HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի փոխնախագահը խոստովանում է՝ թուրքական հետախուզությունն ակտիվ մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմին

Թուրքիայի փոխվարչապետ Ֆուաթ Օքթայը ասել է, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (Milli İstihbarat Teşkilatı, MİT) ակտիվ դերակատարում է ունեցել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ՝ օգնելով «ձևավորել ուժերի հավասարակշռություն»։ Այդ մասին հայտնում է Nordic Monitor-ը։ 

Նոյեմբերի 26-ին Թուրքիայի մեջլիսի պլանավորման և բյուջետային հանձնաժողովում Ֆուաթ Օքթայը ներկայացրել է Թուրքիայի նախագահին առընթեր պետական մարմինների տարեկան գործունեությունը։ Ընդգծելով, որ Ազգային հետախուզական ծառայությունը հանդիսանում է Թուրքիայի հպարտությունը՝ Օքթայը պատգամավորներին ասել է, որ կազմակերպությունն արտերկրում իր գործունեությամբ մեծ ծառայություն է մատուցել Թուրքիային։

«Մի շարք տարածաշրջաններում, ինչպես օրինակ` Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում և Աֆղանստանում, կազմակերպությունը կարևոր աշխատանք է կատարել, որը պաշտպանում է մեր ազգային շահերը և հավասարակշռություն է ձևավորում հօգուտ մեր երկրի՝ մեր պետական քաղաքականությանը համապատասխան։ Մենք ոչ միայն մեր երկրի պատմության ամենահաջող հակահաբեկչական գործողություններն ենք արել մեր սահմանների մոտ և դրանից դուրս, այլև հասել բազմաթիվ հաջողությունների, սկսած Ղարաբաղի 30-ամյա բռնազավթման ավարտից մինչև խռովարարների դեմ Լիբիայում լեգիտիմության համար պայքարը»,- նշել է Թուրքիայի փոխնախագահը։ Վերջինս հավելել է, որ իրենք զարգանում են և ցույց տալիս իրենց ձեռքբերումները։

Nordic Monitor-ը գրում է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, սակայն պաշտոնապես որևէ հայտարարություն չէր արվել 44-օրյա պատերազմում թուրքական հետախուզության ներգրավվածության մասով։ Ընդհակառակը, անընդհատ հերքվում էր MIT-ի մասնակցությունը պատերազմին կամ, որ նրանք Սիրիայի թուրքական վերահսկողության տակ գտնվող ջիհադիստ մարտիկներին տեղափոխում էին Լեռնային Ղարաբաղ։

Դեռ պատերազմի օրերին Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները, մասնավորապես «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի, «Ֆիրքաթ ալ-Համզա»-ի, «Սուլթան Մուրադ»-ի, ինչպես նաև քրդական ծայրահեղական խմբավորումները, ակտիվորեն ներգրավվում են հակամարտության գոտում: Նա շեշտել էր, որ խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար վաստակել ղարաբաղյան նոր պատերազմում: Նարիշկինը նաև հայտարարել էր, որ իրենք «գիտեն թուրքական հետախուզության աշխատանքը և տեսնում են այդ աշխատանքի կոնկրետ տարրեր»։

Հայաստանը շարունակում է պնդել, որ Սիրիայից և Լիբիայից հակամարտության գոտի բերված վարձկանների տեղափոխումը կազմակերպել է թուրքական հետախուզությունը։ Nordic Monitor-ի տվյալներով՝ սփյուռքի հայկական կազմակերպությունները շարունակում են ուսումնասիրել, թե MİT-ի որ գործակալներն են ներգրավված եղել այդ գործընթացին։

2022 թվականի տարեկան բյուջեով MİT-ի գործունեության համար առանձնացվել է 3,5 միլիարդ թուրքական լիրա։ Nordic Monitor-ը ավելի վաղ հայտնել էր, 2020 թվականին գաղտնի գործողությունների համար MİT-ն ծախսել է մոտ կես միլիարդ թուրքական լիրա։

Լուսանկարը՝ DHA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter