
ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, երեկ մերժել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը: Այս մասին «Հետք»ի հետ զրույցում ասաց Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը:
Հիշեցնենք, որ Գալստյանը ձերբակալվել է ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։
Գործն, ըստ ԱԱԾ-ի, վերաբերում է ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն: Նույն գործով այս պահին կալանավորված են նաև Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և «Պատրոն Դավո» անունով հայտնի Դավիթ Գալստյանը:
Վերջինս ՊՆ-ին ռազմամթերք մատակարարած ընկերության տնօրենն է: Վերաքննիչ քրեական դատարանը քննել և մերժել է նաև Դավիթ Գալստյանի և Դավիթ Տոնոյանի կալանավորման դեմ բողոքները:
Ստեփան Գալստյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ հրթիռները, որոնք, ըստ գործի անպիտան են, իրականում աշխատող հրթիռներ են: Պաշտպանն ասաց, որ գործի քննության ընթացքում նշանակված է եղել համալիր փորձաքննություն, որը, սակայն անկատար է մնացել, վարույթն իրականացնող մարմինը գտել է, որ փորձագետներին առաջադրված պարզման ենթակա հարցերը կարելի է ստանալ նաև հարցումների կամ անձանց ցուցմունքների միջոցով, որը պաշտպանի համար անընդունելի և անհասկանալի է: Այժմ նշանակվել է մեկ այլ փորձաքննություն:
«Նախկին փորձաքննությունը ենթադրում էր, որ պետք է փորձարկեն այդ հրթիռները, բայց չեն ուզում փորձարկել, որովհետև, օրինակ, կարող է կրակեն և պարզվի, որ ամեն ինչ նորմալ է»,- ասաց Առաքելյանը:
Պաշտպանի խոսքով` Ստեփան Գալստյանը հրթիռների գնման, վաճաքի և նույնիսկ ստուգման, փորձարկելու պատասխանատուն չի եղել:
Նշենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործը վերաբերում է 4.7 միլիոն դոլար հափշտակելուն և կեղծիքներին:
Մեկնաբանել