
«Լինել քաղաքացի» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան՝ Մաշտոցի այգում (վիդեո)
Մասնակից լինել քեզ վերաբերվող որոշումների կայացմանը, նվաճել սեփական իրավունքները, ինքնակազմակերպվել, հաստատել սեփական տեսակետը` լինել քաղաքացի: Վերջին տարիներին գործող քաղաքացիական նախաձեռնությունները որակապես նոր տիպի հասարակություն են ձևավորում Հայաստանում: Տարբեր քաղաքացիական խմբեր թղթի վրայից վերցնում և իրացնում են ՀՀ Սահմանադրությամբ նախանշված իրավունքները:
Ի տարբերություն տիրապետող փակ, բռնի, հիերարխիկ «մշակույթի»` նրանք կյանքի են կոչում բազմազան, բաց, ստեղծագործ նոր մշակութային տարածքներ ու դիսկուրսներ: «Ժամանակավորապես անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանություն» (հղիների պայքար), «Բանակն իրականում» նախաձեռնություն, «Պահպանենք Կինո Մոսկվայի ամառային դահլիճը», «Անհատ տաքսու վարորդների իրավունքներ», «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» և այլ քաղաքացիական նախաձեռնությունների պայքարն ու հաջողությունները ոգեշնչում են ինքնուրույն քաղաքացիական գործողության, ակտիվության:
Ֆիլմը հավակնում է վերհանել ակտիվ, նախաձեռնող քաղաքացու առավելությունները` պասիվ և ենթարկվող «բնակչի» համեմատ, կոտրել «վերևից» ինչ-որ փրկչի գալստյամբ խնդիրների լուծման սպասումը և «ինձնից ոչինչ կախված չէ» մտածողությունը:
Մայիսի 1 - ին՝ ժամը 20.00-ին, Մաշտոցի պուրակում տեղի կունենա հեղինակ` Արևիկ Մարտիրոսյանի և ռեժիսոր` Դավիթ Ստեփանյանի «Լինել քաղաքացի»փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի տևողությունը` 31 րոպե: Թողարկման տարին` 2012:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել