HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներկա ու նախկին ղեկավարներ, քաղաքական թիմի ներկայացուցիչներ և պատգամավոր. Գեղարքունիքի համայնքապետերի թեկնածուները

Ներկա ու նախկին համայնքապետեր, պատգամավոր, քաղաքական կուսակցությունների հայտնի և ոչ հայտնի դեմքեր այս տարվա դեկտեմբերի 5-ին կպայքարեն Գեղարքունիքի մարզի խոշորացված չորս համայնքի ղեկավարների աթոռները զբաղեցնելու, իսկ նրանց համակիրները՝ ավագանու անդամ դառնալու համար։

Մարզի Գավառ, Մարտունի, Սևան և Վարդենիս համայնքներում սպասվող համայնքապետերի և համայնքի ավագանու ընտրություններին առաջադրվել է 13 քաղաքական ուժ՝ 7 կուսակցություն և 6 կուսակցությունների դաշինք։

Ընտրությունները անցկացվելու են համամասնական ընտրակարգով։ Համայնքներում ամենաշատ քվե ստացած քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն կդառնա համայնքապետ: Ընտրություններին կմասնակցեն նաև խոշորացման ծրագրով նշված չորս համայնքին միացած (միացող) համայնքները։

Գավառում, Սևանում և Վարդենիսում 3-ական քաղաքական ուժ կմասնակցի ընտրապայքարին, Մարտունիում՝ 6:

Գավառում կպայքարեն նորատուսցի պատգամավորը, ներկա համայնքապետն ու Սոցապի նախկին պետը

Գավառում ընտրապայքարին կմասնակցեն «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում և որպես համայնքապետի թեկնածու է առաջադրվել ԱԺ պատգամավոր, նշված կուսակցության անդամ Նարեկ Գրիգորյանը: Նարեկ Գրիգորյանը ծնունդով Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղից է: 2018-2020թթ. եղել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի տեղակալը: 

«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը կգլխավորի Գավառի ներկա համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2005 թվականից: Գուրգեն Մարտիրոսյանը անկուսակցական է:

Իսկ մյուս քաղաքական ուժի՝ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն Լավրիկ Արևշատյան է: Վերջինս 2005 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է: Լավրիկ Արևշատյանը Գավառից է։ 2018 թվականի սկզբից մինչև 2021 թվականի սկիզբը եղել Գավառի Սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը: Նա ՀՅԴ ցուցակից պատգամավորի թեկնածու է առաջադրվել է 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին։ Ներկայում որևէ պաշտոն չի զբաղեցնում։

Մեզ հետ զրույցում Լավրիկ Արևշատյանը տեղեկացրեց, որ «Մեր համայնքը» դաշինքը բաղկացած է «Համերաշխություն» և «ՀՅԴ» կուսակցություններից։

Վարդենիսում առաջադրվել են ներկա ու նախկին համայնքապետերն ու Տորֆավան համայնքի ղեկավարը

Վարդենիս համայնքում կպայքարեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արամ Մելքոնյանն է՝ համայնքի ներկա ղեկավարը: Համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2019 թվականից:

«Ահարոն Խաչատրյան» դաշինքի առաջին համարը և համայնքապետի թեկնածուն Ահարոն Խաչատրյանն է: Նա ներկայում Գեղարքունիքի մարզի Տորֆավան համայնքի ղեկավարն է։ Դաշինքը բաղկացած է «Դեմոկրատական այլընտրանք» և «Համերաշխություն» կուսակցություններից: Դեմոկրատական կուսակցության քաղաքական խորհրդի նախագահը քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է։

Վարդենիսում պայքարող մյուս քաղաքական ուժը «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքն է։ Դաշինքի ցուցակը գլխավորում է Վարդենիսի նախկին քաղաքապետ Արամ Հարությունյանը։ Նա համայնքը ղեկավարել է 2017 թվականի նոյեմբերից մինչև 2018-ի դեկտեմբերը։ 

Մարտունի համայնքի ներկա ղեկավարը չի առաջադրվել

Այս ընտրություններին Գեղարքունիքի մարզում ամենաշատ քաղաքական ուժերը ներկայացված են Մարտունի համայնքում, որտեղ ընտրապայքարին կմասնակցեն «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հայաստանի կոմունիստական», «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան» կուսակցությունները և «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքը:

Հատկանշական է, որ Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներից միայն Մարտունի համայնքի ներկա ղեկավարը չի առաջադրվել այս ընտրություններին։ Մարտունի համայնքի ղեկավարը Արմեն Ավետիսյանն է, որն այդ պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից:

Մյուս համայնքների՝ Գավառի, Վարդենիսի ու Սևանի համայնքապետերը ցանկանում են վերընտրվել իրենց պաշտոններում։

Մարտունիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը կգլխավորի Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը: Նա համայնքապետի պաշտոնը ստանձնել է 2005 թվականից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն Նաղաշ Հակոբյանն է: Նա Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից է։ Ատամնաբույժ է։ Գեղհովիտի ղեկավար Վարդան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Նաղաշ Հակոբյանը մինչև այս տարվա հոկտեմբերի սկիզբը մոտ չորս տարի համայնքի ավագանու անդամ է եղել։ Նաղաշ Հակոբյանը նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուների ցանկում է եղել:

«Հայաստանի կոմունիստական» կուսակցության թեկնածուն Ռադիկ Հարությունյանն է: Նա կուսակցության Մարտունու շրջանային կազմակերպության առաջին քարտուղարն է: Ժամանակին Մարտունի համայնքի փոխքաղաքապետ է եղել։

Մարտունու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Արամ Մանուկյանը: Նա 2016 թվականից շուրջ հինգ տարի Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի ավագանու անդամ է եղել։ Մասնագիտությամբ տնտեսագետ է։ Ներկայում շինարարական ընկերության տնօրեն է։ Հիշեցնենք՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը հիմնադրել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը և նախկին նախարար ու պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Արդար Հայաստան» կուսակցության թեկնածուն Արարատ Խաչատրյանն է: Նշված կուսակցությունը մասնակցում էր նաև 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին, և ցուցակը գլխավորում էր փաստաբան Նորայր Նորիկյանը:

Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնի համար թեկնածություն է ներկայացրել նաև «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը ներկայացնող Սեդրակ Սահակյանը։ Նա 2000-2010 թվականներին Մարտունու բժշկական կենտրոնի («Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ) տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։ Ներկայում աշխատում է Մարտունու ծննդատանը որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։

Մեզ հետ զրույցում Սեդրակ Սահակյանը հրաժարվեց նշել, թե «Ալաշկերտ» կուսակցությունների դաշինքում որ կուսակցություններն են ընդգրկված։ Ասաց՝ նախընտրական գաղտնիք է։

Սևանում առաջադրվել են ներկա համայնքապետը, ավագանու անդամն ու Դաշնակցության թեկնածուն

Սևանում իր թեկնածուին առաջադրել է 3 քաղաքական ուժեր՝ «Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հանրապետություն» կուսակցությունները:

«Սարգիս Մուրադյան» կուսակցությունների դաշինքի ցանկը կգլխավորի և որպես համայնքապետի թեկնածու հանդես կգա համայնքի ներկա ղեկավար Սարգիս Մուրադյանը, ով այդ պաշտոնում է 2016 թվականից: Գեղարքունիքի մարզպետարանի կայքում նշված է, որ Սարգիս Մուրադյանը ՀՀԿ անդամ է: Այս անգամ նրա թեկնածությունը պաշտպանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Սևանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է «Սարգիս Մուրադյան» դաշինքի առաջին համար Սարգիս Մուրադյանի թեկնածությունը»,- հայտարարել է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Հայ Յեղափոխական Դաշնակցության» թեկնածուն Արտակ Վարդանյանն է: Վերջինս ՀՅԴ Գեղարքունիքի մարզային կոմիտեի նախագահն է:

Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ցուցակը կգլխավորի Աշոտ Նադարյանը: Նա ներկայում Սևան համայնքի ավագանու անդամ է։

Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ընտրություններ են կայանալու նաև Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում։

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter