HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ընտրություններից առաջ Այրումի համայնքապետի պաշտոնակատարը սոցօգնություն տրամադրելու որոշում է ընդունել, ապա՝ անվավեր ճանաչել 

Այրումի համայնքապետի պաշտոնակատար Արայիկ Պարանյանը, որը դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի երկրորդ համարն է, նոյեմբերի 30-ին որոշել է 15-ից մինչև 30 հազար դրամ աջակցություն տրամադրել համայնքի 26 ընտանիքի: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Նոյեմբերյան խոշորացված համայնքում դեկտեբերի 5-ին կայանալիք ընտրություններին ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը:

Վերջինիս խոսքով՝ սոցիալական աջակցություն տրամադրելու մասին տեղեկատվությունը տեղադրվել է համայնքապետարանի կայքում, և աղմուկ բարձրացրել համայնքում: Երեկ Արայիկ Պարանյանը պարզաբանել է, թե չի պատկերացրել, որ բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելը կարող է խնդրահարույց լինել:

«Ասում է՝ ես չեմ իմացել, որ այս նախընտրական շրջանում չի կարելի բնակիչներին օգնություն տրամադրել»,- համայնքապետ պաշտոնակատարի պարզաբանումը ներկայացրեց Գագիկ Աբովյանը:  

Այսօր Պարանյանն Աբովյանին տեղեկացրել է, որ օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումը չեղարվել է: Գագիկ Աբովյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արայիկ Պարանյանը իրեն ասել է, թե սոցիալական աջակցությունը «հետ են հավաքում»:

Նշենք, որ այսօր առավոտյան Այրումի համայնքապետարանի կայքում միայն սոցիալական աջակցություն տրամադրելու մասին որոշումն էր տեղադրված, սակայն քիչ առաջ կայքում ավելացվել է նաև այդ որոշումն անվավեր ճանաչելու մասին համայանքապետի որոշումը՝ կրկին թվագրված նոյեմբերին 30-ով:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ 

Այս համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով քաղաքացիներն ընտրելու են ավագանի, որն էլ համայնքի ղեկավար է ընտրելու։ Ըստ օրենքի՝ համամասնական կարգով ընտրում են 4000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում։ 

Կառավարությունը 2021 թ. սեպտեմբերի 8-ի նիստում ընդունել է որոշում, որով առաջարկում էր 441 համայնքի միավորմամբ ձևավորել 37 համայնք։ Դրանցից մեկն էլ Նոյեմբերյան (Նոյեմբերյան, Կողբ, Այրում) համայնքն է։ Օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց սեպտեմբերի 24-ին

Դեռեւս 2016թ. Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները խոշորացվել էին. Նոյեմբերյան քաղաքին միացել էին Բերդավան, Բաղանիս, Դովեղ, Ջուջեվան, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան բնակավայրերը, Կողբին՝ Կողբ եւ Զորական բնակավայրերը, իսկ Այրումին՝ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեղձավան,Դեբեդավան, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերը։ 

Նոյեմբերյանում ընտրություններին մասնակցում է 3 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը Նոյեմբերյանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Աբազյանն է, և երկրորդ համարն, ինչպես արդեն նշեցինք, Արայիկ Պարանյանն է:

Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Պարանյանը նաև առանց արձակուրդի մեկնելու քարոզարշավի է մասնակցել, այդ թվում՝ աշխատանքային ժամերի: Աբովյանը նշեց, որ ինչպես սոցիալական աջակցություն տրամադրելու, այնպես էլ քարոզարշավին մասնակցելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղյակ է, և հնարավոր է՝ իրեն ևս նկատողություն հայտարարեն՝ իրավիճակին պատշաճ չտիրապետելու համար:

Պարանյանն ասում է՝ սոցիալական աջակցությունը չպետք է ընտրակաշառք դիտարկել

Այրումի համայնքապետի պաշտոնակատար Արայիկ Պարանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը պարբերաբար համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու որոշումներ է կայացրել, և այս անգամ ևս հերթական որոշումն է կայացրել, որը չպետք է դիտարկվի որպես ընտրակաշառք:

Պարանյանն ասում է, որ թեև որոշումը կայացվել էր, այս պահին դեռևս որևէ ընտանիքի չի փոխանցվել աջակցությունը:

«Դեռևս գումար չի տրամադրվել, հիմա գումարը հետ է փոխանցվելու մեր բյուջե»,- ասաց Արայիկ Պարանյանը: Մեր հարցին՝ եթե աջակցությունը դեռևս չի տրվել, որտեղի՞ց է այն հետ գանձվելու, Պարանյանը միայն  կրկնեց, որ նույնիսկ մեկ դրամ գումար չի տրամադրվել:

Հետաքրքրվեցինք, թե ե՞րբ է կայացվել համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու որոշումն անվավեր ճանաչելու մասին որոշումը, համայնքապետի պաշտոնակատարն ասաց, որ երեկ է կայացվել՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար: Համայքապետարանի կայքում որոշումը թվագրված է նոյեմբերի 30-ով: 

Պարանյանը պնդեց նաև, որ ինքն աշխատանքային ժամերին քարոզարշավի չի մասնակցել, իսկ դեկտեմբերի 1-ից արձակուրդում է գտնվում: Խնդրեցինք պարզաբանել, թե այդ դեպքում ինչպե՞ս է երեկ, այսինքն` դեկտեմբերի 1-ին չեղարկել սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ իր որոշումը, եթե ասում է, որ երեկվանից արձակուրդի մեջ է գտնվել: 

«Կներեք, 30-ից»,- ասաց Պարանյանը, ապա նորից, փոխելով խոսքը՝ նշեց, թե դեկտեմբերի 1-ից է արձակուրդի մեջ եղել, իսկ վայրկյաններ անց արդեն հստակեցրեց, որ այսօրվանից է արձակուրդում:

Հավելենք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանը հայտնեց, որ այս պահին առկա փաստերն ինքը պետք է ներկայացնի իրավապահներին:

Լուսանկարում՝ Արայիկ Պարանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter