
ԱԱԾ-ն Դավիթ Տոնոյանի, Ստեփան Գալստյանի, Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություններ է ներկայացրել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով երկարացրել է «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանի կալանավորման ժամկետը:
Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպաններից Արմեն Անդրիկյանը: Դատարանը կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը բավարարել է երեկ: Պաշտպան Անդրիկյանի խոսքով` իրենք ներկայացրել են նոր ապացույցներ, որոնք հերքում են Գալստյանի մեղադրանքում նշված հանգամանքները: Թե ինչ ապացույցների մասին է խոսքը, պաշտպանը չի բացահայտում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, որը վերաբերում է պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու դեպքին, մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:
Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացվել է նաև Տոնոյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն, որը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին, սակայն այս պահին դեռևս միջնորդության վերաբերյալ որոշում կայացված չէ:
Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանն ասաց, որ այս պահին քննվում է նաև Գալստյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը:
Նշենք, որ ԱԱԾ-ում քննվող գործը վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: Մեղադրյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Մեկնաբանել