեն պատվաստվում»,- ասում է Վիկտորյան։

Կենտրոնում երկու տարվա ընթացքում 8000-ից ավելի հիվանդ է բուժում ստացել, իսկ վերջին ամիսներին հիվանդների թիվը գնալով ավելանում է։ 

Հիվանդանոցի առաջին հարկում օրվա հերթապահը հիվանդների հարազատներից անհրաժեշտ պարագաներն է վերցնում, գրում հիվանդի անունը, հանձնում քույրերին։ Ժամանակ առ ժամանակ շտապօգնության մեքենան նոր հիվանդ է տեղափոխում հիվանդանոց։

Բժիշկներն այլեւս չեն կրում հատուկ արտահագուստ։

Վիկտորյայի խոսքով՝ բուժանձնակազմի գրեթե բոլոր անդամներն արդեն վարակվել են կորոնավիրուսով, ապա պատվաստվել դրա դեմ, իսկ այդ արտահագուստը դժվարացնում էր իրենց աշխատանքը։

Քովիդ կենտրոնը վերջին մի քանի ամսվա ընթացքում 600-650 հիվանդ է ընդունել։ Վերակենդանացման բաժանմունքում կան ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդներ։ Վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Տիգրան Սիրեկանյանի խոսքով՝ հիվանդներից շատերը կենտրոն են տեղափոխվում ծայրահեղ ծանր վիճակում։ Կորոնավիրուսով ծանր հիվանդների մի մասն էլ թերապիայի բաժանմունքում է, քանի որ վերակենդանացման բաժանմունքում մահճակալային ֆոնդը չի հերիքում։ Եթե հիվանդի վիճակը կայունանում է, նրան տեղափոխում են ինտենսիվ թերապիայի բաժանմունք։

Թերապեւտ Անուշ Մկոյանի խոսքով՝ կորոնավիրուսը մեծ ազդեցություն է ունենում մարդկանց հոգեբանության վրա, քանի որ ախտահարվում են նաեւ նյարդային համակարգերը։ «Մեր մոտեցումները եւս փոխվում են, հիվանդներին պետք է այլ կերպ մոտենանք, նրանք կարծես այլ մարդիկ են դառնում։ Դժվար կողմերից մեկը հարազատների հետ շփումն է, նրանք չեն կարողանում պատկերացնել, որ իրենց հարազատը հայտնվել է այդպիսի վիճակում, էդպիսի էմոցիոնալ ֆոնի վրա շատ խոսակցություններ, քննարկումներ են լինում, հոգեբանական մոտեցում պետք է ցուցաբերել հիվանդի եւ հիվանդի հարազատի նկատմամբ»։

Նկարահանման ընթացքում վերակենդանացման բաժանմունքում ազատ մահճակալ չկար։ Մեր այցելությունից րոպեներ առաջ հիվանդանոցում գրանցվել էր եւս երկու մահ։

Բուժակ Հրայր Շմավոնյանի խոսքով՝ աշխատանքային ծանրաբեռնվածության աստիճանը մաքսիմալ է, քանի որ օրվա մեջ պետք է զբաղվեն հիվանդի խնամքով, դեղերը ժամանակին տրամադրեն, պետք է անընդհատ հսկեն հիվանդների վիճակը։ Հանգստանալու շատ քիչ ժամանակ են ունենում, որն էլ փորձում են օպտիմալ օգտագործել։

Ամեն օր այս կենտրոնում աշխատում է 100 բժիշկ, բուժքույր, մայրապետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter