
«Հեյ, ով կա այնտեղ» կամ «գոյության անտանելի թեթեւությունը»
Բնագիր չկա
Աֆորիզմներ չկան
Մեջբերումներ չեմ օգտագործելու
Ո՞վ ասաց, որ Զոլյանի կողքին դասախոսներ չկան կանգնած: Ու ինչու՞ եք համարում, որ նրան շրջապատող մարդիկ իրավունք չունեն արտահայտվելու, որովհետև արտոնյալ են: Ու հետո այդ «կողքին» ասածը ի՞նչ է ենթադրում: Երբևէ լսե՞լ եք «թիմ» հասկացության մասին՝ գաղափարական թիմ:
Այո, ես կռիվ եմ տալու: Բա ի՞նչ անեմ: Ինչքա՞ն կարելի է ամեն ինչը post factum ընկալել կամ նույնիսկ դա էլ չանել: Ինչքա՞ն կարելի է ուսանողներին վերագրել երեխայի թվացյալ պատվավոր կարգավիճակը: Ինչքա՞ն դեռ պետք է մենք, դեկլարատիվ, պսեվդոինտելիգենտական ասույթների հետևը թաքնվելով, այդպես էլ չխոսենք, թե ուր ենք գնում, ինչ ենք ուզում; Ինչքա՞ն դեռ մենք, ունենալով ահռելի մտավոր ներուժ, բայց շատ ավելի ներ, քան ուժ, մնանք խոր գավառ:
Մենք անընդհատ մեղադրում ենք իշխանություններին գաղափարախոսության բացակայության, արժեքային համակարգի խեղաթյուրման մեջ: Հաճույքով և հպարտությամբ հնչեցնում ենք հռետորական «սրանցից ում ընտրես»-ը, կարծես դա մեզ արդարացնում է: Բայց այդ ընտրելու մարդը հո օդից չի՞ ձևավորվում, այդ գաղափարախոսությունը հո մի հրաշքով մեզ վրա չի՞ ընկնելու երկնքից կամ չգիտեմ էլ որտեղից:
Ես հոգնել եմ մեծամասնության անկարողության զոհը լինելուց: Չեմ ուզում: Ես տեքստ ունեմ, տեքստս ազատության ներքին զգացողության մասին է, աշխատասիրության, հպարտության, գիտնական լինելու մասին է, հումանիտար գիտությունների արժեքը գիտակցելու, կրթության իրական արժեքը գործող համակարգի վերածելու, աշխարհի կրթական համակարգի մաս կազմելու: Կներեք պաթոսի համար, բայց հայրենասիրության մասին: Ձեր տեքստը ո՞րն է, այն որ ձեզ նեղացրել և վիրավորել են: Բա, չթողնեիք: Հասուն, գրագետ մարդիկ եք: Դասախոսների պաշտպանության խումբ ստեղծեիք, գնայիք Զոլյանի դուռը բոլորով բախեիք, ասեիք. «Չենք հասկանում՝ ինչ եք մեզնից ուզում»:
Որովհետև համոզված եմ, որ խնդիրը հենց դա էր: Միավորվեիք ու ասեիք: Ասում են, այդ ձևաչափը կոչվում է արհմիություն: Ընդվզելու միակ ձևը «վերադասին» անանուն բողոքներ գրելը ու միջանցքային քննարկումները չեն: Եթե խնդիրները սկզբունքային-հայեցակարգային էին, ապա ակադեմիական միջավայրը դրանք քննարկելու լավագույն ձևաչափն է: Կամ լավ, իսկ ինչ էր ասում, ինչում էր ձեզ մեղադրում, չեք ասում, երևի չեք հասկացել, Զոլյանը միշտ չէ, որ պարզ է բացատրում, կամ էլ հասկացել եք՝ չեք բարձրաձայնում: Չեմ մեղադրում, Աստծո սիրո, ես ով եմ, որ մեղադրեմ, հասկանում եմ, որ ամեն մարդ իր կյանքի իրավիճակն ունի, հացի խնդիր ունի: Բայց կներեք, ես պատրաստ չեմ հիմա ձեր իրավիճակներին ըմբռնումով մոտենալ:
Երբ ենք մենք հասկանալու, որ եթե ուսումնական պլանդ մեկ տարվա համար հաստատել ես, չի նշանակում, որ այն անթերի է և կարող է ծառայել քսան տարի: Որ որակի ապահովման կենտրոնի կողմից իրականացվող մշտադիտարկումները «ревизор» չեն: Որ լեզու սովորելու համար ԲՈՒՀ ընդունվել պետք չէ, ու որ լեզուն լեզվամտածողություն է: Որ Բոլոնիայի գործընթացը փնովելուց առաջ կարելի էր գոնե մեկ անգամ կարդալ համապատասխան հռչակագրերը: Որ հումանիտար բուհերը ամբողջ աշխարհում համարվել և համարվում են միտք ու մտածող ստեղծողներ: Գիտակցել, որ այսօրվա աշխարհում, եթե ուզում ենք մի բանի հասնել, բոլոր մակարդակների վրա պետք է անընդհատ, ամեն օր ահռելի աշխատանք կատարենք ու մեր դեպքում, ցավոք, շատ փոքր վարձատրությամբ:
Լավ, ինչպե՞ս եք դուք կարողանում կոտրել էս էրեխեքին: Էլ բան չմնաց չասեցիք, էլ ՀԱԿ, էլ Դաշնակցություն, էլ փողոց հանել, էլ որն ասեմ: Բա չեք մտածում, ի՞նչ եք անում. նրանք և իրենց, և ձեր, և մեր հասարակության կյանքում առաջին անգամ լուրջ հարց են բարձրացնում. ԲՈՒՀ-ի ինքնորոշում, ակադեմիական ազատություն՝ հո դատարկ բառեր չեն: Պետք է հպարտանաք նրանցով և մեր ԲՈՒՀ-ով, որ մեր ուսանողները դուրս են եկել ոչ թե իրենց թոշակների, քննությունների, վարձերի համար, այլ բուհի նկատմամբ իրականացվող ռեպրեսիվ մեքենայի դեմ:
Դասախոսի դիրքը չի ենթադրում ուսանողներին վերևից նայել, չի ենթադրում համարել, որ նրանք անկարող են սեփական, անձնական, անհատական որոշումներ կայացնել ընդհանուրի մասին: Նրանց զրկելով այդ կարողությունից՝ դուք ձեզ բնութագրում եք որպես անկարող դասախոսներ: Նրանցից բոլորը չէ, որ այնքան գիտելիք ունեն, որ ճիշտ խորքային գնահատական տան իրավիճակին, բայց մեր դերը հիմա նրանց կողքին լինելու և օգնելու մեջ է, ոչ թե նրանց պիտակավորելու: Միտքը, որ սնուցում ու աճեցնում է երկիրդ, ձևավորվում է ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ:
Մեզ հիմա որպես ԲՈՒՀ նվաստացնում են, ենթարկեցնում են, ակնհայտորեն ցույց են տալիս, որ մենք մեզնից մտավոր որևէ մի բան չենք, և ինչ ուզեն կանեն. ու, ըստ էության, ինչ ուզում անում են: Ու հիմնական, սկզբունքային հարցը, որ մենք այսօր պետք է լուծենք, հենց դա է: Իսկ դուք հավաքեք ստորագրություններ Զոլյանի դեմ, բայց խնդրում եմ տեքստ գրեք, գրեք՝ մենք դեմ ենք Զոլյանին, որովհետև 1... 2… 3…
Գիտե՞ք՝ մեր հիմնական տարբերությունը որն է. ես համոզված եմ, որ շատ և ճիշտ աշխատելու դեպքում մենք կարող ենք ժամանակի ընթացքում դառնալ սկզբից Հայաստանի, հետո տարածաշրջանի, իսկ հետո էլ աշխարհի լավագույն համալսարաններից մեկը, իսկ դուք համոզված եք, որ դա հնարավոր չէ:
Սոնա Հովհաննիսյան
ՊԼՀ Անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի դասախոս
Մեկնաբանություններ (19)
Մեկնաբանել