HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու անհրաժեշտություն չի եղել

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել: «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունից հայտնում են, որ Պողոսյանի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվել են տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն միջազգային հետախուզում հայտարարելու անհրաժեշտություն չի եղել: Մարզպետի որդին, հիշեցնենք, մեղադրվում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու մեջ` Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Հուլիսի 14-ի գիշերը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիսի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում՝ Ակսել Բակունցի արձանի մոտ, կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի մի կողմում եղել է մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին, իսկ մյուս կողմում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, սակայն Պողոսյանն արգելանքի չի վերցվել. նրա գտնվելու վայրը վարույթն իրականացնող մարմնին հայտնի չի եղել, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նշենք, որ Ոստիկանության կայքում հետախուզվող անձանց մեջ Կարեն Պողոսյանի անուն-ազգանունը չի եղել: Ոստիկանությունից հարցրել ենք՝ ինչո՞ւ մարզպետի որդու անունը չի եղել հետախուզվողների մեջ, ինչպես նաև հետաքրքրվել, թե ի՞նչ սկզբունքով է որոշվում, թե հետախուզման մեջ գտնվող անձանցից ում վերաբերյալ պետք է տեղեկություն հրապարակվի կայքում:

Այս հարցին ի պատասխան՝ ոստիկանությունը հայտնել է, որ իրենց պաշտոնական կայքում հետախուզվողների վերաբերյալ տեղեկություն հրապարակվում է՝ ըստ անհրաժեշտության՝ նախաքննական և/կամ հետաքննական մարմինների կողմից տրամադրված համապատասխան տեղեկանքների հիման վրա:

Հատկանշական է, որ այն ժամանակ, երբ Կարեն Պողոսյանը գտնվում էր հետախուզման մեջ, հայրը՝ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պնդում էր, որ որդին Հայաստանում է, հայտարարում, որ գործով ի սկզբանե սխալ քննություն է իրականացվել, կներկայանա, երբ պատշաճ քննություն իրականացվի:

Եվ ահա դեպքից շուրջ երկու ամիս անց՝ սեպտեմբերի 22-ին, մարզպետի որդին ինքնակամ ներկայացել է Քննչական կոմիտե: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է, սակայն կալանավորված է մնացել երկու ամիս: Քննական կոմիտեն Կարեն Պողոսյանի կալանավորման երկամսյա ժամկետը լրանալուց առաջ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, սակայն Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է միջնորդությունը:

Պողոսյանի կալանավորման երկամսյա ժամկետը լրացել է նոյեմբերի 22-ին: Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառաության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը մեզ հետ զրույցում ասա, որ այդ օրը՝ նոյեմբերի 22-ին, Պողոսյանն ազատ է արձակվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter