
Աղվան Վարդանյանն առաջարկում է ապաքրեականացնել ծանր վիրավորանքն ու զրպարտությունը
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է ապաքրեականացնել ծանր վիրավորանքն ու զրպարտությունը, որն ընդունել էր նախորդ գումարման խորհրդարանը և մասնավորապես «Իմ քայլը» խմբակցությունը: Վարդանյանը հիշեցրեց, որ օրենքն ընդունվել էր նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտի օրը:
Հիշեցնենք, որ փոփոխություններով անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքում սահմանված է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից-500 հազար դրամ):
Եթե անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով կամ կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով (500 հազարից մինչև մեկ միլիոն դրամ):
Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ օրենքի փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում (ՍԴ): Ըստ նրա՝ այս կերպ փորձ է արվում սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը՝ հատկապես հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:
«Դեմ եմ հայհոյանքին, այն քաղաքական վարքագծի նորմ չէ, բայց այն նորմ է դարձրել ձեր քաղաքական մեծամասնությունը, ատելության խոսքը ձեր ուժի վարքագիծն է եղել տարիներ շարունակ»,- ասաց նա՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին:
Վարդանյանի խոսքով՝ խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ քաղաքական մեծամասնության պատգամավորները սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել ընդդիմադիրների նկատմամբ, և դա որևէ իրավական հետևանք չի ունեցել:
Վարդանյանը չհամաձայնեց այդ դիտարկման հետ՝ նշելով, թե այս իշխանության ընդունած օրենսդրական փոփոխություններն են, որ փորձում են կանխարգելել ատելության խոսքն ու վիրավորանքը:
Պատգամավորները երկար քննարկեցին՝ որ իրավիճակում և որ ժամանակաշրջանում է որևէ արտահայտություն որակվել հայհոյանք, որ դեպքում՝ վիրավորանք: Երկար քննարկումներից ու վիճաբանություններից հետո նախագիծը չստացավ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Մեկնաբանել