HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եռակողմ հայտարարության կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների վերադարձի հարցը

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերը չեն քննարկել տեղահանվածների և փախստականների` իրենց բնակության նախկին վայրեր վերադարձի հարցը։ Այդ մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների ստորագրած հայտարարության 7-րդ կետում նշվում է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»։ «Հետք»-ը արտաքին քաղաքական գերատեսչությանը խնդրել էր պարզաբանելո՝ այս կետը վերաբերում է ադրբեջանցիների՞ն, թե՞, օրինակ, Հադրութի կամ Շուշիի տեղահանված հայ բնակիչներին, որոնք ևս կարող են վերադառնալ իրենց հայրենի բնակավայրեր։ ԱԳՆ-ն, հարցմանը պատասխանելու հնգօրյա ժամկետը լրանալուց հետո, հայտնել էր, որ մեր հարցմանը կպատասխանի 30-օրյա ժամկետում։

ԱԳՆ-ն նշում է, որ եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել, սակայն հայկական կողմը միջազգային գործընկերների հետ շփումներում բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձի վերաբերյալ։ Ըստ ԱԳՆ-ի՝ հայկական կողմը նշել է, որ 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ ձեռնարկված ագրեսիայի արդյունքում տեղահանվել է ավելի քան 91 հազար մարդ, որոնց 88 %-ը կանայք և երեխաներ են։ Նրանց մի մասը հետպատերազմական շրջանում վերադարձել և բնակություն է հաստատել Արցախի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում գտնվող բնակավայրերում։ «Առաջնահերթ է Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերից տեղահանված արցախահայերի՝ իրենց բնակության նախկին վայրեր արժանապատիվ վերադարձի համար պայմանների ստեղծումը»,- նշվում է ԱԳՆ-ի գրության մեջ։

Հստակություն մտցնելու նպատակով մենք արտաքին գործերի նախարարությանը հարցրել էինք, թե «Լեռնային Ղարաբաղի տարածք» ասելով աշխարհագրական ո՞ր տեղանքը ի նկատի ունեին հայտարարությունը ստորագրած կողմերը։ Ըստ ԱԳՆ-ի՝ խոսքը նախկին ԼՂԻՄ տարածքի մասին է։ 

ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ չի քննարկվել նաև Հայաստանից և Ադրբեջանից 1980-ական թվականների վերջին և 90-ական թվականների սկզբին տեղահանված հայերի և ադրբեջանցինների վերադարձի հարցը։ «Հայկական կողմի դիրքորոշմամբ՝ նման քննարկում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ և վերջնական կարգավորման համատեքստում»,- նշված է պատասխանում։

Ինչ վերաբերում է այս խնդրով ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ ԱԳՆ քննարկումներին, ապա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ «ԱԳ նախարարը գերագույն հանձնակատարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և ծառացած հումանիտար խնդիրները։ Անդրադարձ է կատարվել տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման անհրաժեշտությանը»,- եզրափակում է ԱԳՆ-ն։

Ավելի վաղ, «Հետք»-ը համանման հարցմամբ դիմել էր նաև ՀՀ Կառավարություն, որտեղից ի պատասխան նշել էին, որ Ադրբեջանը եռակողմ հայտարարության տվյալ կետի իրականացման համար խոչընդոտներ է ստեղծում՝ մասնավորապես արգելափակելով ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը հակամարտության գոտի։

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/ Հետք

Մեկնաբանություններ (1)

Tony Martin
Armenian and the separatists of Karabakh should move to make an agreement while they can as once the Russians leave they will lose any leverage they have left (which is negligible anyway). At that time they will have to become Azerbaijan citizens or leave with the Russians and there will be no chance of any negotiations. The wise ones amongst the separatists are already making discrete enquiries about the process and requirements to gain Azerbaijan citizenship for their families even as the separatist regime seeks to prevent this.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter