
Աշխարհում հետազոտություններ են իրականացնում կորոնավիրուսի «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ
2021 թվականի նոյեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ «Օմիկրոնի» մասին:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այժմ գիտնականները Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ:
Այս պահին պարզ չէ, «Օմիկրոն» տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակելի է, թե ոչ, չնայած Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է այս տարբերակը, ավելացել են կորոնավիրուսային հիվանդության դեպքերը:
Ներկայում իրականացվում են համաճարակաբանական հետազոտություններ` պարզելու` արդյոք այն պայմանավորված է «Օմիկրոն» տարբերակով, թե՞ այլ գործոններով:
COVID-19-ի հարուցչի բոլոր տարբերակները, ներառյալ ամբողջ աշխարհում գերիշխող «Դելտա»-ն, կարող են հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի և մահվան՝ հատկապես ռիսկի խմբի անձանց շրջանում։
«Օմիկրոնը» կարող է բարձրացնել կրկնավարակի վտանգը։ Ըստ այդմ, պատվաստանյութերը շարունակում են արդյունավետորեն պաշտպանել հիվանդության ծանր ընթացքից և մահվան դեպքերից:
Պայմանավորված այն հանգամանքով, որ «Օմիկրոն» տարբերակը ճանաչվել է մտահոգիչ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին մի շարք միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում' ուժեղացնել վերահսկողությունը և ակտիվացնել գենոմային սեկվենավորման գործընթացը:
Երկրները պետք է շարունակեն արդյունավետ հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել COVID-19-ի հարուցչի շրջանառության ընդհանուր մասշտաբները կրճատելու ուղղությամբ՝ առաջնորդվելով գոյություն ունեցող ռիսկերի վերլուծությամբ և գիտական մոտեցմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է ապահովել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի համահավասար հասանելիություն բոլորի համար՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին:
Մեկնաբանել