HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մի ռազմավարի պատմություն․ դեպք, որն իր տեսակով միակն է ԼՂ հակամարտության ընթացքում

Արցախյան հակամարտության ամբողջ ընթացքում՝ սկսած 1990-ականներից, ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ բազմաթիվ են եղել կողմերից մեկի՝ մյուսի զինտեխնիկան ռազմավար վերցնելու դեպքերը: Սակայն դրանց մեջ կա մի դրվագ, որի մասին քչերը գիտեն, այնինչ դա Հայաստանի հատուկ ծառայությունների իրականացրած լավագույն գործողություններից մեկն է, որի արդյունքում մերոնք առանց մի կրակոց արձակելու տիրացան թշնամու թանկարժեք մարտական օդանավին: Այս դրվագն աննախադեպ էր, ու մինչ օրս նման բան չի կրկնվել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում:

Հատուկ օպերացիան որքան որ յուրօրինակ էր, այնքան էլ համեստ մնաց. դրա մասին թե՛ այդ տարիներին, թե՛ հետագայում շատ քիչ խոսվեց ու գրվեց: Իսկ օդանավը մինչ օրս կայանված է մեր երկրում, բայց դրա շուրջը «ռազմավարի պուրակ» չի ստեղծվել: Այնինչ Ադրբեջանը, որը հատկապես վերջին տարիներին հայատյացյությունը ֆաշիզմի մակարդակի է հասցրել ու այդկերպ ամեն օր սնում է սեփական հանրությանը, շուրջ 30 տարի պարտվածի կարգավիճակում լինելուց հետո, Թուրքիայի, մի քանի այլ երկրների եւ վարձկան ահաբեկիչների գործուն աջակցությամբ հաջողության հասնելով 44-օրյա պատերազմում, չխորշեց «ռազմավարի պուրակ» բացել սեփական մայրաքաղաքում՝ ցուցադրելով խոցված-վառված հայկական զինտեխնիկա ու հայ զինվորների մտացածին մանեկեններ:

Առաջին պատերազմում հաղթանակ տարած Հայաստանն ու Արցախը, անշուշտ, նման մի քանի պուրակ բացելու հնարավորություն ունեին, սակայն մեր տարբերությունը թշնամուց քսենոֆոբիայի ու ֆաշիզմի կարմիր գիծն է, որից այն կողմ է անցել Ադրբեջանը՝ իր բռնապետական ռեժիմի գլխավորությամբ:

«ՄիԳ-25»-ի հատուկ օպերացիան

Խորհրդային տարիներին Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում օդուժը խիստ անհավասարաչափ էր տեղաբաշխված: Եթե 1990-ին Հայաստանի տարածքում գործում էր ուղղաթիռային երկու ավիաէսկադրիլիա, ապա Վրաստանում ու Ադրբեջանում կային ավելի խոշոր ստորաբաժանումներ՝ ավիագնդեր, այդ թվում՝ կործանիչ, ռմբակոծիչ, գրոհային եւ խառը բնույթի, որոնց զինտեխնիկան անհամեմատելի էր Հայաստանում եղածի հետ: ԽՍՀՄ անկման ժամանակահատվածում զինված ուժերում ստեղծված բարձիթողի վիճակը բերեց նրան, որ նույն Ադրբեջանը տարբեր պայմանավորվածությունների կամ ուղղակի գողանալու միջոցով տիրացավ նշանակալի քանակի խորհրդային ռազմաօդային տեխնիկայի, այդ թվում՝ «ՄիԳ-25» կործանիչների: Միաժամանակ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմ սանձազերծած այդ երկիրը, չունենալով ռազմական օդաչուների որակյալ բազա, պայմանագրային հիմունքներով վարձում էր խորհրդային բանակում ծառայած կադրերի, մասնավորապես՝ ռուսների եւ ուկրաինացիների, որոնք մարտական թռիչքներ էին կատարում հակամարտության գոտում:

1993 թ․ հունվարի 14-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) «ՄիԳ-25ՊԴ» կործանիչ-կալանիչը (истребитель-перехватчик․ նախատեսված է առաջին հերթին հակառակորդի ռմբակոծիչներն ու թեւավոր հրթիռները ոչնչացնելու համար), որը դեռ կրում էր խորհրդային ՌՕՈւ-ի կարմիր աստղն ու 04 համարը, երկինք բարձրացավ Գյանջայից 40 կմ հեռավորության վրա գտնվող Դալյարի ավիաբազայից, որը նախկինում օգտագործվում էր խորհրդային բանակի կողմից։ Օդաչուի ազգանունը, ըստ ադրբեջանական աղբյուրի, Ռեւա էր, որը պայմանագրային հիմունքներով ծառայության էր անցել ադրբեջանական բանակում։ Նրա առջեւից ընթանում էր մեկ այլ վարձկանի՝ Ալեքսանդր Պլեշայի «ՄիԳ-25»-ը։ Դալյարից ինքնաթիռները թռել էին դեպի հարավ՝ Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ, որտեղ պիտի մարտական առաջադրանք կատարեին։ Երբ անցել էին Մռավի լեռնաշղթան եւ ուղղություն վերցրել դեպի Մարտակերտ (1992-ի հունիսին ադրբեջանցիները խորհրդային բանակից մնացած ուժերի աջակցությամբ գրավել էին Շահումյանի շրջանն ու Մարտակերտի շրջանի մեծ մասը, այդ թվում՝ Մարտակերտ քաղաքը), Պլեշան հանկարծ նկատել էր, որ հետեւից եկող Ռեւայի ինքնաթիռը չկա։

Ադրբեջանում նախ մտածել էին, որ Ռեւան, որն իր առաջին թռիչքն էր իրականացնում այդ երկրի օդուժի կազմում, աղետի է ենթարկվել՝ բախվելով Մռավի սարերին, բայց հետո պարզել էին, որ օդաչուն ինքնաթիռը փախցրել է Հայաստան։

Զուգահեռ իրականությունը, այսինքն՝ այն, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, պատմել է «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Պիսարենկոն, որն այն ժամանակ «Վեստիի» թղթակիցն էր Հայաստանում։ Պիսարենկոն հիշում է, որ 1993-ի ձմռան այդ օրը իրեն եւ ռազմական գործողությունները լուսաբանող այլ թղթակիցների հրավիրել էին նախագահ Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աշոտ Մանուչարյանի հետ փակ հանդիպման։ Լրագրողներին նախապես զգուշացրել էին տեսախցիկներ չվերցնել, իսկ հետո Մանուչարյանն ինքը տեղում խնդրել էր գրառումներ ու ձայնագրություն չանել։

«Դուք պետք է իմանաք այդ մասին, բայց հաղորդեք այլ բան։ Այդպես է պետք՝ ելնելով պետության շահերից»,- Պիսարենկոյի պատմելով՝ ասել էր Մանուչարյանն ու հավելել, որ վաղ թե ուշ իրականությունը հայտնի է դառնալու եւ տարբեր խոսակցությունների տեղիք է տալու, ու հավանաբար խեղաթյուրումներ կլինեն։ Դրա համար նախագահի խորհրդականը լրագրողներին խնդրել էր հանդես գալ միասնական ճակատով։

«Երեկ հաջողությամբ ավարտվել է մեր հատուկ ծառայությունների գործողությունը,- Աշոտ Մանուչարյանի խոսքերն է վերհիշում Դմիտրի Պիսարենկոն։- Ադրբեջանի Դալյարի աերոդրոմից մարտական թռիչք կատարելու պատրվակով երկինք է բարձրացել «ՄիԳ-25» ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։ Այս տիպի օդանավերը կարող են իրականացնել հետախուզական թռիչքներ եւ ռումբեր նետել։ Ավելին ասեմ՝ միջուկային զենք կրելու հնարավորություն ունեն (Մանուչարյանը չէր սխալվում, քանի որ «ՄիԳ-25»-ի տարբեր մոդիֆիկացիաներ նախատեսված են տարբեր նպատակների համար, այդ թվում՝ միջուկային զենք կրելու - «Հետք»)։ Այս գործողությունը նախապատրաստվել է շատ երկար։ Ռուսաստանում մենք գտել ենք նախկին ռազմական օդաչուի, որը, բնականաբար, պարգեւավճարի դիմաց համաձայնել է մեզ հետ համագործակցել։ Նրա առաջադրանքը հետեւյալն էր․ պայմանագրային ծառայության անցնել Ադրբեջանի ՌՕՈւ-ում եւ առաջին իսկ թռիչքի ժամանակ մարտական ինքնաթիռը փախցնել Հայաստան, ինչն էլ բարեհաջող կատարվել է։ Հիմա ձեր անելիքը․ անհրաժեշտ է հաղորդել, որ երեկ Հայաստանի օդային տարածք ներխուժելու փորձի ժամանակ Կրասնոսելսկի շրջանում (ներկայում՝ Ճամբարակ - «Հետք») խոցվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի «ՄիԳ-25» ինքնաթիռը, որը տեղի բնակչության շրջանում բազմաթիվ ականատեսների վկայությամբ ընկել է Սեւանա լիճը։ Օդաչուն չի հասցրել կատապուլտի միջոցով լքել ինքնաթիռը»։

«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի լրագրողի հարցին, թե հիմա որտեղ է օդաչուն, Մանուչարյանն ասել էր, որ պայմանավորվածության համաձայն՝ նրան ուղարկել են արտերկիր․ «Հուսով եմ՝ մոտ ապագայում ոչ ոք չի իմանա նրա իրական անունը, իր եւ հարազատների գտնվելու վայրը»։

Դ․ Պիսարենկոյի պատմելով, այդուհանդերձ, տեղի ունեցածից մի քանի օր անց ընդդիմադիր թերթերից մեկն առանց հեղինակի եւ աղբյուրին հղում անելու գրել էր հերոսական դրվագի մասին, բայց դրանից հետո մեծ աղմուկ չէր բարձրացել։

Ինչպես վերեւում նշեցինք, ադրբեջանցիները քիչ ավելի ուշ պարզել էին, որ հայկական հատուկ ծառայությունները հավաքագրել էին Ռեւային։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Ռեւան արդեն իսկ ադրբեջանական օդուժում ծառայող իր ընկերոջ միջոցով էր գործի դասավորվել եւ առաջին իսկ թռիչքով փախցրել մարտական ինքնաթիռը։

Հայկական հատուկ ծառայությունների այս օպերացիային մասնակցել է նաեւ հետագայում ԱԱԾ պետական պահպանության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ, 1956-2021 թթ․), ինչի մասին հայտնել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։

Ինչ վերաբերում է «ՄիԳ-25»-ին, ապա այս ինքնաթիռը մինչ օրս կանգնած է Հայաստանի ավիաբազաներից մեկում, չնայած որեւէ տեղեկություն չկա մեր երկիր տեղափոխվելուց հետո դրա շահագործման մասին։

Լուսանկարում՝ ռազմավար «ՄիԳ-25ՊԴ» ինքնաթիռը՝ Հայաստանում

Մեկնաբանություններ (2)

Koko
Nice guys finish last. Be as nasty as the Azeris.
Степан
Можно дополнить следующее... Из-за неблагоприятных погодных условий была произведена грубая посадка на аэродроме "Звартноц", вследствии чего повреждение получили правая стойка шасси, правый воздухозаборник и правая ракета "воздух-воздух". Министром обороны Вазгеном Саргсяном была поставлена задача: в кратчайшие сроки восстановить самолёт и перегнать его на базу в Гюмри. Под руководством инженера ИАС ВВС Армении Е. Амбаряна самолёт был восстановлен в течении месяца и осуществлен перегон лётчиком 1 класса полковником Абрамян. В боевых действиях самолёт участия не принимал, т.к для выполнения полётов ему необходимо было особое топливо, которого в Армении не было. Самолёт был законсервирован и в один прекрасный день, зимой, часовой решил сесть в кабину согреться. Посмотре на красные ручки катапульты он потянул их и сработала катапульта. Боец погиб, а истребител МиГ 25 превратился в груду металла. Командир базы, нынешний генерал-лейтенант С. Галстян получил повышение, а дело замяли.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter