HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գավառի 19/5 ընտրատեղամասում քաղաքացին չի կարողանում քվեարկել. մարզպետարանն ու անձնագրայինը տարբեր բաներ են ասում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Վիկտորյա Կարապետյանը վաղ առավոտյան ընտրատեղամաս է այցելել՝ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին, սակայն արդեն ավելի քան 1.5 ժամ է (ընտրատեղամաս է եկել ժամը 9:00-ի սահմաններում), ինչ քաղաքացին չի կարողանում ընտրել։ Ստիպված եղավ երկու անգամ ընտրատեղամասից Գավառի անձնագրային բաժանմունք գնալ-գալ։ Քաղաքացու անձնագիրը նոր է, տրվել է նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, ընտրողների էլեկտրոնային համակարգում նրա անունը չի ամրագրվել, կտրոն տրամադրող սարքն էլ չի «ճանաչում» Վիկտորյային։ Մարզպետարանում այլ բան են ասում, անձնագրային բաժանմունքում՝ այլ։

«Ինձ տեղեկանք են տրամադրել ու անձնագիրս, որ կարող եմ մասնակցել, հիմա էլ ասում են գնա 9-րդ ձև բեր։ Բայց անձնագրայինից էլ ասում են, որ անձնագիրը հենց 9-րդ ձև է։ Հիմա չեմ կարողանում քվեարկել»,- ասում է Վիկտորյա Կարապետյանը։

Հանձնաժողովի նախագահը այս հարցով զանգել է Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը հորդորել է քաղաքացուն գնալ անձնագրային բաժանմունք և ստանալ «9-րդ ձև» կոչվող փաստաթուղթը։ Սակայն, Գավառի անձնագրերի և հրավերների բաժնի պետ Սերգեյ Լազյանը քաղաքացուն հրաժարվել է տալ թուղթը՝ նշելով, որ իրավունք չունի այն տալ, քանի որ քաղաքացուն արդեն իսկ տրվել է անձնագիր։

«Քաղաքացին անձնագիրը ստացել է երեկ, գրանցամատյանում կա նրա անունը որպես ընտրող, սակայն սարքի մեջ ներբեռնված չկա։ Հիմա, քանի որ սարքի մեջ չկա, նրան ընտրություն կատարելու կտրոն չի տրամադրվում։ Ունի տեղեկանք, որ կարող է մասնակցել, բայց սարքը նրա անունը չի ճանաչում»,- մեզ հետ զրույցում ասաց Գավառի 19/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Անժելան Բադոյանը։

Ըստ նրա՝ իրենց տվել են նաև համարակալված կտրոններ, և եթե սարքը կտրոնը չի տպում, իրենք այդ համարակալված կտրոնը պետք է օգտագործեն, թույլ տան, որ քաղաքացին քվեարկի։ Սակայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից առայժմ չեն թույլատրում այդ եղանակով քաղաքացուն թույլ տալ ընտրել։

Վիկտորյա Կարապետյանը ստիպված անձամբ զանգահարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից խոստացան խնդիրը լուծել։

Միջադեպին փորձեց միջամտել նաև «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի վստահված անձ Կարինե Մանուկյանը, սակայն ապարդյուն։

Քաղաքացին դեռ սպասում է ընտրատեղամասում։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Գավառի ՏԻՄ ընտրություններին ընտրապայքարին մասնակցում են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում և որպես համայնքապետի թեկնածու է առաջադրվել ԱԺ պատգամավոր, նշված կուսակցության անդամ  Նարեկ Գրիգորյանը:  

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի ներկա համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Իսկ մյուս քաղաքական ուժի՝ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն Լավրիկ Արևշատյան է: Վերջինս 2005 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է: 

 
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter