HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատաքննություն կիրականացվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Պապոյանի, որոշել է հեռակա կարգով դատաքննություն իրականացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով անցնող ամբաստանյալ Նասրին Կարչեգանիի նկատմամբ, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է: Նասրին Կարչեգանին շուրջ 40 օր գտնվել է հետախուզման մեջ, նրան հայտնաբերել չի ստացվել: Վերջինս ամբաստանյալի աթոռին էր հայտնվել իրանցի ամուսնու և ՀՀ քաղաքացիների հետ:

Նշենք, որ մեղադրյալի բացակայությամբ վարույթն իրականացնելու վերաբերյալ գլուխը Քրեական դատավարության օրենսգրքում լրացվել է 2021  թվականի հունիս ամսին: Այսպիսի վարույթ կարող է իրականացվել, երբ մեղադրյալը խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց: Օրենքը նաև սահմանում է, որ մեղադրյալի բացակայությամբ հեռակա վարույթ չի կարող իրականացվել, եթե մեղադրյալը պատշաճ ծանուցված չէ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման մասին կամ վարույթին մասնակցելն անհնարին է՝ իր կամքից անկախ հանգամանքներով, չեն ձեռնարկվել անհրաժեշտ և բավարար միջոցներ գործի քննությանը մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար:

Հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշում կայացնելու պահից քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Այս դեպքում վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարումը:

Կարչեգանի ամուսինը՝ Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհն, ըստ մեղադրանքի, ՀՀ Մաքսային սահմանով Իրանի Իսլամական Հանրապետությունից ապօրինի առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ դեղամիջոցներ է ներմուծել Հայաստան՝ դրանք իրացնելու համար։

Նասրին Հասսանի Արաբի Կարչեգանիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ և հոգեմետ դեղամիջոցներ իրացնելու նպատակով կազմակերպված կայուն խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու դիտավորությամբ իրենց ընտանիքի բնակության վայրում իրացման նպատակով ապօրինի պահել է թմրամիջոցներ և հոգեմետ դեղամիջոցներ։

Ըստ քրեական գործի՝ կազմակերպված խմբի կազմում նախապես կատարվել է դերաբաշխում, համաձայն որի՝  2017թ. հունիս ամսից, քննությամբ դեռևս չպարզված օրվանից սկսած, ԻԻՀ քաղաքաի Մոհամմադռեզա Յադոլլահի Աքբարի Քելիշադին ինքնությունը դեռևս չպարզված անձից ԻԻՀ-ում մատչելի գնով՝ 1 գրամը 5-6 ԱՄՆ դոլարին համարժեք 22.000-23.000 ԻԻՀ թումանով, ձեռք է բերել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի առանձնապես խոշոր չափերի խմբաքանակներ և դրանք թաքցնելով կենցաղային իրերի՝ փոշեկուլի, բանջարեղեն աղալու սարքի մեջ, ԻԻՀ-ից ավտոբուսով առաքել ՀՀ։ Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհը, իրականացնելով կազմակերպված խմբի հանցավոր գործունեության մեջ իր ստանձնած դերակատարումը, ստացել է Մոհամմադռեզա Յադոլլահի Աքբարի Քելիշադիի կողմից ուղարկված առաքանին և կազմակերպել դրա մեջ թաքցված թմրամիջոցի՝ ՀՀ-ում իրացման գործընթացը։ ԻԻՀ-ից մաքսանենգ եղանակով ՀՀ առաքվող «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի արագ և մեծածախ իրացումը կազմակերպելու նպատակով, Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհը նույն ժամանակահատվածում պայմանավորվածություն է ձեռք բերել  ՀՀ քաղաքացիներ Արա  Ազիզյանի հետ, ով Դավիթ  Մանուկյանի և Սարգիս Օհանջանյանի հետ նախնական համաձայնությամբ ստանձնել է թմրամիջոցի մանրածախ իրացման պարտականությունը տարբեր անձանց, այդ թվում՝ նաև Էդգար Մանվելի Մխոյանին ապօրինի իրացնելով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի խմբաքանակները։

Ըստ քրեական գործի՝ Մաջիդ Սաֆարալիի Էսմայիլզադեհից և Նասրին Հասսանի Արաբի Կարչեգանիից իրացման նպատակով Արա Ազիզյանի և Սարգիս Ալեքսան Օհանջանյանի հետ ապօրինի ստացած թմրամիջոցի մանրածախ իրացումն ավելի արդյունավետ և արագ կազմակերպելու նպատակով Դավիթ Մանուկյանը վարձակալել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 50 հասցեում գործող «Baker street 221b» գիշերային ակումբը, ապա «մեթամֆետամին» տեսակի առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի 1 գրամը 100.000 ՀՀ դրամով իրացրել ինքնությունները դեռևս չպարզված տարբեր, այդ թվում՝ թմրամիջոցի ձեռք բերման նպատակով նրա հետ ունեցած պայմանավորվածությունների համաձայն ակումբ այցելած անձանց։

Ընդհանուր առմամբ, ըստ գործի, վերը նկարագրված եղանակով, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում ԻԻՀ-ից ՀՀ է ներմուծվել նվազագույնը 337.428 գրամ քաշով «մեթամֆետամին», 4.0188 գրամ քաշով «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ և 0.01483 գրամ ընդհանուր քաշով «ալպրազոլամ» տեսակի հոգեմետ դեղամիջոց պարունակող դեղահաբեր։

Նշենք, որ Նասրին Կարչեգանիի նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո վերջինիս գործն անջատվել էր ամուսնու և մյուս ամբաստանյալների գործից, սակայն, հաշվի առնելով, որ Կարչեգանիի նկատմամբ դատաքննությունը որոշվեց հեռակա անցկացնել, գործը նորից միացավ մյուսների վերաբերյալ քննվող գործին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter