HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել, քանի որ դեմ են խոշորացմանը

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում այսօր բնակիչներից և ոչ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին։ Այս մասին վկայում են ՏԻՄ ընտրությունների քվեարկության մասնակիցների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։

Screenshot_1.jpg (36 KB)

Հասկանալու համար, թե ինչով է պայմանավորված ընտրողների այս միասնական որոշումը, կապվեցինք Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Գևորգյանի հետ։ Նա նշեց, որ ընտրություններին չմասնակցելու պատճառը համայնքների խոշորացումն է։

Նշենք, որ խոշորացման գործընթացի շրջանակում Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը պետք է ընդգրկվեն Սևան խոշորացված համայնքի կազմում։ 

Վահրամ Գևորգյանը նշեց, որ այս ձևաչափով խոշորացում ծովագյուղցիները չեն ցանկանում և իրենց բողոքը արտահայտել են ընտրություններին չմասնակցելով։ 

«Խորհրդարանական լսումների ժամանակ ես հիմնավորված, փաստերով ներկայացրել եմ, թե ինչու է խոշորացումը սխալ։ Ծովագյուղ համայնքում միայն 2021 թվականին էնքան աշխատանք է կատարվել, որ Գեղարքունիքի մարզի ոչ մի քաղաքում կամ մեծ գյուղում չի արվել։ Եթե համեմատես բոլոր գյուղերում ու բոլոր քաղաքներում կատարված աշխատանքը, կտեսնես, որ Ծովագյուղը ամենաառաջինն է»,- նշեց Վահրամ Գևորգյանը։

Ծովագյուղի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ խոշորացումը կատարվում է նրա համար, որպեսզի համայնքը զարգանա, սակայն այս պահին, ըստ Գևորգյանի՝ Ծովագյուղը զարգանում է, իսկ մյուս համայնքները իրենց հավասար չեն զարգանում։ Վահրամ Գևորգյանը վստահ է, որ Սևանին միավորվելը խոչընդոտելու է Ծովագյուղի զարգացմանը։

Նույն պատճառով ընտրություններին չեն մասնակցել նաև Սեմյոնովկա համայնքի բնակիչները։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մնացականյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ գյուղացիները հիասթափված են և որոշել են ընտրություններին չմասնակցել, դա իրենց կամքն է։

«Հիասթափության պատճառը խոշորացումն է»,- շեշտում է Դավիթ Մնացականյանը՝ հավելելով, որ եթե Սեմյոնովկան պետք է ընգրկվեր խոշորացման գործընթացում, ապա գյուղացիները ցանկանում էին, որ համայնքը միավորվեր Ծովագյուղի հետ, Սևանին միավորվել չեն ցանկանում։ Հարցին, թե ինչու չեն ցանկանում միավորվել Սևանին, Դավիթ Մնացականյանն ասաց, որ դա բնակիչների ցանկությունն է, և ինքը մեկնաբանել չի կարող։

Հավելենք, որ Ծովագյուղ համայնքում ընտրելու իրավունք ունի 2927 քաղաքացի, իսկ Սեմյոնովկայում՝ 195։ 17։00-ի դրությամբ այդ երկու գյուղի բնակիչներից և ոչ մեկը քվեարկությանը չի մասնակցել։

Սևան խոշորացված համայնքում ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Հանրապետություն» կուսակցություններն ու «Սարգիս Մուրադյան» դաշինքը։

Լուսանկարում՝ Ծովագյուղը / © Վիքիմեդիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter