HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Հայաստանը պատրաստ է սկսելու դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի հանձնաժողովի աշխատանքները

Հայաստանը պատրաստ է սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի  հանձնաժողովի ձևավորման գործընթացը` ի պատասխան Ռուսաստանի Դաշնության առաջարկի:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Հարցին, թե ինչ բովանդակությամբ առաջարկ է եղել ՌԴ-ից, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.

«Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին: Եվ ՀՀ-ն տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար: Վարչապետը դրա մասին է ասել»:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց.

«Այդ մասին նաև գրավոր ծանուցվել է Ռուսաստանի Դաշնությունը, խոսքը մեր կողմից համաձայնության մասին է: Այն պահին, երբ որոշակի տեխնիկական հարցերի վերաբերյալ ձեռք կբերվի համաձայնություն, ՀՀ-ն պատրաստ է սկսել հանձնաժողովի ձևավորման գործընթացը և անցնել բուն աշխատանքներին»:

Էդուարդ Աղաջանյանի համոզմամբ` դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում ակնկալվում է լուծել Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության խնդիրը:

«Ինքնանպատակ չէ Ռուսաստանի ռազմական միջամտությունը, կարևորագույն խնդիր է այս պահին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումը: Եվ դեմարկացիան, դելիմիտացիան այն գործիքներից մեկն են, որը կապահովեն այդ արդյունքը»,- ասաց նա:

Անդրադառնալով այն քննարկումներին, թե իշխանական պատգամավորները ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ քննադատություններ են հնչեցնում, պահանջներ են ներկայացնում, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց` իրենք պահանջ չեն ներկայացնում, պարզապես ցանկանում են, որպեսզի պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան:

«Մեր ինքնիշխան տարածքը ոտնձգության է ենթարկվել, դրա արդյունքում տեղի են ունեցել ռազմական գործողություններ, այնուամենայնիվ, մեր բանակը չի թողել, որ հակառակորդը տարածքային նոր ձեռքբերումներ ունենա»,- ասաց Քոչարյանը: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՌԴ-ն դելիմիտացիայի և դեմարկացիայի նախապատրաստական փուլի առաջարկ է արել, որն ընդունելի է հայկական կողմի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter