HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիան եղել եւ մնում է Հայաստանի բարեկամը. Ֆրանսիայի ԱԺ նախագահն ընդունել է Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Ռիշար Ֆեռանը:

ԱԺ աշխատակազմի հաղորդմամբ, ողջույնների փոխանակումից հետո կողմերը հանգամանորեն քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին օրեր առաջ տեղի ունեցած Ադրբեջանի սադրիչ եւ ագրեսիվ գործողությունները, ինչի հետեւանքով կան զոհեր, գերեվարված հայ զինծառայողներ եւ անհետ կորածներ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ վերջին հարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքներ օկուպացնելու՝ ադրբեջանական կողմի հետեւողական քաղաքականության շարունակությունն է, որը սկիզբ է դրվել այս տարվա մայիսի 12-ից՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր ադրբեջանական զինված ուժերի ներթափանցմամբ: ԱԺ նախագահի խոսքով՝ սա հարձակում էր նաեւ ժողովրդավարության վրա:

«Գործընկերների քննարկման առանցքում են եղել 44-օրյա պատերազմին հաջորդած իրադարձությունները, Հայաստանի եւ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանն ուղղված մարտահրավերները: Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերադարձի, արցախահայ փախստականների իրավունքների, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերում իշխանության տարբեր թեւերի ղեկավարների, ինչպես նաեւ հանրային գործիչների ցուցաբերած մեծ ուշադրության համար: Նա հատկանշական է համարել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից 2020թ. դեկտեմբերի 3-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված «Եվրոպայի եւ Արեւելքի քրիստոնեական համայնքների եւ հայ ժողովրդի պաշտպանության մասին» բանաձեւը: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի ընդունած բանաձեւերը կարեւոր հանգրվան են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի կարգավորման եւ այդ գործընթացում Ֆրանսիայի ակտիվ դերակատարման ամրապնդման համար:

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Ֆրանսիան եղել եւ մնում է Հայաստանի բարեկամը՝ անկախ աշխարհագրորեն հեռու լինելուց:

Կողմերը գոհունակությամբ փաստել են միջխորհրդարանական համագործակցության ամրությունը՝ դրանց շարունակական զարգացման գործում առանձնացնելով Հայաստանի եւ Ֆրանսիայի օրենսդիր մարմինների  բարեկամության խմբերի դերը: Հանդիպման ավարտին գործընկերներն ընդգծել են համատեղ ջանքերի կարեւորությունը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականության եւ ընդլայնման գործում»,- ասված է ԱԺ տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

ԱԺ նախագահի գլխավորած  պատվիրակությունը Ֆրանսիայում է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի  հրավերով: Երկօրյա աշխատանքային այցի շրջանակում պատվիրակությունը մասնակցելու է Ֆրանսիայի Սենատի նախագահի բարձր հովանու ներքո անցկացվելիք «Հայաստանը մեկ տարի անց» խորագիրը կրող համաժողովին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter