HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետի աշխատակազմը հերքել է սահմանագծման եւ սահմանազատման մասին փաստաթղթի գոյությունը

Վարչապետի աշխատակազմն արձագանքել է «5165 շարժման» նոյեմբերի 20-ի հայտարարությանը եւ կառավարությանն ուղղված գրությանը, որով պահանջվում էր հրապարակել սահմանագծման ու սահմանազատման վերաբերյալ ստորագրվելիք փաստաթուղթը։

Շարժման գրության մեջ, մասնավորապես, ասվում էր․ «Նոյեմբերի 22-ին «5165 շարժման» անդամներս և ՀՀ մի խումբ քաղաքացիներ գրավոր դիմում հանձնեցինք Կառավարությանը՝ պահանջելով հանրայնացնել Նիկոլ Փաշինյանի վկայակոչած փաստաթղթի բովանդակությունը, որը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը:

Դիմումի մեջ նշել էինք փաստաթղթի հետ կապված մեր մտահոգությունները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությունից թշնամուն կենսական տարածքներ, ռազմավարական կապուղիներ ու բարձունքներ զիջվելու, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչվելու հնարավորությանը:

Նոյեմբերի 23-ին ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանը մեր պահանջի առնչությամբ հայտարարեց, որ իր նշած փաստաթուղթը վերաբերում է միայն սահմանագծման ու սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելուն: Մենք քանիցս պարզաբանեցինք, որ մեր պահանջը բնականաբար վերաբերում է ոչ թե հանձնաժողովի ձևավորման փաստին, այլ դրա աշխատանքների հիմքում ընկած քարտեզներին, սկզբունքներին, հայկական կողմի համար ընդունելի և անընդունելի զիջումներին (կարմիր գծեր): Կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում էր այս ամենը:

Նա անշուշտ հասկանում էր, որ մեր պահանջը վերաբերում է սահմանագծման ու սահմանազատման մեխանիզմներին, որոնք մինչև տարեվերջ հստակեցվելու են՝ համաձայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության, որ արվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ու ստորագրված հայտարարության առնչությամբ»:

Նոյեմբերի 29-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից շարժման անդամները ստացել են գրություն այն մասին, որ ՀՀ կառավարությանն ուղղված մեր դիմումում նշված բովանդակությամբ փաստաթուղթ գոյություն չունի և որ այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված իր հարցազրույցի ընթացքում:

«Նման պատասխանը հերթական վկայությունն է այն բանի, որ.

1. Նիկոլ Փաշինյանը, հանրային արդարացի պահանջի բովանդակությունը քաջ գիտակցելով հանդերձ, ժողովրդին չի հայտնում սահմանագծման ու սահմանազատման հետ կապված ողջ ճշմարտությունը, թե ինչ է սպասվում Արցախի հարցին, ՀՀ-ի սահմանային տարածքների հարցին, թեև նախկինում խոստացել էր գալ հրապարակ և հայտնել ժողովրդին:

2. Հերթական անգամ հանրությունից թաքցվում է նրա թիկունքում ձեռք բերված իրական պայմանավորվածությունները:

3. Նիկոլ Փաշինյանը անթույլատրելիորեն միանձնյա որոշումներ է ընդունում համազգային նշանակության կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ՝ այս գործընթացին մասնակից չդարձնելով իշխանության մյուս թևերին և փաստորեն ուզուրպացնելով ողջ իշխանությունը»,- նշված է 5165 շարժման՝ այդ պատասխան-գրության վերաբերյալ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter