HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

3 կուսակցություն կպայքարի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում

Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ 

Այս համայնքներում ընտրություններն անցկացվելու են համամասնական կարգով․ քաղաքացիներն ընտրելու են ավագանու կազմը, որն էլ համայնքի ղեկավար է ընտրելու։ (Ըստ օրենքի՝ համամասնական կարգով ընտրում են 4000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներում)։ 

Հիշեցնենք, որ կառավարությունը 2021 թ. սեպտեմբերի 8-ի նիստում ընդունեց որոշում, որով առաջարկում էր 441 համայնքի միավորմամբ ձևավորել 37 համայնք։ Դրանցից մեկն էլ Նոյեմբերյան (Նոյեմբերյան, Կողբ, Այրում) համայնքն է։ Օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց սեպտեմբերի 24-ին: 

Դեռեւս 2016թ.-ին Նոյեմբերյան, Կողբ եւ Այրում համայնքները խոշորացվել էին. Նոյեմբերյան քաղաքին միացել էին Բերդավան, Բաղանիս, Դովեղ, Ջուջեվան, Ոսկեպար, Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան բնակավայրերը, Կողբին՝ Կողբ եւ Զորական բնակավայրերը և Այրումին՝ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեղձավան,Դեբեդավան, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերը։ 

Նոյեմբերյանում դեկտեմբերի 5-ի ընտրություններին մասնակցում է 3 կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Ապրելու երկիր»-ը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը։ 

Ո՞վքեր են գլխավորում ընտրական ցուցակները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար, ժ/պ Կարեն Աբազյանը։ 

Նա 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրվել է Նոյեմբերյան համայնքի ղեկավար: 

Նախորդ ընտրությունների ժամանակ եղել է անկուսակցական, իսկ այս` դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրություններին մասնակցում է ՔՊ-ի ցուցակով։ Ընտրական ցուցակում Կարեն Աբազյանին հաջորդում է Արայիկ Պարանյանը։ Նա Այրում համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն է, իսկ ցուցակի 3-րդ համարը «Նոյեմբերյան» ԲԿ-ի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանն է: Ընտրական ցուցակում առաջադրված թեկնածուները 33-ն են, բոլորը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։

«Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը Կողբ համայնքի (Կողբ, Զորական) նախկին ղեկավարն է՝ Արսեն Աղաբաբյանը։ Կողբ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերյոժա Ավագյանը ընտրություններին ներգրավված է ՔՊ-ի ցուցակով։ Արսեն Աղաբաբյանն անկուսակցական է։ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակում առաջադրված 2-րդ համարի թեկնածուն Վանուշ Ամիրաղյանն է, նա Նոյեմբերյան քաղաքի քաղաքապետն է եղել 2008-2016թթ․-ին, 2016թ․-ի ընտրություններին մասնակցել է ՀՀԿ-ի ցուցակով։

Ընտրական ցուցակով 3-րդ համարը Անահիտ Փարսադանյանն է: Նա վերջերս ստեղծված «Բերդավան» հիմնադրամի համակարգողն է։ Ընտրական ցանկում ընդգրկված է 32 անձ, 8-ը՝ անկուսակցական։

Ընտրություններին մասնակցող 3-րդ կուսակցությունը «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունն է։ Ընտրական ցուցակը գլխավորում է անկուսակցական, անհատ ձեռներեց Մհեր Աղամյանը։ Երկրորդ տեղում անհատ ձեռներեց Քաջիկ Անանյանն է, իսկ 3-րդ համարը Բագրատաշեն համայնքի դպրոցի տնօրեն Լիանա Ալավերդյանն է։ Ընտրական ցուցակում 19 հոգի է ներառված, 7-ը ՝ անկուսակցական։

Ի՞նչ են հայտարարագրել թեկնածուները

Տավուշի մարզի թիվ 37 տարածքային ընտրական հանձնաժողովը «Հետքին» տրամադրել է ընտրություններին մասնակցող թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ 

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Կարեն Աբազյանի հայտարարագիրը

ՔՊ-ի ցուցակի առաջին համար Կարեն Աբազյանն իր անունով անշարժ գույք չունի, իսկ շարժական գույքերից ներկայացրել է Toyota 4Runner մակնիշի մեկ ավտոմեքենա, Vaz 2106 մակնիշի ավտոմեքենա և Gaz 53 մակնիշի ավտոմեքենա։ Թեկնածուն թանկարժեք գույք չի հայտարարագրել, որպես եկամուտ հայտարարագրել է 4 450 683 դրամ աշխատավարձ, հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ ունեցել է 2300 ԱՄՆ դոլար և 3.450 000 դրամ գումար։

«Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Արսեն Աղաբաբյանի հայտարարագիրը

Արսեն Աղաբաբյանը հայտարարագրել է Կողբ համայնքում գտնվող 2 հողատարածք՝ 01հա և 0,08 հա մակերեսով և որպես Կողբի համայնքապետ ստացած աշխատավարձը՝ 3.113.000 դրամ։ 

«Հանուն Հանրապետության» կուսակցության ցուցակը գլխավորող Մհեր Աղամյանի հայտարարագիրը

Թեկնածուն հայտարարագրել է համասեփականության կարգով Պտղավան համայնքում գտնվող առանձատուն, 3 մլն դրամ շահույթ, դրամական միջոցներ հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ՝ 1200 ԱՄՆ դոլար, 500 000 դրամ։

Ուսումնասիրել ենք նաեւ ընտրական ցուցակների 2-րդ և 3-րդ համարների հայտարարագրերը։ ՔՊ-ի ցուցակի 2-րդ համար Արայիկ Պարանյանը հայտարարագրել է 1 բնակելի տուն և 1 ավտոկայանատեղի Պտղավան համայնքում։ Որպես եկամուտ հայտարարագրել է 4 296․000 աշխատավարձ Այրումի համայնքապետարանից և 1.380.000 կենսաթոշակ՝ ոստիկանությունից։ Հայտարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 300 000 դրամ։

Ցուցակի 3-րդ համարը Հայկանուշ Բեգլարյանն է։ Հայտարարագրում ներկայացրել է 6 անշարժ գույք՝ 5 բնակարան, որից 3-ը՝ Նոյեմբերյանում, մեկը՝ Երևանում, մյուսը՝ Ոսկեպարում, և 1 հողատարածք Ոսկեպարում։ Հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ Lexus gx 470  2004 և Land-Rover 2007 մակնիշի։ «Թանկարժեք գույք» բաժնում Բեգլարյանը հայտարարագրել է 20 մլն դրամ ընդհանուր արժեքով ոսկյա և արծաթյա զարդեր։ Նա հայտարարագրել է նաև 2,4 մլն դրամ աշխատավարձ, ևս 2 մլն դրամ Հայկանուշ Բեգլարյան Ա/Ձ-ից ստացած եկամուտ։ Դրամական միջոցները հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ բաժնում ներկայացրել է 9 մլն դրամ, 1000 ԱՄՆ դոլար և 55 հազար ռուբլի։

«Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համար Վանուշ Ամիրաղյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք՝ առանձնատուն Նոյեմբերյանում, հողամասեր Նոյեմբերյանում և հասարակական նշանակության կառույց Նոյեմբերյանում։ Հայտարարագրում 2 մեքենա է՝ Lexus GX 470 2005թ․ և Մերսեդես C 1998թ․։ Եկամուտների բաժնում հայտարարագրված է 1 մլն 200 հազար դրամ վարձավճար։

Ցուցակի երրորդ համար Անահիտ Փասադանյանի հայտարարագրում որևէ բան լրացված չէ։

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ի ընտրական ցուցակի երկրորդ համար Քաջիկ Անանյանը հայտարարագրել է Նոյեմբերյան քաղաքում գտնվող առանձնատուն, երկու վարելահող եւ խաղողի մեկ այգի։ Հայտարարագրված է երկու ավտոմեքենա՝ 2002 թվականի արտադրության Nissan Pathfinder եւ 1996 թվականի արտադրության «Գազել» մակնիշի մեքենա։ Որպես ԱՁ հայտարարագրել է 3 մլն դրամ շահույթ եւ 2 մլն դրամ որպես այլ եկամուտ։ Հայտարարագիրը լրացնելու պահին ունեցել է 200 հազար դրամ եւ 600 ԱՄՆ դոլար դրամական եկամուտ։

Կուսակցության մյուս թեկնածուն՝ Լիանա Ալավերդյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 առանձնատուն Բագրատաշեն համայնքում եւ 1,6 հա հողատարածք։ Որպես աշխատավարձ հայտարարագրել է 1.826.000 դրամ, ինչպես նաեւ՝ դրամական միջոցներ հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ՝ 650.000 դրամ եւ 200 ԱՄՆ դոլար։ Նա նաեւ բաժնետոմս ունի «Ակբա» բանկում։

Գլխավոր լուսանկարում՝ Կարեն Աբազյանը, Արսեն Աղաբաբյանը, Մհեր Աղամյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter