HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Արծվիկ Մինասյանի գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը Հայաստանին օկուպանտ է անվանել

«Հայաստան» խմբակցությունը շարունակում է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը:

Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցներին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Մենք արձանագրում ենք, որ ինչպես և կանխատեսում էինք, քաղաքական մեծամասնությունն այդպես էլ չի գիտակցում իր դերակատարությունը, ստացած մանդատի արժեքը, ստորադասում է առաջնային հարցերը երկրորդայինին: Երկրի անվտանգության խնդիրները օրակարգային հարց դարձնելու փոխարեն իշխանությունները շարունակում են ստերով, մանիպուլյացիաներով, իրականությանը չհամապատասխանող գնահատականներով փորձել հանրությանը շեղել օրակարգային հարցերից»,- ասաց Մինասյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք արտահերթ նիստ էին հրավիրել սահմանային իրավիճակի հարցերով, սակայն քաղաքական մեծամասնությունն այդպես էլ ԱԺ խորհրդի նիստ չհրավիրեց այդ օրակարգով, ինչի հետևանքով էլ արտահերթ նիստ չգումարվեց: Ընդդիմությունն էլ, որպես բողոքի նշան, բոյկոտեց քառօրյայի աշխատանքները:

Մինասյանն ընդգծեց` տեր են իրենց որդեգրած մոտեցանը, այն է` երկրի անվտանգության, ինքնիշխանության վերականգման համար գործող իշխանությունները սպառնալիք են:

«Նրանք պետք է հեռանան, որ կարողանանք վերականգնել երկրի ինքնիշխանությունը և արժանապատվությունը»,- նշեց Մինասյանը:

Արծվիկ Մինասյանն անդրադարձավ քառօրյայի ընթացքում` հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած պատասխաններին` ընդգծելով, որ դրանք առերևույթ համապատասխանում են Քրեական օրենսգրքով հանցակազմ համարվող մի շարք հոդվածների և մասնավորապես պետական դավաճանության:

«Ոչ ավել, ոչ պակաս Հայաստանին օկուպանտ անվանելով՝ փաստացի հայտարարեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոնց ուզում պտտացնում է ու պատրաստ է Հայաստանի շահերը չպաշտպանել»,- ասաց նա` արձագանքելով Փաշինյանի այն մտքին, որ առաջին պատերազմի արդյունքներով Խորհրդային Ադրբեջանի որոշ տարածքներ հայտնվել են Հայաստանի տիրապետության տակ:

Մինասյանն անդրադարձավ նաև Փաշինյանի` գերիների վերաբերյալ հնչեցված հայտարարությանը, ըստ որի՝ գերեվարման բոլոր դեպքերը պետք է բացահայտվեն, և Քրեական օրենսգրքով դատապարտելի արարքի դեպքում վերջիններս պետք է դատապարտվեն: Ըստ պատգամավորի` վարչապետն այդ կերպ սպառնացել է գերեվարված անձանց:

Ագնեսա Խամոյանն էլ հիշեցրեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր որդուն փոխանակել գերիների դիմաց, իսկ այժմ նրանց հանցագործ է անվանում: Ըստ Խամոյանի` սա փաստ է, որ Փաշինյանը չի կարող որևէ հայանպաստ քայլ անել:

«Պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը չի արել որևէ քայլ, որը մեզ հույս կներշնչեր, որ նա կարող է հայանպաստ լուծման գնալ: Նա անում է այն, ինչ իրեն պարտադրում են, անում է այն, ինչ խոստացել է օպերատիվ կապով Ալիևին, Էրդողանին»,- ասաց Խամոյանը: Պատգամավորը նաև հիշեցրեց օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Փաշինայնի խոսքերը, համաձայն որոնց՝  սահմանում պետք է կրակոցներ չհնչեն, որ սկսվի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, սակայն սահմանային լարվածության ժամանակ Կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ-ից առաջարկ է ստացել, ու այն ընդունելի է հայկական կողմի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter