HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Կրկնաքվեարկություն Աշնակում․ Թալինում ընտրությանը մասնակցել է 9131 քաղաքացի

Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Աշնակ բնակավայրում կրկնաքվեարկության դեպք է արձանագրվել։ «Հետք»-ի հետ զրույցում թիվ 18 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանն ասաց, որ ընտրախախտման այլ դեպքեր Թալինի ընտրություններում, ժամը 18:00-ի դրությամբ, չեն արձանագրվել։

Խոսելով Աշնակ բնակավայրի կրկնաքվեարկության դեպքից՝ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը նշեց, որ ընտրողը կրկնաքվեարկության միտում չի ունեցել։ Քաղաքացին առաջին քայլը կատարել է՝ տալով անձը հաստատող փաստաթուղթը անձնագրերը ստուգող աշխատակիցներին։ Նույնականացումից հետո ընտրողն առաջացել է և անձնագիրը տվել անձնագիրը ստուգող մյուս աշխատակցին։ Այդ ժամանակ էլ սարքն արձանագրել է, որ ընտրողը 2-րդ անգամ է ներկայացել քվերկության այն դեպքում, երբ նա դեռ ընտրություն չէր կատարել։ Ընտրատեղամասային հանձնաժողովում արձանագրություն է կազմվել, որը փոխանցվել է ոստիկանությանը դեպքն ուսումնասիրելու համար։

Թիվ 18 ընտրատարածքայինհանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ 17:00-ի դրությամբ Թալին խոշորացված համայնքի 19 հազար 727 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 9 հազար 131-ը։ Դա կազմում է ընտրողների 46.29%-ը։ 

«Ընտրությունների ընթացքը նորմալ է։ Կարծում եմ՝ մինչև 20:00-ն նախորդ ընտրությունների պատկերը կգրանցվի ընտրություններին մասնակցության տեսանկյունից»,- ասաց Հովհաննես Ասատրյանը։

Թալինում ավագանու թեկնածուն շրջում է ընտրատեղամասում

«Հետք»-ի թղթակիցն այսօր եղել է նաև Թալին խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Ներքին Բազմաբերդ, Թաթուլ, Հացաշեն և Ցամաքասար գյուղերում, որտեղ ընտրախախտման դեպքեր չեն արձանագրվել։ Ի տարբերություն Թալին քաղաքի, նշված գյուղերում ընտրություններին մասնակցության մեծ ակտիվություն չէր նկատվում։

Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրությանը մասնակցում է 4 քաղաքական ուժ։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք», «Հայք» կուսակցությունները և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը։

«Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական Տավրոս Սափեյանը։ «Զարթոնք» կուսակցության ցուցակը գլխավորում է 2002-2012 թթ.-ին Թալին համայնքը ղեկավարած, ապա ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը։ «Հայք» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է մարզիչ-մանկավարժ Կարեն Գրիգորյանը։ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը անկուսակցական Տիգրան Հարությունյանն է։ Դաշինքի թեկնածուների ցանկում գերակշռում են ՀՅԴ-ականները։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter