HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ադրբեջանցիները միտումնավոր խլացնում են բջջային կապի և համացանցի հասանելիությունը»․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանն ահազանգում է, որ ադրբեջանցիները միտումնավոր խլացնում են բջջային կապի և համացանցի հասանելիությունը։ Այս մասին Արցախի օմբուդսմենը ֆեյսբուք իր էջում գրառում է արել, որում մասնավորապես ասվում է հետևյալը․

«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝ բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին։

Նույն հարցով ԱՀ իրավասու մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում հարցը ներկայացվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, և վերջիններիս միջամտությամբ խլացումների խնդիրը, կարծես թե, կարգավորվել էր։

Սակայն 2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո խնդիրը նորից առաջացել է, և արդեն շուրջ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով։

Խնդիրն առավել սուր է արտահայտված այն համայքներում, որոնք 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախի տարածքի օկուպացիայի հետևանքով հայտվել են շփման գծի հարևանությամբ։ Որոշ համայնքների պարագայում կապն ընդհանրապես բացակայում է։

Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։

Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային կապից և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։

Պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին հրավիրում եմ այս խնդրին, որը կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ հստակ կրում է հումանիտար բնույթ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter