
«Հաղթելու վճռականությամբ ենք գնում». Գավառի համայնքապետի թեկնածու Գուրգեն Մարտիրոսյան
Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, որը նաև դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում Գավառ խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածու է, այսօր 16:30-ի սահմաններում ընտրատեղամաս էր եկել քվեարկելու։
Մարտիրոսյանը հակված չէր լրատվամիջոցների հետ խոսելու։ Հեռանալիս մեր միայն մեկ հարցին անդրադարձավ՝ չընտրվելու դեպքում պատրա՞ստ է ուժերից մեկի հետ կոալիցիա կազմել։ «Ո՞նց կարող եմ պատասխանել մինչև չհասնենք մեր նպատակին։ Մենք հաղթելու վճռականությամբ ենք գնում»,- ասաց նա։
Հիշեցնենք, Գավառի ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր, նշված կուսակցության անդամ Նարեկ Գրիգորյանը:
«Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը գլխավորում է Գավառի գործող համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Իսկ մյուս քաղաքական ուժի՝ «Մեր համայնքը» դաշինքի թեկնածուն Լավրիկ Արևշատյանն է: Վերջինս 2005 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալներով՝ Գավառում դեկտեմբերի 5-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 22.4%-ը։
Մեկնաբանել