HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Ճարտարի բնակչի սպանության դեպքի առթիվ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել

Ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքիի 65-ամյա բնակիչ Սեյրան Սարգսյանի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։ Այս մասի նշված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի դեկտեմբերի 4-ի տեղեկագրում, որը հրապարակվել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում։

«Դեկտեմբերի 3-ին հրադադարի ռեժիմի խախտման դեպք է արձանագրվել Մարտունու շրջանում։ Միջադեպի ընթացքում ադրբեջանական պահակային դիրքում մահացել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ռուսական խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Ֆիզուլու կայազորի զինվորական դատախազության ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում՝ ադրբեջանական կողմը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել»,- ասվում է խաղաղապահ զորախմբի տեղեկագրում։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ նույն օրը 13։00-ի սահմաններում Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956 թվականին ծնված բնակիչ Ս․Ս․-ն մոլորվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել է արգելանքի։ ԱԱԾ-ն նշել էր նաև, որ ռուսական կողմի միջնորդությամբ բանակցություններ են տարվում Ճարտարի բնակչին վերադարձնելու ուղղությամբ։

Դրանից քիչ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց դեպքի մասին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ մարտական դիրքում հերթապահող ադրբեջանցի զինծառայողը հարձակման է ենթարկվել հայկական ծագմամբ մարդու կողմից, որն իբրև թե փորձել է զինծառայողի ձեռքից խլել նրա զենքը, իսկ ադրբեջանցի զինծառայողը նախ օդ է կրակել, ապա իբր ինքնապաշտպանության նպատակով չեզոքացրել հարձակվողին։ 

Ավելի ուշ, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին։ 

Դեկտեմբերի 4-ին Արցախի դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ դեպքի առթիվ Արցախի Հանրապետության ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Բացի այդ, դատախազություն փոխանցմամբ՝ Արցախի և ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ Ճարտարի բնակիչ Սեյրան Սարգսյանին սպանել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն:

Ըստ Արցախի դատախազության՝ հայկական կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող «Ղուրուսու» կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները: Տեսանյութը և մյուս ապացույցները հայկական կողմը առաջիկայում կտրամադրի նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար:

Դեկտեմբերի 4-ի երեկոյան էլ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդեց, որ Ճարտար համայնքի 65-ամյա բնակիչ Սեյրան Սարգսյանի դին ադրբեջանական կողմն այսօր Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում փոխանցել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter