HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Կարապետյանն ուզում է ձեռք բերել «Ռոստելեկոմը» և 1,5 մլրդ դրամի ներդրում անել

Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ի բաժնետոմսերը նոր սեփականատերերին հանձնելու պարագայում պլանավորվում է թարմացնել ընկերության հիմնական ենթակառուցվածքները, կառուցել նոր ենթակառուցվածքներ ցանցն առավել ժամանակակից և զարգացած տեխնոլոգիաներով զինելու համար: Համաձայն «Ռոստելեկոմ»-ը ձեռք բերելու ցանկություն հայտնած շահառուների տեղեկատվության՝ նախատեսվում է իրականացնել ընդհանուր 1,4 - 1,5 միլիարդ  դրամի չափով ներդրում, ինչը հնարավորություն կտա էականորեն բարելավել մատուցվող ծառայությունների ընդհանուր որակը՝ վերջնական սպառողների համար ապահովելով ավելի հուսալի կապի հնարավորություն։

Այս մասին մեր գրավոր հարցմանը պատասխանել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սեդա Շահինյանը։

Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն 2021 թվականի հոկտեմբերի 19-ի գրությամբ խնդրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության միջոցով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման համար:

Մասնավորապես, ՀԾՀ անդամ Շահինյանը հայտնել է, որ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսում են Կիպրոսի Հանրապետությունում գրանցել նոր ընկերություն՝ «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ», որը ձեռք կբերի «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։ Նշենք, որ «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը Կիպրոսում դեռևս չի ստեղծվել։

Հարցի վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով հանձնաժողովը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դիմել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և հարցը դեռևս քննարկման փուլում է։

«Միևնույն ժամանակ, Կառավարության 2002 թվականի օգոստոսի 13-ի №1172Ա որոշմամբ հաստատված և Կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև նույն թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 6.9 բաժնի շրջանակում հանձնաժողով է դիմել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ խնդրելով հանձնաժողովի համաձայնությունը վերջինիս կողմից Կիպրոսի Հանրապետությունում նոր ընկերություն հիմնադրելու վերաբերյալ։ Որպես վերը նշված պայմանագրի պայմանագրային կողմի՝ խնդրո առարկա հարցի վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով հանձնաժողովը դիմել է Կառավարություն»,- հայտնել է Սեդա Շահինյանը։

««Յուքոմ»-ը կապ չունի»,- հավաստիացնում է ընկերությունը

ՀԷՑ-ը, հիշեցնենք, «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքին է պատկանում։ Վերջիններս հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից մեկում՝ «Յուքոմ»-ում շուրջ 11 տոկոս մասնակցություն ունեն ռուսաստանյան «Ֆորա բանկի» միջոցով։

Արդյոք «Յուքո՞մ»-ն է փորձում ձեռք բերել «Ռոստելոկոմի» բաժնետոմսերը և նպատակ ունի հզորացնե՞լ ընկերությունը՝ վերամիավորելով երկու ընկերություն։ Մեր այս հարցադրմանը «Յուքոմ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից պատասխանել են, որ «Յուքոմ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲ ընկերության ուղղակի կամ անուղղակի գնորդ:

Ընկերությանը խնդրել էինք հաստատել կամ հերքել, որ «Յուքոմի» բաժնեմասում մասնակցություն ունեցող Խաչատրյանները որևէ կերպ չեն առնչվում գործարքին, և «Ռոստելեկոմի» գնումն առնչվում է միայն «Յուքոմի»-ի բաժնեմասում մասնակցություն ունեցող «Տաշիր կապիտալ»-ի (Ֆորա բանկ) ներկայացուցիչներին։

««Յուքոմ» ՓԲԸ-ի տեղեկատվությամբ՝ «Յուքոմ» ՓԲԸ-ի մեծամասնական բաժնետերերը և վերջինիս կառավարչական ընկերությունը ևս չեն հանդիսանում «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲ ընկերության ուղղակի կամ անուղղակի գնորդ»,- նշել է ընկերության մամուլի ծառայությունը։

«Յուքոմ»- ՓԲԸ-ում, ըստ ընկերության ներկայացրած հայտարարագրի, Խաչատրյանները ձայնային առավելություն ունեն, նրանց բաժնեմասը միասին 82,5 % է կազմում։ Խաչատրյանների Բաժնեմասի մասնակցությունը հետևյալ կառուցվածքն ունի՝ Արամ Խաչատրյան՝ 24 %, Արտյոմ Խաչատրյան՝ 29 %, Գուրգեն Խաչատրյան՝ 29 %: 3,7-ական % մասնակություն ունեն Եսայան եղբայրները։

Ադրբեջանական մասնակցություն` «Ռոստելեկոմ»-ում «ՎՏԲ բանկ»-ի միջոցով

Հայաստանյան ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներում նշվել է, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ 100% բաժնետեր է հանդիսանում «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդը»։ «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ»-ի 100% բաժնետեր է հանդիսանում «Ռոստելեկոմ Ինտերնեյշնլ Լիմիթեդ», իսկ «Ռոստելեկոմ Ինտերնեյշնլ Լիմիթեդ»-ի 100% բաժնետեր է հանդիսանում «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ն: «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի 50% +1 բաժնետոմս պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։

Մինչդեռ պատկերը փոքր-ինչ այլ է, երբ ուսումնասիրում ենք ռուսական պաշտոնական աղբյուրները։ Համաձայն «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի ռուսաստանյան կայքի տվյալների՝ ՌԴ կառավարությունը 36 տոկոս մասնակցություն ունի կանոնադրական կապիտալում։ 20 % -ը՝ АО «Телеком Инвестиции», և հաջորդ խոշոր բաժնետերը «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն է՝ 8 % մասնակցությամբ։

Նշենք, որ ՎՏԲ բանկ ԲԲԸ-ն ՌԴ կառավարության վերահսկողության տակ է՝ 92 % պետական մասնակցության շնորհիվ։ Մնացած փոքր բաժնետերերին բանկը չի գաղտնազերծել, ավելին՝ որոշակի չափաբաժին ազատ շրջանառության համար է նախատեսված։ Հիշեցնենք, որ այս բանկում 2013թ.-ից շուրջ 3 տոկոս բաժնեմաս ուներ նաև Ադրբեջանը։ Դրա դիմաց, օրինակ, 2017թ․ բանկից 7 մլն դոլարի չափով դիվիդենտ է ստացել։ 2020թ․ բանկի տարեկան հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի ներկայացուցիչը մասնակցել է բաժնետերերի տարեկան ժողովին որպես մինորիտար բաժնետեր։ Հետևաբար, Ադրբեջանը դեռևս մասնակցություն ունի բանկի բաժնեմասում, իսկ ֆոնդի գործադիր տնօրեն Իսրաֆիլ Մամմադովը բանկի վերահսկիչ խորհրդի անդամ է։

Ռուսաստանյան «Ռոստելեկոմի» 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2020թ․-ին «ՎՏԲ բանկը» դարձել է «Ռոստելեկոմ» տվյալների մշակման կենտրոնի (Ростелеком – Центры обработки данных) 44,8% բաժնեմասի սեփականատեր։ «Ռոստելեկոմ- ՏՄԿ»-ն «Ростелеком» ՀԲԸ-ի իրավասությունների կենտրոնի կառավարող ընկերությունն է ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացման, տրաֆիկների փոխանակման և CDN ծառայությունների գծով։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնել է, որ «Ռոստելեկոմի»-ի վաճառքի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Կառավարության դիրքորոշումները ստանալուց և ամփոփելուց հետո։

Լուսանկարը` kaluga24.tv-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter