
Դատարանում վիճարկվում է Լիճքի պղնձի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման Սուրեն Պապիկյանի հրամանը
«Թաթսթոուն» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության։ Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների այժմ արդեն նախկին նախարար Սուրեն Պապիկյանի մայիսի 12-ին արձակած հրամանը, որով վերջինս դադարեցրել էր «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայր նկատմամբ։
Համաձայն նախարարի հրամանի՝ դադարեցման պատճառն այն է, որ Լիճքի հանքավայրում ընկերությունն օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ մինչ օրս չի իրականացրել: Այդպես հայտնել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ը հարցուցված վաչական վարույթի շրջանակներում:
Ըստ այդմ` արձանագրվել է, որ խախտվել է Ընդերքի մասին օրենսգրքի մի շարք հոդվածներ, ինչպես նաև ընկերության և Կառավարության միջև 2013թ. կնքված ընդերքօգտագործման պայմանագիրը, որը 2016-ին փոփոխվել է։
Համաձայն այդ պայմանագրի և փոփոխությունների, լիազոր մարմինը ընդերքօգտագործողին տարեկան 1000,0 հազար տոննա սուլֆիդային և խառը հանքաքար և 260,0 հազար տոննա օքսիդացված հանքաքար օգտակար հանածոյի պաշարների մարման համար տիրապետման և օգտագործմանն է հանձնել 12,5 տարի ժամկետով։
Բացի վերոնշյալ խախտումներից, ընկերությունը չի վճարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման` (ռեկուլտիվացիոն)` ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար նախատեսված և մշտադիտարկումների իրականացման համար սահմանված վճարումները:
Լիազոր մարմինը 2020թ. մարտին զգուշացում է ուղարկել ընկերությանը, որից հետո ընկերությունը կատարել է դրամագլխի վճարումները, սակայն ընդերքօգտագործում չի սկսել։
Վարչական վարույթին ընկերության ներկայացուցիչը չի ներկայացել։ Վարույթն իրականացնող մշտական հանձնաժողովն արձանագրել է, որ լիազոր մարմնի սահմանած 90-օրյա ժամկետում ընդերքօգտագործման իրավունք կրողն ամբողջությամբ չի վերացրել զգուշացման հիմքերը։ Այդպիսով, նախարար Պապիկյանը որոշել է դադարեցնել «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը ընդերքօգտագործում չիրականացնելու խախտումը չվերացնելու հիմքով։
«Թաթսթոուն» ՍՊԸ-ն էլ իր հերթին որոշել է դիմել դատարան և վիճարկել նախարարի հրամանը։
Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը հայցադիմումը վարույթ է ընդունել և դատական նիստ նշանակել 2022թ․ հունվարի 10-ին։
Հիշեցնենք, որ Պապիկյանի 2020թ. փետրվարի 7-ի հրամանով էլ դադարեցվել էր նաև «Թաթսթոուն» ՍՊԸ-ի ընդերքօգտագործման իրավունքը Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդենային հանքավայրի Թղկուտի տեղամասի համար, որը տրվել էր 2013թ․-ին։
Ընկերությունը պատասխան գրությամբ նախարարությանը հայտնել էր, որ հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չի իրականացրել և մտադրություն չունի իրականացնելու, ինչպես նաև առարկություն չունի իր ընդերքօգտագործման իրավունքն այդ հանքավայրի նկատմամբ դադարեցնելու դեմ։
Մեկնաբանել