HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Առաջարկվում է սահմանել դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջներ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման  կարգը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագիծ։ Այն ներառում է հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջներ սահմանելու հարցը։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ գործող իրավակարգավորմամբ սահմանված չեն հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջները։ 

Իսկ առաջարկվող պահանջները հետևյալն են․

1) դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին և ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությունը,

2) դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,

3) դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,

4) դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի մոտ դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

5) դասագրքի շարադրանքի լեզուն պետք է համապատասխանի տվյալ տարիքային խմբի լեզվամտածողության առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով հնարավորինս պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ,

6) դասագրքում պետք է օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով կրկնություններից,

7) դասագրքի կառուցվածքը պետք է համապատասխանի ներքոգրյալ մեթոդական պահանջներին․գլուխների և պարբերությունների դասավորում, ներքին ամբողջականություն, հստակություն, տրամաբանական հաջորդականություն, եզրակացությունների հակիրճություն, պարզություն, ներկայացման արտահայտչություն ու պատկերացումների, նկարազարդումների, ճշգրիտ և բազմազան հարցերի, պայմանների ու առաջադրանքների այնպիսի կառուցվածք, որը սովորողներից պահանջում է կատարել մտավոր գործողություններ, նշումներ, ուրվագծեր, գծանկարներ, հաշվարկներ, գործնական աշխատանք, փորձեր և այլն: 

Միևնուն ժամանակ նշվում է, որ դասագրքի էջերը չպետք է գերազանցեն՝

1) 176 էջը (11 մամուլ)՝ տարրական և միջին դասարաններում՝ հումանիտար և հասարակագիտական բնագավառների համար,

2) 144 էջը (9 մամուլ)՝ տարրական և միջին դասարաններում՝ բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառի համար,

3) 192 էջը (12 մամուլ)՝ ավագ դասարաններում՝ հումանիտար և հասարակագիտական բնագավառների համար,

4) 160 էջը (10 մամուլ)՝ ավագ դասարաններում՝ բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառի համար։

Նախագծով սահմանվում է, որ դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։ Թղթային դասագիրքը ունենում է իր թվայնացված տարբերակը, որը ձեռք է բերվում դասագրքի հետ միաժամանակ։ Իսկ հիբրիդ դասագիրքը թղթային դասագիրքն է, որի մեջ ներառված է թվային բովանդակություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter