HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանը Ճակատենին կապող այլընտրանքային ճանապարհը գործում է, բայց ձյանն ու անձրեւին դժվարանցանելի կլինի

Խոշորացված Կապան համայնքի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Շիշկերտ եւ Ներքին Հանդ, հասնելու համար այս պահին կա երկու ճանապարհ՝ Կապան-Գեղանուշ-Ճակատեն եւ Կապան-Քաջարան-Մեղրի-Ծավ։

10 օր առաջ՝ նոյեմբերի 15-ին, հայտնի դարձավ, որ Կապան-Ճակատեն ճանապարհին գործարկվել է ադրբեջանական անցակետ։ Այդպիսով փաստացի դադարեցվել է Կապանից տեղաշարժը դեպի նշված 6 գյուղեր միջպետական նշանակության Մ-17 ճանապարհով (այս մայրուղին Կապանը միացնում է Մեղրիին եւ հայ-իրանական սահմանին՝ անցնելով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն ու Ծավ գյուղերի միջով)։ Հիմա մարզկենտրոն հասնելու համար վերը նշված 6 գյուղերի բնակիչները ստիպված պետք է հիմնականում Ծավ-Մեղրի-Քաջարան-Կապան ճանապարհով գնան։ Օրինակ՝ Ներքին Հանդի բնակիչներն այդ դեպքում ստիպված են 130 կմ ճանապարհ անցնել նախկին 36-ի փոխարեն։

Այդուհանդերձ, կա նաեւ Կապանը Ճակատենին կապող եւ Գեղանուշ գյուղով անցնող գրունտային ճանապարհի տարբերակը (քարտեզում՝ կապույտ սլաքով), որը Գեղանուշից դուրս է գալիս Մ-17 (քարտեզում՝ կարմիր սլաքներով)՝ շրջանցելով այդ մայրուղու՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածը։ Սակայն այս գրունտային ճանապարհը ոչ բոլոր մեքենաների համար է կիրառելի։

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասում է, որ Կապան-Ճակատեն հատվածում ադրբեջանական անցակետ տեղադրելուց մի քանի օր անց սկսել են օգտվել Գեղանուշի ճանապարհից։ Նրա խոսքով՝ այս պահին էլ տրակտորներն աշխատում են՝ ճանապարհը կարգի բերելու համար։ Դրա մի մասն անտառամիջյան ճանապարհ է։ Բաղդասարյանը նկատում է նաեւ, որ ձյան եւ անձրեւի ժամանակ այս գրունտային ճանապարհն ավելի դժվարանցանելի կդառնա։

Երեկ Սյունիքի մարզպետարանը հայտնել է, որ կառավարության կողմից Սյունիքի հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը ձեռք է բերել «ՈւԱԶ» մակնիշի ուղեւորատար ավտոմեքենա, որը հատկացվել է Կապանի համայնքապետարանին, եւ ամսի 24-ից այն ամենօրյա ռեժիմով՝ օրական 3 անգամ, սպասարկում է Կապան-Ճակատեն-Կապան երթուղին (Գեղանուշի միջով է անցնում)։

Գեղանուշի վարչական ղեկավար Ժիրայր Զախարյանն իր հերթին ասում է, որ իրենց գյուղը Կապան-Ճակատեն մայրուղուն կապող այլընտրանքային գրունտային ճանապարհի մի մասն արդեն նորոգվել է, թեք տեղեր կան, որոնք պետք է կարգավորվեն։ Ճանապարհը, ըստ Զախարյանի, խճապատելու են, բայց չեն ասֆալտապատի։

Գեղանուշ-Ճակատեն տարբերակն այլընտրանք է, քանի դեռ չի կառուցվել Կապանը Ճակատենին կապող նոր եւ հիմնական ճանապարհը, որը կլինի ասֆալտապատ։ Խ․ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Ճակատենի նոր հիմնական ճանապարհը լինելու է ներկա Մ-17 մայրուղուն զուգահեռ՝ Կապան-Ճակատեն ուղիղ միացմամբ, այսինքն՝ Գեղանուշ չի մտնելու։ Թե՛ Ներքին Հանդի, թե՛ Գեղանուշի վարչական ղեկավարները դժվարացան նշել, թե երբ պատրաստ կլինի հիմնական ճանապարհը։

Խաչատուր Բաղդասարյանը նշեց նաեւ, որ ներկայում Մեղրու ճանապարհով առավոտյան 07։30 դեպի Ճակատեն երթուղային տաքսի կա, որն օրական մեկ անգամ է գործում։

Լուսանկարում՝ Կապան-Ճակատեն մայրուղին եւ Գեղանուշի պոչամբարը (2015 թ․)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter