HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սնկային հիվանդությամբ մրգերը վտանգավոր չեն. «լավ լվացեք, կերեք»

Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ նոր ձևավորված ծիրանի բերքի վրա հայտնաբերվել են սնկային գոյացություններ՝ սև բծեր: Այդ սև բծերը թույլ ձևով արտահայտված են նաև դեղձի վրա:

Հ. Բերբերյանի խոսքերով՝ եթե առաջիկա շաբաթների ընթացքում ևս լինեն տեղումներ, ապա սնկային հիվանդությունը կխորանա: Սնկային հիվանդությունը նկատվել է Արմավիրի և Արարատի մարզերում, մասնավորապես Շահումյան, Աղլիճ, Լճաշեն, Գրիբոյեդով և այլ գյուղերում:

Սնկային հիվանդությունների դեմ պայքարելու համար Հ. Բերբերյանը խորհուրդ է տալիս կատարել համապատասխան սրսկումներ: 1 հա-ի համար դա կարժենա 8-10 հազար դրամ: Սակայն եթե ծառը չբուժվի, մի քանի տարուց կչորանա:

Նրա խոսքերով՝ եթե ծառի բուժումը շուտ կազմակերպվի, ապա այս տարի, նախորդ տարվա համեմատ, փոքր-ինչ՝ 50 հազար տոննայով ավելի բերք կունենանք: Միաժամանակ վտանգ կա, որ բերքատվությունն ավելի քիչ կլինի, որովհետև Հ. Բերբերյանը համոզված չէ, որ բոլոր գյուղացիներն են այդ սրսկումներն անում: Այդ պատճառով էլ պետք է լինի ավիացիոն պայքար:

Հ. Բերբերյանի կարծիքով՝ վերջին շրջանում գյուղնախարարությունը «ուրիշ բանով է զբաղված՝ բացի գյուղատնտեսությունից», այնինչ ոլորտում պետք է կատարել բարեփոխումներ: Գյուղացին ջրով ապահովված է, սակայն ինքը պետք է գնի ջուրը, ոչ թե դա կատարվի միջնորդ կազմակերպությունների միջոցով: Այդ դեպքում ջրի արժեքը կիջնի՝ դառնալով 4.5 դրամ:

Հ. Բերբերյանի խոսքերով՝ մի քանի տարի առաջ գյուղնախարարության բյուջեով նախատեսված է եղել բույսերի պաշտպանության ծրագիրը, որը հանվել է «վայ մասնագետների կամքով». գյուղնախարարությունը չկարողացավ պաշտպանել իր բյուջեն, չեն եղել մասնագետներ, որոնք կառավարությանը ցույց տան իրենց ծրագրերի արդյունավետությունը և ոլորտի խնդիրները:

Հ. Բերբերյանի խոսքերով՝ բերքի 10% կորստի դեպքում պատճառը կլինի պարարտանյութի բացակայությունը: Պարարտանյութը պետք է սուբսիդավորվի: Հայաստանի պարարտանյութի պահանջը 300 հազար տոննայից ավելի է, իսկ այս տարի օգտագործել է ընդամենը 25 հազար տոննա պարարտանյութ:

Այն հարցին, թե արդյոք վտանգավո՞ր են սնկային հիվանդությամբ մրգերը, Հ, Բերբերյանը պատասխանեց, որ վտանգավոր չեն. «Լավ լվացեք, կերեք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter