HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամեն օր գերեզման եմ գնում, իր տները մաքրում եմ, հետո նոր՝ մեր տունը». Էրիկը զոհվել է՝ օգնության սպասելով

Ձմեռնամուտին պատրաստվող բակում դեղնած տերեւներն անկանոն ընկել են։ Առավոտվա մառախուղը, կարծես, ստվեր է թողել այդտեղ։ Լեդին այս ու այն կողմ է վազվզում։ Անծանոթներիս տեսնելով՝ նկատելի դողում է։ Հայկուհին գրկում է շանը՝ մեզ զգուշացնելով, որ գուցե հարձակվի, զգույշ լինենք։ Որդին՝ Էրիկը, բանակ գնալուց առաջ խնդրել էր ծնողներին խնամել շանն ու աղավնիներին՝ չիմանալով, որ խնամքն ընդմիշտ է թողնելու նրանց։

Լեդին դեռ ձագ էր, երբ Էրիկը տուն բերեց։ Շունը դարձել է ընտանիքի լիարժեք անդամ՝ օրվա ճաշից ամենալավ բաժինը նրան են տալիս։ Գուցե կենդանին այդպես էլ չհասկանա, որ իր ընկերն այլեւս չի վերադառնա։

Արմավիր քաղաքի այն փողոցը, որտեղ մինչեւ բանակ զորակոչվելն ապրում էր Էրիկ Աբրահամյանը, մեր այցի պահին մի տեսակ հանդարտ էր։

«Շատ էր սիրում իր փողոցը։ Ասում էր՝ որ ինձ տուն առնեք, էս փողոցում կառնեք, ես ուրիշ տեղ չեմ ուզում։ Ուր էլ տանեինք, մեկ է՝ իր ուշքն ու միտքը իր Արմավիր քաղաքն էր։ Էնքան սիրեց իր Արմավիրը, գրկեց ու պառկեց»,- ասում է մայրը, ու նրա խոսքերը մորմոքի պես են։

Հյուրասենյակի պատին Էրիկի մեծ նկարն է՝ ամբողջ հասակով։ Երբ մի քիչ երկար ես նայում, թվում է՝ ինչ-որ ասելիք ունի հյուրերին։ Լուսանկարներում Էրիկի ժպտացող դեմքն է, երբեմն ծիծաղկոտ, եւ տպավորություն է, որ ծիծաղի ձայնը հորդում է, ու եթե կարողանաս որսալ, կլսես։

Հայկուհի Սարգսյանը որդու մեծ լուսանկարի դիմաց է նստում։ Զրույցի ընթացքում մերթընդմերթ նայում է նրան։ Էրիկը երկու որդիներից ավագն է՝ 2001 թ․ ծնված։ Եղբորից տարբերվում էր աշխույժ բնավորությամբ։

Մանկության տարիներին զբաղվում էր տարբեր սպորտաձեւերով՝ լող, բռնցքամարտ, ֆուտբոլ, կարատե, ըմբշամարտ։ Եվ ամեն մի սպորտաձեւից վնասվածք ստանալուց հետո թողնում էր այն, հաճախում մեկ այլ մարզաձեւի․ ֆուտբոլում ուսն էր վնասել, ըմբշամարտում՝ ողնաշարը։ Սպորտին զուգահեռ նաեւ կենդանիներ էր պահում, բայց ամենաերկարը պահեց Լեդիին։ Հայկուհին ասում է՝ այնքան էր իր կողքին քնեցնում, որ շունը սովորել էր մեջքի վրա քնել։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո սովորել էր Արմավիրի պետական քոլեջում, հետո ընդունվել Արեւմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի (ք. Տերնոպոլ) Երեւանի մասնաճյուղ, սովորում էր «ֆինանսներ, վարկային գործ եւ հաշվապահություն» մասնագիտությամբ։ Սովորելուն զուգահեռ Էրիկը չրի արտադրամաս էր հիմնել, որտեղ աշխատում էր մոր հետ։ Բանակ զորակոչվելուց առաջ հասցրել էր մեքենա գնել հոր համար՝ ասելով, թե մինչեւ իր զորացրվելը թող տաքսի քշի։ Հայրը առողջական խնդիրներ ունի, եւ ծանր գործը նրան հակացուցված է։

Համալսարանում մի կիսամյակ սովորելուց հետո Էրիկն ինքնակամ դիմում էր գրել զինկոմիսարիատում՝ զինծառայության մեկնելու համար։ Ծնողները դեմ էին այդ հապճեպությանը։ Մայրն ասում է՝ ողնաշարի խնդիր ուներ, եւ կարող էին հետաձգել բանակ գնալը, բայց որդին դեմ էր՝ ասել էր, թե ինչ տարբերություն, միեւնույնն է՝ գնալու է։ Բացի դրանից՝ ցանկանում էր տարեկից ընկերների հետ զորակոչվել։ 2020 թ․ հունվարի 14-ին Էրիկը զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցել է Արցախի Մարտունիում, հրետանավոր էր։

Ծնողները Էրիկին վերջին անգամ տեսել էին փետրվարին՝ երդման արարողության ժամանակ, դրանից հետո կորոնավիրուսի պատճառով տղաները կարանտինի մեջ էին։ Ամբողջ ծառայության ժամանակ Էրիկն ամեն օր զանգում էր տուն։

Պատերազմից երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, դիրքերից նոր էր իջել։ «Երեւի մի ժամ խոսեցինք։ Ասեց՝ մամ, էնքան խառն ա դրությունը, ուժեղ պերեվոդներ են, կարող ա ինձ էլ տանեն առաջնագիծ»,- հիշում է մայրը։ Սեպտեմբերի 27-ին, հիշում է Հայկուհին, ամուսինը սովորականի պես պատրաստվում էր աշխատանքի գնալ, երբ ինքը հեռախոսով կարդաց պատերազմի լուրը։ Անմիջապես զանգել էր Էրիկին։ Թշնամու արձակած արկերից մեկն առավոտյան ընկել էր զորամասի ճաշարանի վրա: Ըստ էության, հաշվարկ էր արվել, որ նախաճաշի ժամ է, զինվորները ճաշարանում կլինեն, բայց օրը կիրակի էր, եւ վերկացն ավելի ուշ էր։

«Ասեցի՝ վախեցա՞ք, ասեց՝ չէ, մամ։ Ընկերոջն էր զանգել, ասել էր՝ մեզ դիրքեր են հանում, պատերազմ ա, ընկերն ասել էր՝ ի՞նչ պատերազմ, գժվա՞ր, անջատել էր ու քնել։ Էնքան կատակասեր էր, որ ասում էի՝ մի օր օգնություն ես գոռալու, ոչ մեկ չի հավատալու»,- պատմում է մայրը։

Էրիկի հետ վերջին հեռախոսազրույցը նրա ծննդյան օրն էր՝ 2020 թ. նոյեմբերի 2-ին։ Դրանից մեկ օր առաջ երբ խոսել էին, ասել էր, թե կամավորականները գառ են բերել, ծննդյան օրը մորթելու են։ Բայց նոյեմբերի 2-ին իրավիճակը շատ լարված էր, ծնունդը նշել էին վաֆլիով։ Այդ օրը մորն ասել էր, թե բազմաթիվ շնորհավորանքներ ու զանգեր է ստացել, նույնիսկ այնպիսի մարդկանցից, որ երբեք չէր սպասի։ Մայրն էլ պատասխանել էր, թե բնական է, քանի որ հիմա ինքը պատերազմի դաշտում է։

Պատերազմի սկսվելուց հետո Էրիկը Մարտունու պաշտպանական դիրքերում էր։ Նոյեմբերի 2–ի գիշերը Էրիկին ու մի քանի տղաների տեղափոխել էին Մարտունու «Կողակ» բարձունք։ Գնալուց առաջ Էրիկն ու ընկերը նռնակներն ամրացրել էին թեւերին, որ գերի ընկնելուց առաջ պայթեցնեին: Հայկուհին որդու կյանքի վերջին ժամերի իրադարձությունների մասին տեղեկացել է նրա մարտական ընկերներից:

Ասում է՝ տղաներին խաբել էին ու ասել, թե երրորդ գիծ են տեղափոխում, բայց հակառակն էր։ Էրիկը հասկացել էր դա ու ընկերներին ասել, որ իրենց մսաղաց են տանում։ Նոյեմբերի 3-ի առավոտյան մարտերը սկսվել էին։ 11։30-ին թշնամու դիպուկահարի կրակոցից վիրավորվել էր Էրիկենց հրամանատար Գեւորգ Գասպարյանը, բայց մարտի դաշտն ու իր զինվորներին չէր թողել։ Մինչեւ շտապօգնության մեքենան կհասներ, հրամանատարը երկրորդ վիրավորումն էր ստացել ու զոհվել։ Այդ ընթացքում նրա գործառույթն իր ձեռքն է վերցրել Էրիկը։ Ժամեր անց վիրավորվել է նաեւ Էրիկը. արկի բեկորից վնասվել էր ոտքի զարկերակը։

«Հետո կրակոցներն ուժեղացել էին, ընկերներն ուզեցել էին քաշել հանել, ասել ա՝ փախեք, ձեզ չկպնի, էնտեղ խաբար արեք։ Գնացել զեկուցել էին, որ Էրիկը վիրավոր ա, սակայն ոչ ոք օգնության չի գնացել։ Էրեխես էնքան ա մնացել աչքը ճամփին, արնաքամ ա եղել»,- ասում է Հայկուհին՝ նշելով, որ Էրիկի վիրավորման մասին զեկուցվել էր սպառազինության գծով տեղակալ Գեղամ Պողոսյանին, որը, սակայն, մոր պատմելով, որդուն օգնության չի հասել։ Երբ ավելի ուշ Հայկուհին գրել է նրան, թե ինչու օգնության չի շտապել, Պողոսյանը հակադարձել է, թե գնացել է ու Էրիկին տարհանել մարտադաշտից։ Բայց Հայկուհին պնդում է, որ որդին երեք օր մնացել է ամայի դաշտում, միջատները նույնիսկ ծակծկել էին մի այտը։

Հայկուհու ասելով՝ մինչեւ նոյեմբերի 3-ը Էրիկն իր վիրավոր մարտական ընկերներին օգնություն էր ցուցաբերում, տեղափոխում էր մարտի դաշտից, սակայն այդ օրը նրան ոչ ոք չօգնեց։ Այդուհանդերձ, մայրն ընկերներին չի մեղադրում, ասում է՝ էրեխեք են, գուցե վախեցել են, վախն էլ բնական է: Բայց շեշտում է, որ մինչեւ կյանքի վերջ չի ներելու Գեղամ Պողոսյանին։

Էրիկի մարմինը գտել են զոհվելուց 15 օր հետո՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցի դիահարձերանի մոտ գտնվող բեռնատարի միջից՝ ցելոֆաններով փաթաթված, նռնակն էլ՝ թեւին ամրացված։ Այդ 15 օրերին հարազատներն Էրիկին փնտրում էին հոսպիտալներում ու դիահերձարաններում։

Հիմա ամեն առավոտ Հայկուհին գնում է որդու մոտ՝ Արմավիրի քաղաքային պանթեոն։ «Ամեն օր գերեզման եմ գնում։ Իր տները մաքրում եմ, հետո նոր՝ մեր տունը»,- ասում է նա։ Մենք լռում ենք։ Խոսելը չափազանց դժվար է։ «Ինքն իմ շնչառությունն էր, իմ սրտի աշխատանքը»,- ասում է մայրը։

Էրիկի զոհվելուց հետո Հայկուհին որդու ներկայությունը զգում է նշանների միջոցով։ Ասում է՝ այդ փաստին շատ սթափ է մոտենում։ Զրույցին ներկա հարեւանուհին պատմում է մի դեպք, երբ մի քանի հոգի Հայկուհու հեռախոսից զանգեր էին ստացել ու լսել նրա լացի բարձր ձայնը։ Երբ տուն էին մտել, տեսել էին, որ Հայկուհին որդու նկարի մոտ է, իսկ հեռախոսը՝ նրանից հեռու։ Հայկուհին ասում է՝ հեռախոսին ընդհանրապես մոտ չէր գնացել, իսկ թե ինչպես են զանգեր կատարվել մի քանի հոգու, բացատրություն չունի։

Այս տարվա նոյեմբերի 2-ին Էրիկի 20-ամյակը ծնողները կազմակերպել էին ռեստորանում։ Հայկուհին ասում է՝ 150 հոգու էր հրավիրել։ Էրիկին խոստացել էր, որ տոնելու են նրա 20-ամյակն ու հարսանիքը։ Մայրն այդ երեկոյից կադրեր է ցույց տալիս. հյուրերն անընդհատ մաքրում են աչքերը, սրահում Էրիկի մեծ լուսանկարն է, կողքին՝ տորթը։ Էկրանին էլ անընդհատ պտտվում են նրա լուսանկարները։

Էրիկ Աբրահամյանը հետմահու պարգեւատրվել է Արցախի «Մարտական ծառայություն» մեդալով։

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter