HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի հետախուզություն. Ռուսաստանը հարձակման է նախապատրաստվում գալիք ձմռանը

Ռուսաստանը Ուկրաինայի սահմաններին տեղակայել է ավելի քան 92 հազար զինծառայող և պատրաստվում է հարձակման, որը կարող է տեղի ունենալ 2022 թվականի հունվարի վերջին և փետրվարի սկզբին: Այդ մասին Military Times պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության Գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։ 

Նրա խոսքով՝ հարձակումը կարող է լինել Օդեսայի և Մարիուպոլի ուղղությամբ, հրետանիով և զրահատանկերով, որին կհաջորդի դեսանտի հարվածը։ Բացի այդ, փոքր թվով ուժեր կարող են հարձակվել նաև Բելառուսի տարածքից։ Բուդանովը կարծում է, որ այդ հարձակումը կարող է լինել ավելի կործանարար, քան երբեև եղել է 2014 թվականից ի վեր:

Ուկրաինացի զինվորականի պնդմամբ՝ հարձակմանը կնախորդի հոգեբանական ազդեցության գործողությունների իրականացումը, որն ուղղված է Ուկրաինայի ապակայունացմանն ու նրա մարտունակության վնասմանը։ «Նրանք ցանկանում են անկարգություններ հրահրել` բողոքի ցույցերի և հանրահավաքների միջոցով, որոնք ցույց են տալիս, որ մարդիկ դեմ են կառավարությանը»,- ընդգծել է Բուդանովը։ Նրա պնդմամբ՝ այդ ջանքերը ներառում են նաև հակակորոնավիրուսային պատվաստումների դեմ իրականացվող շարունակական բողոքի ցույցերը։ «Մոսկվան փորձում է նաև անկարգություններ հրահրել՝ շահարկելով տնտեսության և էներգիայի մատակարարման հետ կապված խնդիրները։ Ռուսաստանը, բացի այդ, ակտիվորեն թեժացնում է հակակառավարական տրամադրությունները ՝ կապված «Վագներգեյթ» անվանումը ստացած միջադեպի հետ»,- նշել է Բուդանովը։ Խոսքն Ուկրաինայի հատուկ ծառայությունների ձախողված գործողության մասին է, որով փորձ էր արվում Ուկրաինա տեղափոխել ռուսական Վագներ մասնավոր զինվորական ընկերության մոտ 30 անդամների, որոնք Դոնբասում մասնակցում էին մարտական գործողություններին։ 

Բուդանովի խոսքով՝ Միացյալ Նահանգների ու Ուկրաինայի հետախուզությունների տվյալները, կապված ռուսական կողմի հարձակման հետ, իրականությանը շատ մոտ են։ Նոյեմբերի 20-ին ամերիկյան CBS հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզությունը եվրոպական դաշնակիցներին նախազգուշացրել է Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման մասին, որի հավանականությունը մեծանում է՝ ցրտերին զուգընթաց։ Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ հարձակումը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթվա ընթացքում, եթե չլինի Արևմուտքի միջամտությունը։ 

Ռուսաստանն առաջին անգամ չէ, որ զորքեր է տեղակայում Ուկրաինայի հետ սահմանին։ Վերջին անգամ դա տեղի էր ունեցել 2021 թվականի գարնանը, որը մեծ արձագանք էր ստացել աշխարհում։ ԱՄՆ հատուկ ծառայությունները պնդում են, որ եթե գարնանը դրանք ուղղված էին ուժի ցուցադրությանը, ապա ներկայիս իրավիճակը կարող է լինել Դոնբասում փաստացի ներխուժման պատրաստություն։

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ամերիկյան կողմի հայտարարություններն անվանել է «ստահոդ»։ «Վերջին ժամանակաշրջանում վաշինգտոնյան պաշտոնյաներն ակտիվորեն վախեցնում են միջազգային հանրությանը Ուկրաինայի նկատմամբ, իբր, Ռուսաստանի կողմից նախապատրաստվող «ագրեսիայի» մասին լուրերով։ Ստացվող տվյալների համաձայն՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը դիվանագիտական ալիքներով իր դաշնակիցներին և գործընկերներին հասցնում է բացարձակ կեղծ տեղեկատվություն՝ մեր երկրի տարածքում՝ Ուկրաինա ռազմական ներխուժման համար, ուժերի տեղակայման վերաբերյալ»,- հայտարարել է ռուսական արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն։   

Բացի այդ, ռուսական գերատեսչությունը Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը մեղադրել է Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում հակամարտության հրահրման մեջ։

Լուսանկարը՝ news.tvs-24.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter