HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Յանս» ռեստորանային համալիրի հաշվապահի վերաբերյալ քրեական գործը կարճվել է

«Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, նրա վերաբերյալ գործը` կարճվել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Արիստակեսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը: Միևնույն ժամանակ վերսկսվել է Արիստակեսյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի քննությունը, որի շրջանակներում Արիստակեսյանը պնդել է, որ  իր հարազատներից 40 մլն դրամ գումար է շորթվել:

2017 թվականին Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին և վերջինիս կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին սեփականության իրավունքով պատկանող «Սելենա» ՍՊԸ-ի՝ («Յանս»-ի) տնօրեն Սերգեյ Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ ՍՊԸ-ի հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանն, ով այդ ժամանակ աշխատում էր «Յանս»-ում, 25 մլն դրամի վնաս է պատճառել կազմակերպությանը։ Հարուցվել է քրեական գործ, Արիստակեսյանին յուրացում կատարելու մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։ Արիստակեսյանը մեղադրանքը չի ընդունել, պնդել է, որ ընկերությունում ենթադրյալ չարաշահումների հայտնաբերվելուց հետո Վաչագան Ղազարյանի կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի հետ զրույց է ունեցել, և վերջինս իրենից պահանջել է 40 մլն դրամ գումար։

Ամիսներ անց, երբ Արիստակեսյանը կալանավորված է եղել, վերջինիս հարազատները 40 մլն դրամ գումար են տվել «Յանս»-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանին՝ համապատասխան ստացականով, և նա վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, որ Արիստակեսյանից ֆինանսական պահանջ չունի։ Արիստակեսյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ 

Վերը նշված ստացականը հայտնաբերվել է Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո՝ Վաչագան Ղազարյանի բնակարանում կատարված խուզարկության արդյունքում։

Դրանից հետո՝ արդեն 2018 թվականին, Սուսաննա Արիստակեսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ հայտնելով, որ 2012-ից 2017 թթ․ աշխատել է «Յանս»-ում` որպես հաշվապահ, և ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Կարապետյանը Վաչագան Ղազայանի և Ռուզաննա Բեգլարյանի պահանջով իր հարազատներից շորթմամբ ստացել է 40 մլն դրամ գումար։ 

Այս դեպքի առթիվ ևս հարուցվել է քրեական գործ, Արիստակեսյանը տուժող է ճանաչվել, սակայն 2020 թվականի հունվարին որոշում է կայացվել քրեական գործը կարճելու, Արիստակեսյանի մատնանշած անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին։ Արիստակեսյանն այս որոշումը բողոքարկել էր դատարանում, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանն արձանագրել է Սուսաննա Արիստակեսյանի իրավունքների խախտման փաստն ու վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել վերացնել իրավունքի խախտումը:

Այս որոշումն այժմ մտել է օրինական ուժի մեջ, ինչից հետո արդեն դատախազությունը, օրենքով սահմանված կարգով որոշել է վերսկսել գործի վարույթը:

Լուսանկարը՝ «Յանս» ռեստորանային համալիրի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter